Լրահոս
Օրվա լրահոսը

2024-ին արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, Երևանում էլ սպանության դեպքերը նվազել են, թմրամիջոցների մաքսանենգությունները աճել են․ Աննա Վարդապետյան

Ապրիլ 25,2025 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։ Նվազում է արձանագրվել 265 դեպքով։ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։

Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36,4 տոկոսը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63,6 տոկոսը՝ հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7 տոկոսը եղել են զինվորական, 616-ը կամ 46,3 տոկոսը՝ այլ հանցագործություններ։

«2024 թվականի ընթացքում ԶՈւ-ում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք: Հիշեցնեմ, որ 2023 թվականին թիվը կրկնապատիկ էր՝ 54»,- ասաց Աննա Վարդապետյանը։

2024 թվականին 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 89.5%-ով մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11.9% սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները:

«111.4%-ով աճել են թմրամիջոցների մաքսանենգությունները, 9.9% խարդախությունները, 25.1% համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպք, 2023 թվականին՝ 7138, աճը կազմում է 3%: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40.9%-ը արձանագրվել է Երևան քաղաքում, 4346-ը կամ 59.1%-ը՝ մարզերում։ 2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ 8-ով կամ 14։5%-ով։ Հիշեցնեմ՝ 2023 թվականին 55 դեպքեր, 2024 թվականին՝ 63 դեպք։ Երևանում, սակայն սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով։ Սպանության փորձի դեպքերը 2023 թվականի համեմատ նվազել են 4-ով կամ 6.2%-ով, 2023 թվականին 65 դեպք ունեինք, 2024 թվականին 61-ը։ Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են երկուսով, 2023 թվականին չորս դեպքեր, 2024 թվականին երկուսը»,-ասաց Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ 2024 թվականին 2023-ի համեմատությամբ արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով։ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով։

2024 թվականին, ըստ դատախազության տեղեկանքի, նվազում է արձանագրվել ավազակության յոթով կամ 9.2%-ով, կողոպուտի 22-ով կամ 14.9%-ով, գողության 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության 58 կամ 14.1% դեպքերով։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930