Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ պետք է փնտրել քրեական ենթամշակույթը

Ապրիլ 25,2025 10:00

Ես, դասավանդելով ավագ դպրոցում, ճիշտն ասած, չեմ նկատել, որ երեխաների՝ չսովորելու հանգամանքը պայմանավորված է սեռով: Արդեն տասնամյակներ շարունակ բարձր դասարանների աշակերտները՝ լինեն տղա, թե աղջիկ, երբ որոշում են, թե որ բուհն են պատրաստվում ընդունվել, սովորում են միայն այն առարկաները, որոնք պետք է հանձնեն ընդունելության քննությունների համար: Հիմա, քանի որ այդ առարկաները երկուսն են, նրանք, ենթադրենք, կենտրոնանում են պատմության եւ անգլերենի վրա եւ կարծում են, որ մնացած բնագավառների գիտելիքներն իրենց «պետք չեն»:

Նման մոտեցումն, իհարկե, հակասում է իմ պատկերացումներին. մարդը, կարծում եմ, պետք է զարգացած լինի բազմակողմանիորեն՝ հակառակ դեպքերում կորցնելու է ներքին ներդաշնակությանը, դառնալու է հոգեւոր հաշմանդամ, ի վերջո՝ դժբախտ, որքան էլ փող աշխատի իր «օֆիսում»: Բայց այսօրվա պատանիների օգտապաշտական (ուտիլիտար) մտածելակերպը («սովորեմ, որ փող աշխատեմ, իսկ մնացած ժամանակը զվարճանամ») դժվար թե լինի զուտ «տղայական», եւ դժվար թե կապ ունենա քրեական ենթամշակույթի հետ:

Եթե որեւէ տեղ պետք է փնտրել այդ ենթամշակույթը, ապա Ազգային ժողովում: Ո՞րն է դրա հիմքը: Ինձ թվում է, նախեւառաջ, այն համոզմունքը, որ դու ոչ թե մարդ ես (մարդկության ներկայացուցիչ), ոչ թե հայ ես (ազգի ներկայացուցիչ), ոչ թե ՀՀ քաղաքացի ես (տվյալ պետական հանրության ներկայացուցիչ), այլ ներկայացնում ես միմիայն քո «կորպորացիան» կամ, եթե ավելի կոպիտ բառ օգտագործենք՝ քո ոհմակը:

Ըստ այդմ, յուրայիններին ոչ մի պարագայում «չեն հանձնում». «Կարո՞ղ ա՝ մենք թույլ տանք, որ մեր ախպորը բան ասեն՝ ոնց էլ լինի՝ մերոնքական ա»: Ահա սա՛ է քրեական ենթամշակույթի առանցքը: Հենց այդ ենթամշակույթից ելնելով՝ ՔՊ-ականները որոշեցին չստեղծել էթիկայի հանձնաժողով, որը կքններ ակնհայտ խուլիգանական վարք դրսեւորած «իրենց ախպոր» դեպքը: Հենց այդ հիմքով էլ նրանք կշարունակեն հարձակվել լրագրողների վրա, հայհոյել եւ թքել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930