«Լո՞ւրջ, ես պիտի այդ հիմարությունը պարզաբանե՞մ։ Մարդիկ, որոնք մատը մատին չեն տվել այս հարցերի վերաբերյալ, հիմար-հիմար դուրս են տալիս, պատրաստ չեմ նրանց մեկնաբանել»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ճեպազրույցի ընթացքում լրագրողները հիշեցմանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը զգուշացրել էր ընդդիմությանը՝ մոտ չգալ ցեղասպանության թեմային, այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Փաստմանը՝ ՔՊ-ականները նաև իրեն էին մեղադրում Հայոց ցեղասպանության թեման քաղաքական օրակարգից հանելու հարցում, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ցեղասպանության հարցը մտցնողը ես եմ եղել, և իմ կառավարման ժամանակաշրջանում ամենից շատ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։
Անդրադառնալով օրվա ուղերձին և Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած քաղաքականությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ, և այս իշխանություններն այդ պարտությունը շարունակական մի գործընթաց են դարձրել։ Ավելի քան չորս տարի անընդհատ զիջում ենք։ Ուղղակի մաշեցնող մի պրոցես է»։
Հարցին՝ ինչի՞ն կհանգեցնի Ցեղասպանության ուրացումը․ այս իշխանություններին կհաջողվի՞ Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագիրը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ընդհանրապես ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ մոռացվելու են իրենք, որոնք այդ ջանքերն են գործադրում»։
Կարդացեք նաև
Այն, որ Նիկոլ Փաշինյանը սահմանին կրակոցները պատճառաբանում է Հանրապետության հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրմամբ, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Ձեզ հիշեցնեմ՝ 2015-ին ՌԴ-ի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում այրել հենց այն մարդիկ, որոնք այսօր զբաղեցնում են բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար և այլն։ Մեկ ամիս է պատրաստվում են, հա՞։ Որ դրոշները պիտի այրվեին, մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին չէ՞ անում: Աբսուրդների դաշտ չմտնենք, էլի»։
Հիշեցմանը՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված երկակի ընկալումներ կան և հարցին՝ ի՞նչ տեսակետ ունեք, Ռոբերտ Քոչարյանն այսպես պատասխանեց․ «Մի քիչ շատ խորացանք։ Խոստանում եմ ևս մեկ մամուլի ասուլիս կանեմ և բոլոր այդ հարցերի պատասխանները կտամ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ