«Վերաիմաստավորելով ցեղասպանությունը ասելով՝ մենք երկու ուղղությամբ պետք է մտածենք: Նախ, վերաիմաստավորել ցեղասպանությանը վերաբերող կրթությունը, որը պայքարի ձեւերից մեկն է եւ վերաիմաստավորել ցեղասպանության ուրացման եւ արդարացման դեմ պայքարը»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, պ.գ.դ., թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ ելույթ ունենալով «Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում խորագրով պանելային քննարկմանը:
«Սկսեմ առաջինից: Տեսեք, մեր հանրային դպրոցներում ինչպես է դասավանդվում ցեղասպանության պատմությունը, Հայաստանում քանի բուհ ունի ցեղասպանագիտության վերաբերյալ մագիստրոսական կամ բակալավրիատի կրթական ծրագրեր: Շատ քիչ: Ու ի՞նչ մասնագետներ են պատրաստվում: Արդեն 10 տարի ԱՄՆ 13 նահանգներից ուսուցիչներ են գալիս Ամերիկյան համալսարան եւ հայկական լոբինգի շնորհիվ Ամերիկայի 13 նահանգներում ցեղասպանության կրթություն է կազմակերպվում: Եւ այդ մասնագետները մշտապես գալիս են Հայաստան՝ վերապատրաստվելու: Իսկ ինչպե՞ս է ցեղասպանության կրթությունը դասավանդվում մեր դպրոցներում, ինչպե՞ս է տեղի ունենում ուսուցիչների պատրաստումը, ովքե՞ր են դասավանդում, ի՞նչ մեթոդաբանությամբ են ղեկավարվում: Եթե այս հարցերը տանք եւ պատասխաններն ստանանք, կգտնենք բացեր: Ստեղծվում է անտեղյակության մեծ մթնոլորտ եւ գոնե քաղաքական առումներով դառնում է շահարկումների պատճառ, ինչի ականատեսը եղանք մի քանի ամիս առաջ, երբ հարցականի տակ էին դրվում ցեղասպանության վերաբերյալ շատ պնդումներ: Իսկ եթե դա քաղաքական առաջնորդն է անում, դա լուրջ այլ հարցեր է առաջացնում:
Երկրորդը՝ ցեղասպանության դեմ պայքարի նոր մեթոդաբանություն է պետք: Անցած տարի Թուրքիայի դեսպանատների եւ դիվանագիտական առաքելությունների թիվը ավելացել է եւ այժմ 260-ից ավելի է: Այս առումով՝ դիվանագիտական առաքելությունների թվով, Թուրքիան 5-րդ երկիրն է աշխարհում: Եվ ամեն մի դիվանագիտական առաքելությունում առնվազն 3-4 դիվանագետ է աշխատում: Նրանց նպատակը ոչ միայն թուրքական պատմական թեզերը աշխարհին ներկայացնելն է, այլեւ Ադրբեջանին ենթակառուցվածքների հնարավորություն տալով՝ ամբողջ դիվանագիտական ռեսուրսը ադրբեջանաթուրքական թեզերը աշխարհին ներկայացնելը:
Կարդացեք նաև
Իսկ դրա դիմաց Հայաստանի պետական քաղաքականությունն ասում է, որ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթությունների մեջ չէ: Դա հնարավորության դուռ է բացում Թուրքիայի համար՝ առաջ տանելու այն թեզերը, որոնք մշտապես տարել են, որովհետեւ չկա դիմադրություն, չկա հակադրում: Արդյունքում, այդ քարտ-բլանշը, որ տրվում է Թուրքիային, հնարավորություն է, որպեսզի նրանք շարունակեն այն, ինչ որ արել են: Նրանց պատկերացմամբ, ինչ արել են, ճիշտ է դուրս եկել, որովհետեւ կան երկրի կառավարության ղեկավարներ, մարդիկ, որոնք համապատասխան ձեւով չեն արձագանքում դրան»,-ասաց Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ