Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւանվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի հետ
– Վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերն ինտենսիվ կրակում են ՀՀ սահմաններին, իշխանությունն ասում է՝ այդ կրակոցներն անհասցե են, թիրախավորված չեն, ի՞նչ է սա նշանակում։ Հիմա ի՞նչ իրավիճակ է, կա՞ կրակ։
– Ադրբեջանցիները կրակում են հիմնականում Տեղ խոշորացված համայնքի մի քանի գյուղերի ուղղությամբ՝ Խոզնավար, Խնածախ։ Ոչ թե գյուղերի ուղղությամբ, այլ հիմնականում անկանոն են, սակայն միջադեպեր ունենք, որ գնդակները հասել են գյուղ, վնասել են տանիք, դրա վրա տեղադրված ջրատաքացուցիչ։ Դեպքը տեղի է ունեցել Խոզնավար գյուղում։ Կրակոցներն անհասցե են, ուղղված են երկինք, երեւի։ Ձեր հարցին՝ ի՞նչ նպատակ ունի։ Կա՛մ Ադրբեջանի այդ հատվածի զինված ուժերի կարգապահական վիճակը շատ վատ է, կա՛մ կոնկրետ կրակելու հրահանգ են ստանում, կա՛մ էլ՝ այդ երկուսը միասին։ Ես ավելի հակված եմ կարծել, որ հրահանգ կա, նպատակ ունեն ահաբեկել հայ բնակչությանը, լարվածության մեջ պահել, Հայաստանում օրակարգ ձեւավորել։
– Ինչո՞վ է պայմանավորված, որ հենց Սյունիքում են կրակում։
Կարդացեք նաև
– Որտեղ Ադրբեջանի զինված ուժերն են, խնդրահարույց է, այն հատվածներում, որտեղ սահմանապահներն են, խնդիր չենք ունենում։ Մինչեւ զորքը հետ չտարվի, սահմանազատում չարվի, խնդիրներ լինելու են։ Բայց պետք է նաեւ ասեմ, որ Ադրբեջանը չի կարող ահաբեկել Տեղ համայնքի բնակչությանը, սխալ հաշվարկ են արել։ Ամեն դեպքում, մինչեւ զորքերը սահմանից դուրս չգան, մենք միշտ խնդիրներ ենք ունենալու։
– Իսկ այդ պայմանագիրը կնքելուց հետո կա՞ երաշխիք, որ ադրբեջանական կողմը չի կրակի։
– Եթե խաղաղության պայմանագիրը կնքվում է, հաջորդ քայլով ավելի է արագանում սահմանազատման գործընթացը, որի ավարտից հետո ոչ թե տանկերն ու հրետանին են սահմանին կանգնում, այլ՝ սահմանապահները, դրվում են տեսախցիկներ, ինչպես Կիրանցում։ Այս պայմաններում բացառվում է սահմանային անվտանգության այդպիսի վիճակ, խնդիրներ չեն առաջանա։ Հնարավոր է միջադեպեր լինեն, բայց դրանք ահաբեկիչ գործողություններ չեն լինի։ Կարեւորը՝ սահմանին զորք չլինի, լինեն սահմանապահներ։
– Գերիների վերադարձի հարցը որեւէ փաստաթղթում ամրագրվա՞ծ է, խաղաղության պայմանագրում չկա։
– Խաղաղության պայմանագրի կնքումից հետո, երբ երկու երկրների միջեւ կհաստատվի խաղաղություն, իհարկե, գերիները պիտի հետ վերադարձվեն։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: