Մարկո Մորոնին իտալացի պրոֆեսոր է, Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս, մի շարք գրքերի հեղինակ, ինչպես նաև Մարկեի ԻՔԱԱ ուսումնասիրությունների կենտրոնի պատասխանատուն:
-Երկու տարի առաջ, երբ հանդիպեցինք Ռեկանատիում, Դուք պատմեցիք, թե ինչպես է այս փոքրիկ քաղաքը, որը աշխարհին հայտնի է առաջին հերթին որպես մեծանուն իտալացի բանաստեղծ Լեոպարդիի ծննդավայր, ամուր թելերով կապված հայոց պատմության ամենամութ էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը։ Կցանկանայի այսօր անդրադառնայինք այս պատմությանը, որը չնայած քիչ հայտնի է, բայց հիրավի արժանի վերհանման և արժևորման։ Մի անգամ նշել եք, որ այս պատմությանը ծանոթացել եք բոլորովին պատահաբար` մի միջոցառման ժամանակ։ Կպատմե՞ք, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը, ինչպե՞ս ծնվեց ջարդերից փրկված հայ որբերին Ռեկանատիում ապաստան տալու գաղափարը և ովքեր էին այս մարդասիրական նախաձեռնության հետևում կանգնած։
– Ողջույն, ուրախ եմ, որ ևս մեկ անգամ առիթ ընձեռվեց անդրադառնալու այս պատմությանը, որն, անշուշտ առանձնանում է մի շարք հետաքրքիր փաստերով։ Այո՜, ճիշտ եք, Ռեկանատիում հայ որբերին ապաստան տված և օգնություն ցուցաբերած բարեգործական կազմակերպության գոյության մասին տեղեկությունները ի հայտ եկան պատահաբար` 2015 թ.-ին, Ռեկանատիի քաղաքապետարանի և մի խումբ կառույցների կողմից կազմակերպված մի շարք հանդիպումների ժամանակ։ Նախաձեռնությունը կրում էր «Առաջին համաշխարհային պատերազմից հարյուր տարի անց. զրույցներ մեծ պատերազմի մասին» խորագիրը։ Սկզբնական շրջանում կարծում էի, թե խոսքը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915թ.-ին իրականացված տեղահանություններից և կոտորածներից հետո ստեղծված բարեգործական կազմակերպության մասին է, բայց ուսումնասիրելով Ռեկանատիի Բենեդետուչի գրադարանում պահպանված փաստաթղթերը հասկացա, որ այն սկիզբ է առել 1894- 96թթ Թուրքիայում իրականացված հայերի կոտորածների արդյունքում։
Այս մարդասիրական նախաձեռնության գլխավոր հերոսները առաջին հերթին երկու քահանաներ էին. առաջինը Դոն Մարիանո Բրավի Պեննեսին էր՝ Ռեկանատիի թեմի ճեմարանի ռեկտոր, հունարենի և լատիներենի ուսուցիչ, պատարագի` մասնավորապես արևելյան ծեսերի փորձագետ։ Մյուսը մոնսինյոր Պիետրո Պոդալիրին էր, որը երկար ժամանակ Ռեկանատիի եպիսկոպոս Մանյանիի փոխանորդն էր, ապա Ռեկանատիի օժանդակ եպիսկոպոսը։
Կարդացեք նաև
-Դուք նշեցիք, որ խոսքը 1915թ.-ի ցեղասպանությունից առաջ` 1894-1896 թթ-ին տեղի ունեցած կոտորածների մասին է, որոնք իրականացվել են հայ բնակչության դեմ Օսմանյան կայսրությունում։
-Այո՜, խոսքը XIX դարի վերջին կազմակերպված ջարդերի մասին է, որոնք իրականացվում էին ոչ միայն ուղղափառ քրիստոնյաների, այլ նաև կաթոլիկ քրիստոնյանների հանդեպ ։ Երբ 1985թ.-ի նոյեմբերին Հռոմի պապ Լեո XIII-ը պահանջեց հստակ գործողություններ իրականացնել հօգուտ հայ բնակչության, Ռեկանատիի երկու քահանաներ որոշեցին ստեղծել բարեգործական հաստատություն ի աջակցություն հայ երեխաների։
-Իսկ կա՞ արդյոք տեղեկություն, թե քանի հայ որբ է ապաստան գտել Ռեկանատիում, ինչ տարիքի էին, ծագումով որ շրջաններից էին և ինչպես են կարողացել ապաստան գտնել այս փոքրիկ գյուղաքաղաքում:
–Դժվար է հստակ նշել Ռեկանատիում ապաստան գտած երեխաների թիվը: Հայտնի են միայն այն տասնմեկ որբերի անունները, որոնց մասին հոգ էր տանում արքայադուստր Աննա Մարիա Բորգեզեն, բայց թիվը վստահաբար շատ ավելին էր` առնվազն քսան: Առավել քիչ էին իգական սեռի ներկայացուցիչները, նրանցից ընդամենը մի քանիսի անունն է հայտնի։ Գրեթե բոլոր որբերը 7-9 տարեկան էին, բայց կային նաև տարիքով ավելի փոքր երեխաներ։ Ծագումով հիմնականում Արաբկիր քաղաքից էին, ինչպես նաև Մալաթիայից և Դիարբեքիրից։
-Գիտեք, երբ ես գտնվում էի Ռեկանատիում, տիկին Մաջինիի օգնությամբ հնարավորություն ունեցա ուսումնասիրելու Բենեդետուչի գրադարանի արխիվը և խորապես տպավորված էի այն հոգատարությամբ, որով ավելի քան մեկ դար պահպանվում են հայալեզու գրքերը: Փաստորեն խոսքը այն գրքերի մասին է, որոնցով մի խումբ հայ երեխաների հնարավորություն է տրվել պահպանել իրենց մայրենի լեզուն ու մշակույթը։ Ակնհայտ է, որ մեծապես կարևորվել է ազգային ինքնության և ավանդույթների պահպանումը։
-Այո՜, կարևոր փաստ եք նշում։ Ռեկանատիի Բենեդետուչի գրադարանում, բացի վարչական հարուստ փաստաթղթերից, պահպանվում են հայալեզու մի շարք գրքեր և ձեռնարկներ։ Սա ամենավառ ապացույցն է այն հանձնառության, որով նախաձեռնության հեղինակներն ամեն ջանք գործադրել են, որ հայ որբերը պահպանեն մայրենի լեզուն և մշակույթը։ Բարեգործական հաստատության կանոնադրությունը, մատնանշելով կառույցի հիմնական նպատակները, սահմանում էր, որ երեխաների կրոնական կրթությունը իրականացվեր հայկական եկեղեցու ավանդույթներին համապատասխան` այն համատեղելով կաթոլիկ եկեղեցու հետ, ուսուցանվեր մայրենի լեզուն, ինչպես նաև ազգային սովորույթները։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր երեխաների կրթությունը վստահել հայ մանկավարժներին։ Այդ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Պոլսո պատրիարքի, ինչպես նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության վանահայր Տեր Իգնասիո Ղյուրեկյանի հետ։
–Փաստորեն բարեգործական հաստատությունը համագործակցել է Մխիթարյան միաբանության հետ։ Իսկ ի՞նչ համագործակցության մասին էր խոսքը: Արդյոք Մխիթարյան հայրերից ոմանք անմիջականորեն մասնակցե՞լ են երեխաների դաստիարակությանը։
–Մխիթարյան հայրերի հետ հարաբերությունները անկասկած արտոնյալ էին։ Սուրբ Ղազար կղզում գործող միաբանությունը 18-րդ դարի սկզբից ճանաչված էր որպես կրթական և մշակութային ոլորտներում անվիճելի հեղինակություն ունեցող հաստատություն։ 1896 թ.-ին մանկատան տղաների բաժնի տնօրինությունը վստահվեց հայր Դանիել Ստեփանին։ Երբ վանահոր որոշմամբ վերջինս տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, նրա փոխարեն հրավիրվեց հայր Միշել Մարմորոսին։ Որբերի մասին հոգ էին տանում նաև Անարատ Հղիության միաբանության երկու հայ միանձնուհիները՝ քույր Կայանին և քույր Ջուդիտա Կազեգյանը: Որբերի կրթությամբ զբաղվում էր նաև Ռեկանատիից երկու ուսուցիչ՝ Էրմելինդա Պոլզինետին և Պասկուալինա Կաստանարին, մինչդեռ տղաների կրթությամբ շարունակում էր զբաղվել հայր Մարմորոսին։
-Ձեր ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ հիմնական կրթությունից զատ՝ երեխաները ունեցել են նաև մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն։ Հետաքրքիր է՝ ի՞նչ մասնագիտություններ էին ձեռք բերում նրանք։
-1898 թ.-ից սկսած խնդիր առաջացավ, թե ինչպես կարելի է որբերին արհեստ սովորեցնել: Կարճ ժամանակ անց որոշվեց ստեղծել «փոքր լաբորատորիա», որը կօգներ դեռահասներին սովորել արհեստներ՝ ըստ իրենց հակումների։ Մեծերին գործուղում էին որոշ տեղացի արհեստավորների մոտ՝ այդ թվում կոշկակարների, դերձակների, ատաղձագործների։ Տղաների համար ամենակարևոր աշխատանքային փորձը փայտամշակումն էր։ 1901 թ.-ին որոշվեց տղաների մանկատանը կից ունենալ ատաղձագործական արհեստանոց, որի ղեկավարն էր Բենեդետտո Չինելին։ Մինչդեռ աղջիկների հիմնական մասնագիտացումը դերձակությունն էր` դերձակ Լուիջա Գատտինիի ղեկավարությամբ։
-Հետաքրքիր է, կա՞ տեղեկատվություն, արդյոք երեխաները չափահաս դառնալուց հետո շարունակե՞լ են ապրել Ռեկանատիում, թե՞ ոչ, արդյոք կարողացել են միավորվել իրենց ընտանիքների կենդանի մնացած անդամների հետ։
–Պետք է նշեմ, որ չափահաս դառնալուց հետո ըստ ցանկության նրանց թույլ է տրվել վերամիավորվել Թուրքիայում մնացած կամ Ամերիկայում և եվրոպական տարբեր երկրներում ապաստանած իրենց հարազատների հետ։ Եվ այս պարզ պատճառով մենք հստակ տեղեկատվություն չունենք հետագա ընթացքի մասին։ Այնուամենայնիվ գիտենք, որ շատերը կապի մեջ են մնացել դոն Մարիանո Բրավի Պեննեսիի հետ: 1920 թ.-ին վերջինիս մահվան լուրը տարածվելուն պես նրանք երկու ներկայացուցչից բաղկացած պատվիրակություն ուղարկեցին` ի երախտագիտություն և ի հիշատակ իրենց ցուցաբերված օգնության։
-Ձեր խոսքից պարզ է դառնում, որ նրանց սերունդները երբեք չեն մոռացել ավելի քան մեկ դար առաջ մի խումբ իտալացիների կողմից իրենց նախնիներին ցուցաբերված օգնությունը։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ըստ Ձեզ որքանո՞վ է այսօր կարևոր պատմական հիշողության պահպանումը։ Ինչո՞ւ է կարևոր շարունակել նմանատիպ նախաձեռնությունների խթանումը, հատկապես այս օրերին: Եվ ի վերջո ի՞նչ կոնկրետ գործողություններ կարող ենք ձեռնարկել ապագայում ցեղասպանությունները կանխելու համար։
–Համայնքը, թեկուզ փոքր, առանց հիշողության համայնք չի կարող լինել։ Հիշողություն չունեցող ժողովուրդը ժողովուրդ չէ։ Կարծում եմ, որ հիշողությունը ժողովրդի ինքնության կերտման հիմնարար գործոնն է: Միևնույն ժամանակ պետք է տեղյակ լինել, որ ինքնություն հասկացությունը կարող է վտանգավոր դառնալ, երբ այն կարևորվում է ի հակադրություն ուրիշների ինքնության: Մենք պետք է իրավացիորեն պահպանենք մեր ինքնությունը, բայց միայն հարգելով ուրիշների ինքնությունը կկարողանանք խաղաղ և համերաշխ հարաբերություններ հաստատել բոլորի հետ։ Եթե մենք ցանկանում ենք կանխել ապագա ցեղասպանությունները, պետք է կառուցենք հարգանքի և երկխոսության մշակույթ, պաշտպանենք բոլորի հատկապես փոքրամասնությունների իրավունքները և իրական քայլեր ձեռնարկենք ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության հասնելու համար:
Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ