factor.am. Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօրվա նիստում ուսումնասիրվել հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրմանը նախորդող իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերը։
Նշվում է, թե փաստաթղթերի համաձայն՝ իբր, «օկուպացիայից առաջ Շուշի քաղաքը և շրջակա գյուղերը բազմիցս ենթարկվել են հայկական զինված ուժերի կողմից տարբեր զենքերի, այդ թվում՝ հրթիռների և հրետանու կիրառմամբ հրետակոծության, բազմաթիվ ադրբեջանցի խաղաղ բնակիչներ են սպանվել, վիրավորվել կամ գերի ընկել»։
Ասվում է նաև, թե հայկական զինված ուժերը, իբր, պայթեցրել են ջրատար խողովակներ, լուրջ վնաս է հասցվել կրթական, բժշկական և այլ քաղաքացիական հաստատություններին, ինչպես նաև տեղի բնակիչների տներին։ Այդ փաստերի հիման վրա այդ ժամանակ հարուցվել են քրեական գործեր։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, թե դատարանում քննված մեկ այլ արձանագրություն վերաբերվել է 1991 թվականի ապրիլի 4-ին Շուշիի գյուղերից մեկի վրայով թռիչքի ժամանակ ուղղաթիռի խոցման փաստին։ Այդ օրը կրակոց է արձակվել Ներքին գործերի նախարարության 27057 համարով ուղղաթիռին, որում գտնվել են Ադրբեջանի Գերագույն խորհրդի պատգամավորներ։ Մեկ այլ արձանագրություն վերաբերել է 1992 թվականի հունվարի 28-ին խփված ուղևորատար ուղղաթիռին։
Կարդացեք նաև
Նշվում է, թե Աղդամ-Շուշի չվերթի Մի-8Տ ուղևորատար ուղղաթիռը, իբր, խփվել է հայկական զինված ուժերի կողմից արձակված հրթիռով։ Միջադեպի հետևանքով զոհվել է 42 մարդ՝ անձնակազմի 3 անդամ և 39 ուղևոր։ Ապրիլի 21-ին տեղի ունեցած նախորդ դատական նիստում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը պատասխանել էին Խոջալուի դեպքերի մասին պետական մեղադրողների հարցերին։