2016-ի հունիսի 2-ից ի վեր Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող որեւէ ձեռնարկ չի նախաձեռնել ԳԴՀ Բունդեսթագը, չի նկատել իր երկրում բնակվող ԳԴՀ քաղաքացիություն ունեցող հայերին դիմելու, անմեղ զոհերին հիշատակելու, վերապրողների ժառանգների ցավը մեղմելու պարտավորություն: ԳԴՀ-ում բնակվող հայերի թվի մասին (ոչ պաշտոնական) նշվում է, թե 80-ից 100 հազար են, նրանց քվեն փոքրաթիվ է, կարեւոր չէ՞:
ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի կայքում էլ լռություն է, թեեւ դժվար չէր տեղադրել մարտի 31-ին Ծիծեռնակաբերդ այցից գոնե մեկ լուսանկար՝ կից հակիրճ հիշատակմամբ:
Ընտրություններից հետո դաշնային կառավարությունը դեռ չի կազմվել, սակայն մի՞թե դա արտոնում է քաղաքական գործիչներին նաեւ իրենց՝ 20-րդ դարասկզբի անփառունակ պատմությունն ուրանալու, հիշողության կամավոր կորստի բարոյազուրկ ճանապարհն ընտրել:
Մեր պետությունն այսքան անտեսված եւ միայնակ երբեք չի եղել
Կարդացեք նաև
Երեկ ժամը 12.31-ին Բեռլինում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը X-ի իր էջում տեղադրեց մի լուսանկար եւ կից հետեւյալ գրությունը՝ «Այսօր Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցը հիշատակելով Բեռլինի սուրբ Հեդվիգի տաճարին հարակից խաչքարին ծաղկեպսակ զետեղվեց»: Լուսանկարից երեւում է, որ Հայաստանի Թալինի շրջանում ծնված՝ արեւմտահայի ժառանգ ՀՀ դեսպանը, որ խաչքարի առջեւ գլուխը խոնարհել է, մենակ է: Նրանից մի քանի քայլ հետ կանգնածների մեջ առերեւույթ գերմանացի պաշտոնատարներ չկան:
Ինչպե՞ս, ինչո՞ւ այսքան մենակ, արհամարհված մնացինք…
Դեսպանն իր էջում վերահրապարակել է ՀՀ ԱԳՆ ապրիլ 24-յան հաղորդագրությունը: Մեզ ծանոթ չէ այսօր հրավիրված որեւէ այլ արարողություն կա՞ ԳԴՀ որեւէ քաղաքում, որտեղ կլսվի ՀՀ պաշտոնյայի ելույթը Հայոց ցեղասպանության 110-ամյակի վերաբերյալ: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգի հետ փետրվարի 20-ին առցանց «Ազգի» հարցազրույցում ծանուցվեց, թե 2025-ին ՀՀ վարչապետի՝ հայ համայնքի հետ ցյուրիխյան, ամերիկյան հանդիպումներից հետո Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Առաջնորդարանը 110-ամյակի միջոցառումները որոշել են կազմակերպել առանց ՀՀ դեսպանության: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը եւ Գերմանահայոց առաջնորդարանը սակայն չեն դադարեցնում համագործակցությունը, եւ նախորդ տարիների նման հրավիրում են ՀՀ դեսպանին, դեսպանությանը մասնակցելու Բեռլինում եւ Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում նախատեսված հիշատակի գլխավոր արարողություններին: Ինչպես իրազեկել ենք «Ազգի» նախորդ համարում, ապրիլի 24-ին ժամը 19.15-ին հիշատակի արարողություն է նախատեսված Բեռլինի պատգամավորների պալատում, ապրիլի 26-ին նույն ժամին՝ Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում: Ապրիլի 24-ին նույն ժամին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշահանդես է հրավիրել նաեւ Բադեն Վյուրթեմբերգի հայ առաքելական համայնքը Շտուտգարդում՝ Գյումրիի կամերային նվագախմբի մասնակցությամբ: Գլխավոր բանախոսը Ռուր համալսարանի պրոֆեսոր Քրիստին Պլատն է: Ապրիլի 24-ին ժամը 19.15-ին հուշահանդես կար նաեւ Քյոլնի առաջնորդանիստ սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ եկեղեցում, գլխավոր բանախոսը՝ Հյուսիս Հռենոս Վեսթֆալիա երկրամասային խորհրդարանի՝ Լանդթագի փոխնախագահ Բերիվան Այմազը: Մյունխենում, Հալեում, Բրեմենում նույնպես հիշատակի միջոցառումների օր էր սահմանված ապրիլի 24-ը:
ԳԿԽ ատենապետ Շպանգենբերգը երեկ ի պատասխան մեր հարցման ծանուցեց, թե հրավերն ուղարկվել է, սակայն Բեռլինի հուշահանդեսին նախապես իրենց ներկայությունն ամրագրածների թվում չի նկատել ՀՀ դեսպանի, դեսպանության աշխատակիցների անունները: Պատգամավորների պալատում հուշահանդեսի բանախոսն է ԳԴՀ ճանաչված քաղաքական գործիչ Ջեմ Էոզդեմիրը, որի վերջին պաշտոնը ԳԴՀ կրթության նախարարն է, իսկ մայիսին կազմվելիք կառավարությունում հավանաբար չի ընդգրկվի, քանի որ հավակնում է դառնալ Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի վարչապետ: Բեռլինում իրենց մասնակցությունն են հաստատել պետքարտուղար Ֆլորիան Հաուերը, հրապարակախոս Հենրիկ Մ. Բրոդերը, այլք:
Հոդվածը գրելու պահին մեզ համակել էր մի տխուր զգացողություն՝ Հայոց ցեղասպանության ծանր հարվածը բավարար չէ՞ր սթափվելու, աշխարհին ցույց տալու, որ Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող հիշատակի որեւէ արարողություն չի բաժանելու հայաստանահային, պետական գործչին եւ սփյուռքահային: Բոլորիս պարտավորությունը մեկ է՝ հիշել եւ պահանջել: Հայաստանը բոլոր հայերի իրավունքների պաշտպանն է, նաեւ նրանց, որ իր քաղաքացիները չեն, եւ հակահայկական ատելության զոհ են:
Լուսանկարում՝ 2015 թվականի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում նախագահ Գաուքն արտասանեց՝ «ցեղասպանություն էր», այնուհետ հանրությունը շարժվեց Բրանդենբուրգյան դարպասների առջեւ ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությամբ հիշատակելու Աղետի 100 ամյակը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում