Երկար ժամանակ է՝ որոշել էի չգրել․ մանր քաղաքական ինտրիգներին հետևելը ինչ-որ վատ զգացում է առաջացնում։ Ո՞վ պետք է դառնա Գյումրու քաղաքապետ, հետո Անդրանիկ Քոչարյանն ի՞նչ ասաց լրագրողին, կխնդրի՞ ներողություն, թե» ոչ, Խաչատուր Սուքիասյանն ինչո՞ւ բղավեց լրագրողի վրա։ Իսկապես, ինչ–որ տարօրինակ զգացում է առաջ բերում այդ ամենին հետևելը, որովհետև կարծես թե ջղայնանում ես, որ հիմնական հարցի փոխարեն՝ գերխնդրի, հասարակությանը տանում են դեպի մանր-մունր հարցեր։
Իսկ ո՞րն է այդ կարևորը։ Շատերը երևի թե կասեն՝ խաղաղության պայմանագիրը։ Այստեղ պետք է ասել «ոչ» ու կանգ առնել, ու երկար խոսակցություն է սպասում մեզ։ Իսկապե՞ս։ Խաղաղության պայմանագի՞րն է հարցերի հարցը մեզ համար։ Արդյոք մեր ողջ ինքնությունը, մեր ով լինելը խնամքով պարուրված է խաղաղության պայմանագիր ունենալու մեջ։
Կա մի ավելի կարևոր հարց, որին մենք արդեն քանի տասնամյակ չենք ցանկանում պատասխանել, ավելին՝ մենք չենք ցանկանում անգամ այդ հարցը տալ մեզ։ Վերջիվերջո, մենք քրիստոնյա՞ ժողովուրդ ենք, թե՞ պարզապես, այսպես կոչված, մշակութային քրիստոնյաներ։
Արդյոք մեր քրիստոնեական ժողովուրդ կոչվելու ողջ իմաստը կայանում է Զատիկի տոնին ձու ներկելու մեջ, մեկ էլ, որ հոգևոր առաջնորդները խոսեն հողերի վերադարձի և սրբությունների վերադարձի մասին՝ առանց նշելու իսկական բանալին այդ ամենի վերադարձի համար և, որն ավելի կարևոր է՝ ճանապարհային քարտեզը։
Կարդացեք նաև
Ո՞ւմ է պետք այդ սրբությունների վերադարձը, եթե այդ սրբությունները մենք գնահատել չեն կարողանում։ Ո՞ւմ են պետք այդ սրբություններն, եթե մենք անգամ սրբության մասին չենք խոկում ու չգիտենք, թե այդ սրբություններն ինչ են։ Ո՞ւմ են պետք այդ սրբություններն, եթե մենք մոռացել ենք Աստծուն՝ Սուրբ Աստծուն։ Մենք հիշում ենք սրբություններն ու ուզում վերադարձնել դրանք, բայց չենք ուզում լսել, չենք ուզում խոկել, չենք ուզում ինքնահայեցում կատարել ու հարց տալ թե ինչո՞ւ Աստված։ Մենք ուզում ենք վերադարձնել սրբություններն, բայց չվերադառնանք Աստծուն։ Մեզ պետք են սրբություններն և ոչ Աստված։ Նա մեզ խանգարում է անել այն, ինչ ուզում ենք, և պոռոտախոս խոսել, թե ինչեր են արել մեր նախնիներն, և թե ինչ սրբություններ կան մեր երկրում։
Արդյոք մենք քրիստոնյա ենք ընդհանրապես։ Ախր, եթե իսկապես համարում ենք մեզ քրիստոնյա, ապա պետք է վերհիշենք, Աստվածաշնչից այն պատմություններն, երբ Տերը լքում էր հրեաներին իրենց մեղքերի պատճառով և հրեաները պարտվում էին, երբ Ուխտի Տապանակն անգամ անհետացավ։
Ախր առանց Աստծո կամքի անգամ տերևը չի կարող ընկնել ծառից, ուր մնաց՝ Արցախի հայաթափում և Արցախի կորուստ։ Բայց փոխարենը՝ մենք այս տարիների ընթացքում անցնեինք ապաշխարության շրջան և այսպես ասած խելքի գայինք, մենք միայն անդադար գոռում ենք վերադարձնելու մասին։
Բայց դա գոռալով չի կարող ստացվել։ Եթե ստացվի էլ, ապա նորից կկորցնենք։ Պետք է հասկանալ, որ ունենալով առաջին քրիստոնյա ժողովրդի տիտղոսը՝ մենք ունենք մեծ առաքելություն, իսկ մենք ընդհանրապես մոռացել ենք՝ թե՛ որ քրիստոնյա ժողովուրդ ենք, և թե՛ որ ունենք առաքելություն։
Պետք է անցնել ապաշխարության շրջան, պետք է հարց տալ Աստծուն «Ինչո՞ւ Աստված մեր», և Նա կպատասխանի, անպայման կպատասխանի։ Պետք է վերստին քարոզել ժողովրդին, պետք է ազգովի վերադառնալ Աստծուն՝ մեծից փոքր, հոգևորականից նիկոլական, նիկոլականից քոչարյանական, քոչարյանականից սերժական, սերժականից լևոնական, ռուսամետից եվրոպամետ։
Դա միակ բանն է, որ մեզնից է կախված և մեր ձեռքում է՝ ապաշխարելը։ Դա մի բան է, որ ո՛չ Ալիևը կարող է մեզ արգելել, ո՛չ Պուտինը, ո՛չ Էրդողանը և ո՛չ էլ որևէ մեկը։ Պետք է սկսել հիմա, պետք է մի բան անել, որը կարող ենք անել, և ոչ թե անդադար հաշվարկներ, թե որ տերությունն ինչ կանի։ Պետք է ցորենը ցանել, իսկ Աստված անձը կուղարկի։
Պետք է սկսել ապաշխարության շրջան՝ պետք է շրջվել դեմքով դեպի Աստված, և Աստված իր հայացքը դեպի մեզ կուղղի։
Բայց մեր հայացքներն հիմա ամենուր են՝ Ռուսաստանից ԱՄՆ, Եվրոպա, ընդդեմ իրար, ընդդեմ Նիկոլ, Ռոբերտ, Սերժ, բայց ոչ դեպի Աստված։
Ուշքի եկ, հայ ժողովուրդ։ Քանի դեռ շնչում ենք, ապա դեռևս շանս ունենք, ինչպես այն ավազակն, որ Քրիստոսի կողքին էր, և իր մահից մի քանի րոպե առաջ կարողացավ փրկություն ձեռք բերել ապաշխարելով։ Մենք դեռ շնչում ենք, ուրեմն դեռ շանս կա, ուրեմն Աստված դեռ սպասում է մեզ ու հավատում․․․մնում է, որ մենք էլ Աստծուն հավատանք, ու ունենանք տղամարդկություն՝ հավատալու և ունենանք նողկանք՝ ընկճախտի դեմ։
Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ