ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ, օրագրային գրառումներ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր։
Դրանք ներառում են Հայոց ցեղասպանությունը վերապրած և Օսմանյան Թուրքիայից տարբեր պետություններ՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա գաղթած մեր հայրենակիցների վկայությունները։
Կարդացեք նաև
Ներկայացված են նաև 20-րդ դարի սկիզբին տարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում հայտնված մարդկանց վավերագրերը, հուշագրությունները, մամուլի հրապարակումները։
«Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն