Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Քրիստինա Քվինն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ, բայց ԱՄՆ դեսպանությունն առայժմ որեւէ կերպ չի անդրադարձել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Ապրիլ 24,2025 16:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանում ժամը 16:00-ի դրությամբ Միացյալ Նահանգների դեսպանությունն առայժմ որեւէ կերպ չի անդրադարձել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, չնայած դեսպան Քրիստինա Քվինն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք։

Մշուշոտ է մնում հարցը՝ արդյոք հունվարի 20-ին Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո ԱՄՆ նախագահը կշարունակի գործածել «ցեղասպանություն» եզրն իր ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձներում, թե՞ չորս տարի անց ամերիկյան իշխանությունները կրկին կմիանան թուրքական ժխտողական քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ Թրամփն իր նախագահության առաջին ժամկետում՝ 2017-2021 թվականների ապրիլի 24-ի իր չորս ուղերձներում զերծ է մնացել «ցեղասպանություն» եզրի արծարծումից՝ սահմանափակվելով «Մեծ եղեռն» արտահայտությամբ։

Թրամփին նախորդած նախագահները, մասնավորապես՝ Քլինթոնը, Բուշը եւ Օբաման նույնպես տարբեր պատճառներով հրաժարվել են «ցեղասպանությունից», փոխարենը կիրառել «Մեծ եղեռն» տարբերակը։

2021 թվականի ապրիլի 24-ին պաշտոնը դրանից երեք ամիս առաջ ստանձնած նախագահ Ջո Բայդենը հայերի դեմ 1915-ին սկիզբ առած ոճիրները որակեց ցեղասպանություն։ Ռաֆայել Լեմկինի ստեղծած այդ եզրույթը Բայդենը գործածեց նաեւ 2022-ի, 2023-ի  եւ 2024-ի ապրիլքսանչորսյան իր ուղերձներում։

Միացյալ Նահանգների նախագահի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուղերձը սովորաբար հրապարակվում է Վաշինգտոնում աշխատանքային օրվա մեկնարկից հետո։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930