«Տեսնում ենք, որ չդատապարտված ցեղասպանությունն իր շարունակությունն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀ իշխանության դիրքորոշումը, թե Ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց համար առաջնահերթություն չէ, Սամվել Շահրամանյանը պատասխանեց. «Իշխանության մեկնաբանումները ես թողնում եմ ՀՀ քաղաքացիներին: Անհնարին է մոռացության մատնել Ցեղասպանության դրսեւորումը»:
Լրագրողներն այլ հարցեր էլ ուղղեցին․ օրինակ, ինչո՞ւ Հայաստան գալուց հետո ինքը Արցախի լուծարման հրամանագիրը չչեղարկեց։
«Այդ փաստաթուղթը որեւիցե իրավական ուժ չունի: Դրա մասին մենք հայտարարել ենք, դրա պատճառների մասին խոսել ենք, Արցախի տեղեկատվական շտաբով մանրամասն տեղեկություն տվել ենք։ Դրան ավելացնելու բան չունեմ»,- եղավ պատասխանը:
Կարդացեք նաև
Հնչած եւ դեռ հնչող մեղադրանքներին՝ ինչպե՞ս եղավ, որ ինքը ուղղաթիռով եկավ Հայաստան, իսկ Արցախի մյուս նախագահները մնացին ու գերեւարվեցին,Սամվել Շահրամանյանը պատասխանեց. «Ես ամենավերջում եմ դուրս եկել, այդ թվում՝ գերեվարվելուց հետո: Ես Արցախում էի, երբ Արցախի նախկին նախագահներին ձերբակալեցին: Ես տեսել եմ՝ ինչպես են նրանց տարել։ Դրա մասին այս պահին չեմ ուզում խոսել, հետագայում առիթ կունենանք, մանրամասն կանդրադառնանք։ Մենք թաքցնելու բան չունենք: Այս պահին կան գործընթացներ, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Դրանով է պայմանավորված մեր զսպվածությունը։ Հենց առաջին օրվանից մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը, խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու․ այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը»:
Իր պնդմամբ, հնարավորություն չկար բանակցություններով հասնել նրան, որ նախկին նախագահները եւ մյուսները չգերեվարվեն:
Սամվել Շահրամանյանը նաեւ ասաց, որ հստակ որոշում չունի՝ Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 21-ին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ