«Եթե ժողովուրդը հանդուրժի՝ այս իշխանությունները մեզ կտանեն իսպառ կործանման։ Իրենք փորձում ենք իրականացնել այն, ինչ հայտնի գրքում գրված էր․ փորձում են ժողովրդից մանկուրտ սարքել։ Սակայն համոզված եմ, որ դա իրենց չի հաջողվելու»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ճեպազրույցում ի պատասխան հարցի՝ ո՞ւր է տանում այս իշխանությունների ժխտողական քաղաքականությունը, այսպես պատասխանեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։
Ըստ նրա՝ այն զարգացումները, որ այսօր կան ՀՀ-ում, վկայում են, որ համբերության բաժակը լցված է․ «Կարծում եմ՝ ժողովուրդն առաջիկայում իր մեջ ուժ կգտնի և դուրս կվռնդի այս թուրք-ադրբեջանական գործակալներին։ Բավական է հիշել, թե 10 տարի առաջ ովքեր էին եկել ՀՀ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հիմա ինչ վիճակ է։ Նույնիսկ իշխանությունը որևէ սգո միջոցառում չկազմակերպեց։ Արտերկրից ավելի շատ ցավակցական ուղերձներ մենք լսեցինք պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից, քան Հայաստանում։ Մի նպատակ ունեն՝ ջնջել մեր հիշողությունը, որ դրանով կարողանան իրականացնել իրենց նենգ մտադրությունը, սակայն դա անհնար է։ Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության մեջ ավելի նենգ ու վտանգավոր թշնամիներ է ունեցել, բոլորին էլ հաղթել է․ սրանց էլ կհաղթի»։
Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելն անպատասխանատու քայլ համարելը Գագիկ Մինասյանն այսպես մեկնաբանեց․ «Անպատասխանատվությունից է խոսում մեկը, որն անպատասխանատու ձևով ոտնահարեց բոլոր սրբությունները, անպատասխանատու ձևով ասում էր՝ ես մի լճի համար պատերազմ չեմ սկսելու, հո ես չե՞մ սկսելու պատերազմ մի սարի համար, որը տարվա կեսից ավելին ձյան մեջ է։ Այդ մարդն իրավունք ունի՞ պատասխանատվության մասին խոսել, իհարկե՝ ոչ։ Ընդհանրապես ամեն մարդու ամեն խոսքին չի կարելի ուշադրություն դարձնել։ Մեր պետությունը, մեր ազգը, մեր ժողովուրդն ուրիշ շատ ավելի նենգ ղեկավարներ է ունեցել, բայց դրանց բոլորին ուղարկել է պատմության աղբանոցը։ Շուտով ինքն էլ կգնա, իր արժանի տեղը կգտնի պատմության աղբանոցում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ