Ներքին ուրացողներին, որոնց թվում է, թե իրենք հավերժ են ու երբեւիցե հայ ժողովուրդը ներելու է Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, հերքելու, անգամ ժխտելու միջազգայնորեն պատժելի իրենց հանցանքները: Դա նրանց չի՛ ներվելու՝ ինչպիսի բացատրություններ էլ տան, արդարացման փորձեր անեն: Չե՛ն ներվելու նաեւ հայ ժողովրդի պատմաքաղաքական ու պատմատնտեսական իրավունքները ուրանալու, վաճառելու, Հայկական պետության տարածքներն ու ամբողջ Արցախն ու արցախահայությանը լքելու նրանց դավաճանական արարքները:
Ցեղասպանության 110-ամյա տարելիցի նշումը Հայաստանում, հարեւան որոշ երկրներում, տարբեր մայրցամաքներում, մինչեւ անգամ թուրքական սապոգների տակ տառապող հարավ-արեւելյան Սիրիայում, իսկական ճամփաբաժան է հանդիսանում բոլորիս համար: Այն ճամփաբաժանը, որը դեռ 2018-ին բնորոշել էր մեր ժամանակների մեծ գործիչ, տեսանող ու բարերար, «Ավրորա» համամարդկային շարժման հիմնադիր, արդեն երկու տարուց ի վեր ադրբեջանական զնդաններում տառապող Ռուբեն Վարդանյանը, «Ճամփաբաժանին. Որոշումների ժամանակը» վերնագրով՝ Նունե Ալեքյանի հետ կազմած իր աշխատության մեջ: Տեսիլք ու տեսլական ունեցող մի մարդ, որն իր համահեղինակի հետ ուսումնասիրելով հայության վիճակն ու կարողունակությունը՝ հիշյալ աշխատության մեջ ուրվագծում է համազգային այն ճանապարհը, որը մեր ժողովրդին ու պետությանը խոստանում է առաջնորդել դեպի հզորացում եւ, հետեւաբար, ապահովություն ու բարօրություն, որոնց արժանի է մեր ժողովուրդն իր հնամյա պատմությամբ, ստեղծագործ ոգով, աշխատասիրությամբ, իմաստնացած՝ մեր տառապալից կյանքով:
Ահա թե ինչու այդ մարդը հանդիսանում է, Արցախի ռազմաքաղաքական ողջ ղեկավարության հետ, Ալիեւի եւ անձամբ Էրդողանի գլխավոր զոհը, պատանդը: Արդարեւ, հայ ժողովրդի ու Հայոց պետության հզորացումն ու բարգավաճումը անհաղթահարելի ու միակ պատվարն է հանդիսանում թյուրք տարրի ոտնձգությունների, աշխարհակալական նկրտումների եւ, վերջապես, ցեղասպանական նոր գործողությունների դեմ:
Այս գիտակցությամբ պետք է դիմավորենք գալիք 111-րդ եւ հաջորդ տարելիցները, առաջնորդված վարդանյանական տեսլականի հիմնադրույթներով:
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում