Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքաղաքական առկա տխուր իրավիճակն ինքն է թելադրում, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է ստանձնի հայ ազգը առաջնորդելու պատասխանատվությունը

Ապրիլ 25,2025 10:38

Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում օր-օրի վրա տարաբնույթ մարտահրավերներ են ի հայտ գալիս, իսկ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները, միավորվելու փոխարեն, շարունակում են իրար քննադատել։ Հայ Առաքելական Եկեղեցին յուրաքանչյուր պատեհ առիթով ուղերձներ ու հորդորներ հնչեցնելով փորձում է նպաստել մի կողմից հավաքական ընդդիմության միասնությանն ու համերաշխությանը, մյուս կողմից՝ իշխանություններին փափուկ քննադատության ենթարկելով հանդերձ՝ համագործակցության դուռը միշտ բաց է թողնում, ինչը շատ տրամաբանական է, քանի որ Եկեղեցին ունի այն գիտակցումը, որ առկա բազմաթիվ ազգային-եկեղեցական խնդիրները հնարավոր է լուծել միայն իշխանությունների հետ համագործակցելով։

Սակայն, գաղափարական անհամաձայնությունները, իսկ որոշ դեպքերում նաև անձնական հակակրանքները, խլացնում են արդարության ձայնը և արդյունքում ընդդիմադիր դաշտում պառակտվածությունը երկրի անվտանգային սպառնալիքներին զուգահեռ ավելի է խորանում։

Գենադի Մնացականյան

Այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները նույնիսկ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի և Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսության հետ անհաղորդ մնացին, այլևս ակնհայտ է, որ այս իշխանությունների հետ Հայոց Սուրբ Եկեղեցին համագործակցության եզրեր չի ունենա, ինչը նշանակում է, որ իրավաբանական տեսակետից, թեև Հայաստան անունով պետություն, որպես այդպիսին, կա, սակայն որպես հայ ազգային պետություն փաստացի դատապարտված է չգոյության, եթե չասենք, որ այլևս գոյություն չունի։

Կարծում եմ, այսպիսի իրականությունում Հայ Առաքելական Եկեղեցուց հայ ժողովուրդը արդարացիորեն ակնկալում է գործնական քայլեր, այսինքն` խոսքից գործի անցնել, որովհետև փաստացի չկա որևէ քաղաքական ուժ, որն ի վիճակի է փրկել կործանման եզրին հայտնված Հայոց պետականությունը։ Պատմությունից հայտնի է, որ հայ ազգային պետության բացակայության կամ ծայրահեղ վտանգված լինելու պարագայում հայ ազգը ներկայացնող լեգիտիմ կառույցը միշտ եղել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Իմ դիտարկմամբ, ներքաղաքական առկա տխուր իրավիճակն ինքն է թելադրում, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է ստանձնի հայ ազգը առաջնորդելու պատասխանատվությունը։ Ամեն դեպքում, սփյուռքի և Հայաստանի առողջ ազգային ուժերի, ինչպես նաև հայ հասարակության լայն շրջանակների աջակցության դեպքում, կարծում եմ, Հայ Առաքելական Եկեղեցին իրադարձությունների նման զարգացմանը նույնպես պետք է պատրաստ լինի։

Ամփոփելով․ գիտակցելով Հայաստանում առկա քաղաքական ու հասարակական կյանքի ճգնաժամային պայմաններում Եկեղեցի-Պետություն հարաբերությունների կարգավորման կարևորությունն ու միասնաբար մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ ականատես և ականջալուր լինելով ՀՀ գործող իշխանությունների հետևողական ու աննահանջ հակաեկեղեցական կեցվածքին ու ապազգային հայտարարություններին, գալիս եմ այն եզրահանգման, որ հասունացել է այն պահը, երբ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդը, գլխավորությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, հերթական նիստում կարող է իրեն իրավունք վերապահել քննարկելու Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակված ազգային-ազատագրական շարժում նախաձեռնելու և ղեկավարելու նպատակահարմարության ու հնարավորության հարցը, և հարկ եղած դեպքում, ինչպես Վեհափառ Հայրապետը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով իր խոսքում նշեց․ «Արիաբար դիմակայել մեզ բաժին ընկած փորձություններին» և առաջնորդվել «Հավատք, Ազգ ու Հայրենիք» կարգախոսով։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Էլ հիմարություն մնա՞ց, միանգամից շարադրե՛ք, տեսնենք հետո ի՞նչ ենք անելու։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930