Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամբուլում և Անկարայում այցելել ենք կալանավորված անձանց, թուրք պաշտոնյաների հետ բաց քննարկումներ ենք ունեցել»․ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահ

Ապրիլ 24,2025 18:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2024 թվականին կոմիտեն հայտարարություն է տարածել ՌԴ-ի հետ կապված, 2024-ին մենք նաև հայտարարություն ենք տարածել Ադրբեջանի հետ կապված, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել կոմիտեի հետ»,-հարցին՝ եթե երկիրը չի կատարում ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկությունները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովի (CPT) նախագահ Ալան Միտչելը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հրաժարվել էր համագործակցել կոմիտեի հետ և արգելել էր կոմիտեի ներկայացուցիչների մուտքը Ադրբեջան։

Հիշեցնենք՝ կոմիտեի հայտարարության  մեջ ամրագրված էր․ «Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։ Կառույցը պաշտոնական Բաքվի այդ քայլը որակում է Ադրբեջանի կողմից Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի խախտում։ Տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։

Անդրադառնալով այն հարցին, թե Կոմիտեն բացի հայտարարություն տարածելն ի՞նչ գործիքակազմ ունի իր առաջարկությունները չկատարած պետությանը պատասխանատվության ենթարկելու, կոմիտեի նախագահն այսպես արձագանքեց․ «Կոմիտեին հաճախ կոչում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աչքերն ու ականջները։ Մենք իրավական, հետաքննական մարմին չենք։ Մեր դերակատարությունը կանխարգելիչ է։ Կոմիտեն իրականացնում է մոնիտորինգ»։
Ալան Միտչելը նաև ներկայացրեց հանձնաժողովի 34-րդ տարեկան զեկույցը։

Մասնավորապես՝ զեկույցում ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնում 2024 թվականին քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման մակարդակի զգալի աճի կապակցությամբ, հատկապես Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում։ Կոմիտեն կառավարություններին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Անդրադառնալով բանտային ոչ պաշտոնական հիերարխիայի շարունակական գոյությանը՝ մասնավորապես Խորհրդային Միության որոշ երկրներում, Կոմիտեի նախագահն ասաց․ «Երկրներ այցելությունների ընթացքում վերջին 35 տարիների ընթացքում Կոմիտեն պարզել է, որ ոչ պաշտոնական բանտային հիերարխիան շարունակում է գոյություն ունենալ ինը երկրներում, որոնք նախկինում եղել են Խորհրդային Միության մաս (Հայաստան, Ադրբեջան, Էստոնիա, Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա): Ականատես ենք եղել այն փաստին, որ բանտարկյալները բաժանվում են խմբերի, առաջանում են այսպես կոչված անձեռնմխելի բանտարկյալների խմբեր։ Մենք վերջերս այցելել ենք Լիտվա, Լատվիա, Մոլդովա, Հայաստան։ Ուղիղ նախարարական մակարդակում շփումների ընթացքում բարձրացրել ենք այն հարցը, որ պետք է քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերը կարգավորեն բանտարկյալների միջև հարաբերությունները քրեակատարողական հիմնարկներում, ոչ թե բանտարկյալներն իրենք հաստատեն իրենց օրենքները։ Այդ երկրների քաղաքական ղեկավարության կողմից մենք ստացել ենք հանձնառություն այս հարցերին լուծումներ տալու առնչությամբ»։

Ալան Միտչելը նաև նշեց՝ ցավոք, շատ դեպքերում ստիպված ենք եղել մեր նախորդ տարիների առաջարկությունները հիշեցնել երկրների ղեկավարություններին, քանի որ դրանք չեն կատարվել։ Ըստ նրա՝ Էստոնիան այս խնդիրը լուծելու համար գնացել է քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերը մեծացնելու և հաղորդակցությունը բանտարկյալների հետ ակտիվացնելու ուղղությամբ։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ալան Միտչելն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությանը․ «Գերբեռնվածությունը խնդիր է ոչ միայն բանտարկյալների համար, այլև քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերի։ Նույնիսկ դեպքեր կան, որ բանտարկյալները գետնին են քնում, կամ երկուսով նույն անկողնում են քնում։ Գերբեռնվածության խնդիրներ կան Ֆրանսիայում, Իռլանդիայում, Կիպրոսում և այլ երկրներում։ Այս խնդիրը լուծելու համար պետք է ազատազրկմանն այլընտրանքներ մշակվեն, վերանայվի քրեական օրենսդրությունը»։

Լրագրողների հարցին՝ ո՞րն է բանտերի գերբեռնվածության պատճառը, հնարավո՞ր է՝ դրա պատճառը հանցագործությունների թվի աճն է, ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի գլխավոր քարտուղար Հագ Չեթյանդը պատասխանեց․ «Պատճառները տարբեր են։ Շատ երկրներում պատճառը քաղաքական միջամտությունն է, երկարաժամկետ ազատազրկումները, կան երկրներ, որտեղ երկար են պահում կալանքի տակ։ Ինչ վերաբերում է հանցագործությունների թվին, ապա մի շարք երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին հանցագործությունների թիվը նվազում է, բայց բանտարկյալների թիվն աճում։ Գնալով աճում է նաև կին բանտարկյալների թիվը։ Եվրոպայում ընդհանուր առմամբ կանայք բանտային բնակչության 46 տոկոսն են կազմում։ Որոշ երկրներում կին բանտարկյալների թիվն ահռելի չափով է աճել՝ օրինակ՝ Թուրքիան, թեև այս երկրում բանտարկյալների թիվն ընդհանուր առմամբ աճել է»։

Կոմիտեի նախագահն էլ հայտնեց, որ վերջերս եղել են Թուրքիայում, այցելել կալանավորված անձանց Ստամբուլում և Անկարայում․ «Հանդիպել ենք թուրք պաշտոնյաների հետ։ Թուրքիայում և Վրաստանում հանդիպել ենք ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Մենք այդ մասին զեկույցը կներկայացնենք հուլիսին։ Թուրքիան և Վրաստանը երկրներ են, որոնք սովորաբար հրապարակում են մեր զեկույցները։ Թուրքիան չի հրապարակել որոշ զեկույցներ։ Թուրքիայում մենք բաց քննարկումներ ենք ունեցել։ Մենք մեր հանդիպումներում այս հարցը միշտ բարձրացնում ենք, քանի որ կոմիտեի զեկույցների հրապարակումը նպաստում է թափանցիկությանը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930