Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի քաղաքապետարանում Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն

Ապրիլ 24,2025 19:50

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։

Ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:

Իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալական խոսք է հղել Փարիզի քաղաքապետին` Հայաստանի և հայ ժողովրդի հետ վերջինս ցուցաբերած բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության համար, որի ակնառու դրսևորումներից են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա ընդունելության կազմակերպումը, ինչպես նաև` քաղաքապետ Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի շահ Հայաստանի ընդունված բազմաթիվ բանաձևերը։

Շեշտել է, որ պատմության ընթացքում Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, այդ թվում` դառնալով երկրորդ հայրենիք ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար, իսկ վերջիններս, որպես երախտագիտություն, իրենց կյանքն են նվիրել Ֆրանսիայի զարգացման ու պաշտպանության գործին։

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ, ցավոք, Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով իրագործված ցեղասպանությունը, նրանց նյութական սեփականության յուրացումը, հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացումը, ժամանակին չի արժանացել միջազգային հանրության արժանի դատապարտմանը, ինչի հետևանքով հաջորդող տասնամյակներում տեղի են ունեցել մարդկության դեմ նոր հանցագործություններ և ոճրագործություններ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտումը։

Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր դարձել է Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը` սեփական պատմությամբ գիտակցելով այդ հանցագործությունների ամբողջ ողբերգությունը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930