Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ «էշին» համբուրողը մի հոգի չի եղել. Սերժ Սարգսյան

Ապրիլ 24,2025 18:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանեց լրագրողների հարցերին, ճեպազրույցի ժամանակ նա որոշ փակագծեր բացեց:

Հարցին՝ 10 տարի առաջ, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մեր կողքին էին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ այսօր հետընթաց է, եւ բացի անատամ հայտարարություններից՝ ոչինչ չունենք, ինչո՞վ է սա պայմանավորված, արդյոք Թուրքիային հաճոյանալու փո՞րձ է, թե՞ այլ պատճառ կա, Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ կա, բայց որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել ցեղասպանության հարցը, դա փաստ է: Իսկ ենթադրել, թե նրանք ինչ են մտածում, ինչու են այդպես անում, անշնորհակալ գործ է»:

Լրագրողների դիտարկմանը, որ իշխանություններն ուղիղ ասում են, թե Հայոց ցեղասպանության հարցն առաջնային չէ իրենց համար, արդյոք այս քաղաքականությունն ուրացմա՞ն քաղաքականություն է՝ հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները Ցեղասպանության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ նրանք արդեն իսկ ուրացման ճանապարհին են:

Իսկ իշխանությունների վերաբերմունքը կանդրադառնա՞ 2026թ ընտրությունների արդյունքների վրա, այս հարցի մասին էլ հետեւյալը նշեց. «Կարծում եմ՝ դա կարտացոլվի մինչեւ 2026-ը»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել էր, որ իրենց թիմի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Փաշինյանի հեռացումը, ՀՀԿ-ն իշխանափոխության հստակ ծրագիր ունի՞: «Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, թե իմաստ ունի հիմա այդ ծրագիրը հրապարակելը»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանին բերելը փորձում են կապել իր անվան եւ ՀՀԿ-ի հետ, Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես շատ երկար եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ 25 տարուց ավելի, հետեւաբար մի գուցե նաեւ դրանով է պայմանավորված, որ ամենազրպարտված գործիչներից մեկն եմ: Այնպես որ՝ զրպարտություններն ինձ չեն զարմացնում, ոչ էլ զայրացնում են»:

Ռոբերտ Քոչարյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունի, ինչո՞ւ է համակիրների մակարդակով փոխհրաձգություն գնում, եւ ի վերջո «էշին» համբուրողն ով է եղել, այս հարցերի վերաբերյալ էլ նախագահը նման պատասխան հնչեցրեց. «Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ-շատ են»:

Մյուս հարցին՝ ո՞վ աճեցրեց «էշին», թողեց գա խորհրդարան, բաց թողեց, բանտից ազատեց, Սերժ Սարգսյանի արձագանքը հետեւյալն էր. «Ի՞նչ է նշանակում՝ ով թողեց, խորհրդարանի բանալիներն իմ ձեռքո՞ւմ էին: Բայց միայն ինքը չի համաներմամբ ազատվել, հարյուրավոր մարդիկ են ազատվել, այդ թվում՝ նաեւ ինքը: Իսկ համաներումը կիրառվում է, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի»:

Ճեպազրույցում անդրադարձ եղավ նաեւ Անկախության հռչակագրից այս իշխանությունների հրաժարմանը: «Ես չեմ կարծում եմ, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից, որովհետեւ ուղղակի չեն հասցնի, չեն կարող: Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կայանա, բոլոր ուսումնասիրությունները դրա մասին են խոսում»,-ընդգծեց նախագահը:

Ալեն Սիմոնյանի վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. « Եթե ամաչելուց է խոսում այդ անձնավորությունը, նրա հետ մի 70-80 հոգի այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, որովհետեւ իրենք կկարմրեն, եթե նայեն հայելու մեջ»:

Հարցին՝ ո՞վ է առաջնորդելու փողոցային շարժումը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե այն մարդը, որն այդ առաքելությունը կարողանա ստանձնել:

Վերջին հարցին էլ՝ պատրա՞ստ է նորից առաջնորդել երկիրը, Սերժ Սարգսյանը լակոնիկ պատասխան հնչեցրեց՝ ո՛չ:

Մանրամասն տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Գոնե հիմա պատկերացնում ե՞ս, թե ինչքան երկար ժամանակ ես «խիյարը թարս աճեցրել», որ քո նշած շատ-շատերը նախընտրել են էշին համբուրելու անպատվաբեր գործը, որն իհարկե պիտի չարվեր։

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930