Regionmonitor. Թուրքիայում «Մարդու իրավունքների կազմակերպության» ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի առիթով։
«Բազմիցս ասել ենք, որ ցեղասպանության ժխտումը միայն «մենք չենք արել» նախադասությունը չէ։ Դրանից հազար անգամ ավելի վատ է։ Այն ստիպում է զոհերի թոռներին իրենց առօրյայում վերապրել ցեղասպանությունը։ Ցեղասպանության ժխտումը նշանակում է հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռասիստ սերունդներ դաստիարակել, զոհերի հիշատակն անվերջ վիրավորել և ստիպել, որ նրանց սերունդների վերքերը անընդհատ արյունահոսեն։ Որպես ժխտման մեղավոր սերունդներ, մենք նույնպես պատասխանատու ենք և ապրում ենք դրա ծանր ամոթով», – նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սարսափազդու կոտորածները, աննկարագրելի բռնությունները չեն, այլ նաև կողոպուտ, թալան, ավար և հսկայածավալ գողություն է։ «Այդ թալանը չի սահմանափակվում ցեղասպանության զոհերի անհաշվելի առգրավված անշարժ գույքով, արհեստանոցներով, այգիներով, արտերով, առանձնատներով, տներով, հիվանդանոցներով, վանական համալիրներով և եկեղեցապատկան տարածքներով։ Թալանը նաև առնչվում է մի թեմայի, որի մասին քիչ են խոսում, որի մասի քիչ գիտեն։ Այն վերաբերում է սպանված հայերի բանկային հաշիվների, արժեքավոր իրերի սեյֆերի առգրավմանը։ Այս կողոպուտի արժեքի 1915թ․ փողով 22 միլիոն դոլար է հաշվվում», – նշված է հայտարարության մեջ։
Նշվել է, որ 2005թ․-ից ի վեր ամեն ապրիլի 24-ին կազմակերպությունը նույն պահանջն է հնչեցնում՝ վերջ դնել ժխտողականությանը, ընդունել մեղքն ամբողջ իրավական հետևանքներով, քանի որ միայն «այդ ժամանակ գետերով հոսող, հովիտներում իրար վրա դիզված, ժայռերից նետված, ծովերում խեղդված, արժանապատվորեն չթաղված անգերեզման մեռելների հոգիները հանգիստ կգտնեն։ Արդարությունը կհաղթի։ Հակառակ պարագայում ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի։ Ինչպես ամեն ապրիլի 24-ին, այս անգամ էլ կրկնում ենք՝ ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: