Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը Լոռու, ինչպես նաև Շիրակի մարզի բնակիչներն ու պաշտոնյաները՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները հարգեցին Հերհերի կամ որ նույնն է՝ Ջարդի ձորում տեղադրված հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով։
Ջաջուռի մոտ գտնվող այս ձորում, ըստ պատմական տվյալների, 1915-1918թթ. դաժանորեն սպանվել են Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները: Կանանց ու երեխաներին ժայռերից գլորել են ձորը, տղամարդկանց էլ ցած նետել՝ սրատելով:
Շատերը եկել էին իրենց ընտանիքի անդամների հետ՝ Ջարդի ձոր բերելով անգամ մանկահասակ երեխաներին, կային նաև տարեց միայնակ մարդիկ, որոնցից ոմանք հենաշարժական խնդիրներ ունեին, մի կերպ էին քայլում, սակայն եկել էին այցի՝ նախնիների գերեզմանին։
Սպիտակի Լեռնավան գյուղի 87-ամյա բնակիչ Միշա Զաքարյանը, որն 83 զավակ ունի՝ 11 երեխա, 36 թոռ և 37 ծոռ, մեզ հետ զրույցում, ասաց, որ իր պապը՝ չորս եղբայրներով, թաղված է Ջարդի ձորում։
«1918 թվականի մայիսի 23-ին թուրքերը հարձակվել են մեր տան վրա, տատս հաց թխելիս է եղել, մտել են ներս, հորեղբայրս 3 տարեկան է եղել, հայրս՝ 5 տարեկան, տատիս հարցրել են՝ բա էս երեխեքի հայրը ո՞ւր է, տատս պատասխանել է՝ հայր չունեն, մեռել է։ Ու այդ խոսքի վրա տատիս երկու ոտքն ու երկու թևերը ջարդել են ու դրել պատի տակ, որպեսզի չկարողանա շարժվել։ Հորեղբորս էլ գցել են թնդիրը, որ վառեն։ Հորեղբորս վառելուց հետո հորս են գցել կրակի մեջ, բայց հայրս ճարպիկ է եղել, մի կերպ դուրս է եկել։ Պապս, ձայնը իմանալով, եղբայրների հետ եկել է, իրենք ձեռքով, թուրքերը՝ դանակով, հրացանով․․․
Նրանք դանակով վնասել են չորս եղբայրներին, մեր գյուղից 120 տղայի տարել են մեր հարևանի Ջրաշեն գյուղի եկեղեցի, 150 հոգու էլ Ջրաշենից են լցրել եկեղեցում։ Հինգ օր հետո ոսկի են ուզել, որ ազատեն, ով որ ունեցել է՝ տարել, տվել, ազատել են իրենց տղերքին, մենք չենք ունեցել, դրա համար պապիս՝ իր չորս եղբայրներով․ հանել են էստեղ՝ սարի գլուխը ու գլորել ցած»,-արտասվելով պատմում էր Միշա Զաքարյանը։
Նա բացառում է թուրքերի հետ համերաշխ ապրելը, քանի որ նրանք չեն ընդունում Հայոց Ցեղասպանության փաստը ու ներողություն չեն խնդրում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ