Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Հայրապետը ցավով անդրադարձավ, որ պարբերաբար ականատես և ականջալուր ենք լինում տարբեր երկրներում իրագործված նոր ցեղասպանությունների

Ապրիլ 24,2025 20:55

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց նվիրական այս օրը հյուրերի՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցի առիթով, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ այսօր ազգի զավակների ուխտի երթերը դեպի Եղեռնի հուշակոթողներ ուղեկցվում են այն գիտակցությամբ, որ Հայոց Ցեղասպանությունը պիտի համընդհանուր ճանաչում և դատապարտում գտնի, որպեսզի նման ոճրագործություններ երբևէ մարդկային կյանքում չկրկնվեն։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը ցավով անդրադարձավ, որ պարբերաբար ականատես և ականջալուր ենք լինում տարբեր երկրներում իրագործված նոր ցեղասպանությունների` նշելով, որ նման ցեղասպանություն իրականացվեց նաև Ադրբեջանի կողմից՝ Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ։

Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց Նիդերլանդների Թագավորությանը Ցեղասպանության դատապարտման, ինչպես և դժվարին օրերին Հայաստանին և արցախահայությանը ցուցաբերած զորակցության համար։

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների միջև պատմական կապերին և առկա գործակցությանը՝  գոհունակությամբ նկատելով, որ տեղի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործընթացին։

Նախարար Էպպո Բրուինսը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար, կիսվեց Հայաստանից ստացած իր տպավորություններով և կարևորեց Հայ Եկեղեցու դարավոր փորձը՝ ի նպաստ փոփոխվող աշխարհում հավատքի և ժամանակակից կյանքի ներդաշնակության։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930