Հայոց ցեղասպանության 110 –րդ տարելիցին նվիրված Ցեղասպանական շաբաթը, որն իրականացնում են «Newmag» հրատարակչությունը եւ ՀԲԸՄ «Հայաստանը», այսօր ամփոփվեց «Վերաիմաստավորելով ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով պանելային քննարկմամբ:
Մասնակցեցին հատուկ ցեղասպանական շաբաթի համար գրքաշարով Հայաստան ժամանած թուրք պատմաբան, քաղաքագետ, սոցիոլոգ, ցեղասպանագետ Թաներ Աքչամը, թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր, Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը եւ թուրքագետ, պ.գ.դ., Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Թաներ Աքչամը, որն այդ տրավմատիկ հիշողության կրողը չէ, բայց ցեղասպանությանը ծանոթ է գիտական նյութերով, փաստաթղթերով, նաեւ տիրապետում է քաղաքական նպատակներին՝ խոսելով այն մասին, թե 110 տարի անց հայկական պետությունը, հայ ժողովուրդը կանգնա՞ծ են արդյոք այդ տրավմատիկ հիշողությունը վերաիմաստավորելու փուլում եւ ի՞նչ կերպ պիտի իրականանա այդ վերաիմաստավորումը, վերածվի պատմական հիշողության եւ չխանգարի հարեւանների հետ հարաբերություններին, ասաց. «Տրավմայի հաղթահարումը հնարավոր է՝ նախ ճանաչելով եւ ընդունելով դա եւ սառը մտքով գիտակցել, որ դա եղել է: Բայց առկա է այն հանգամանքը, որ ունեք հարեւան Թուրքիա, որը մինչեւ այսօր ժխտում է ցեղասպանության իրողությունը: Ավելին, Թուրքիայի կողմից ցեղասպանության կտրականապես չճանաչումը, ժխտումը կարող է դրա կրկնության նոր ռիսկ ստեղծել: Անհանդուրժողականությունը ոչ միայն անցյալին ուղղված ակտ է, այլեւ իմաստ ունի ներկայում: Ու ինքնին ագրեսիայի ձեւ է՝ ուղղված Հայաստանին»:
Համաձայնելով Թաներ Աքչամի խոսքերին, Ռուբեն Սաֆրաստյանը անդրադարձավ նաեւ մեթոդականության հետեւանք հանդիսացող 44-օրյա պատերազմում Թուրքիայի գործուն մասնակցությանը, որն, ըստ էության, այդ գծի շարունակությունն է եւ որի արդյունքում մենք տեսանք հայրենազրկում, Արցախի կորուստ:
Կարդացեք նաև
«Մասնավորապես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ըստ էության, Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության շարունակությունն է: Բայց արդեն նոր տեսակետի հիման վրա, որը ձեւավորել է Մուստաֆա Քեմալ Արաթուրքը: Եթե երիտթուրքերը կազմակերպեցին Հայոց Ցեղասպանությունը՝ հիմնվելով հայկական հարցից ազատվելու, Արեւմտյան Հայաստանը յուրացնելու, հայաթափելու, ապա աթաթուրքի մոտ ցեղասպանության գաղափարը աշխարհաքաղաքական ընկալումների հիման վրա էր ձեւավորվել. Հայաստանը վերացնել որպես խոչընդոտ կամ պարիսպ, ինչպես ինքն էր ասում: Եվ դրա արտահայտումը եղավ հայտնի հրամանը, որը ստորագրել էր իր գործակիցներից մեկը՝ վերացնել Հայաստանը քաղաքականապես եւ իրապես: Փաստորեն այդ մոտեցումն էր նաեւ 2020 թվականին. վերացնել Արցախը որպես աշխարհաքաղաքական երեւույթ՝ ելնելով աշխարհաքաղաքական մտածելակերպից: Եվ Թուրքիան ըստ էության դա շարունակեց:
Իսկ ինչպե՞ս ներկայացնել ցեղասպանությունը մեր օրերի տեսակետից: Կարծում եմ, մեծ ուշադրություն պետք է հատկացնենք այն դիմադրությանը, որը ցույց է տվել հայ ժողովուրդը ցեղասպանությանը: Երեխան ինքն իր աչքերով տեսել է, թե ոնց իր մայրը՝ հորը բանակ էին տարել, հարազատները մինչեւ վերջին շունչը կտվել են, շատ դեպքերում զենք չունենալով: Եվ դրանով նրանք փրկել են իրենց երեխաներին: Սա է հայ ժողովրդի արձագանքը ցեղասպանությանը:
Եվ, թերեւս, ամենակարեւոր արձագանքը որ եղավ: 1918 թվականին, երբ ցեղասպանությունը դեռ շարունակվում էր, հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ՝ վերագտնելու մեր պետականությունը, որ մենք 100-ամյակներ չենք ունեցել:Այս հանգամանքներին մենք հիմա պետք է նոր աչքերով նայենք»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ