Եվրոպական խորհրդարանի և եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել և քննադատել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ, հայտնում է «Արմենպրես»-ը։
Այս մասին պատգամավորները գրառումներ են կատարել X-ի իրենց միկրոբլոգներում։
Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆորլասն իր գրառման մեջ նշել է․ «Կայա Կալասի` ապրիլի 25-ի Ադրբեջան կատարելիք այցը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Այս այցը տեղի է ունենում Ադրբեջանի շարունակական անդրսահմանային բռնության, հայ խաղաղ քաղաքացիների անօրինական կալանավորման և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դեմ ուղղված բացահայտ սպառնալիքների ֆոնին»:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն, իր հերթին, գրել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին սկանդալային է իմանալ, որ ԵՄ բարձր ներկայացուցիչն ապրիլի 25-ին մեկնում է Ադրբեջան, մինչ հայ բանտարկյալները գտնվում են Բաքվի բանտերում։
Կարդացեք նաև
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսեսկ Մարկ Ալվարոն իր գրառման մեջ նշել է, որ ապրիլի 25-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Բաքու մեծ մտահոգության տեղիք է տալիս․ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատ է, և այս այցը կարող է վնասել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին՝ առանցքային գործընկերոջ, որն ամուր նվիրվածություն ունի խաղաղությանը»:
Իսպանիայի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ջոն Ինյարիտուն, մասնավորապես, գրել է․ «Մինչ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, Կայա Կալասը պաշտոնական այցով մեկնում է Բաքու։ Կովկասի մյուս երկրները նպաստում են ժողովրդավարությանը և խաղաղությանը, սակայն ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս ավտորիտար և ագրեսիվ բռնապետությանը»:
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Միքայել Ռոթն էլ իր գրառման մեջ հարց է ուղղել Կայա Կալասին, թե արդյոք Եվրոպայի համար գազն ավելի կարևոր է, քան եվրոպամետ հանձնառությունը։
«Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմ՝ խուսափելով Երևանի ժողովրդավարությունից: Մինչդեռ Ադրբեջանը մերժում է մեր արժեքները, Հայաստանը մոտենում է Եվրոպական միությանը: Ինչպե՞ս է ռազմավարական մտածողության վիճակը Բրյուսելում»,-գրել է նախկին պատգամավորը:
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագուլիսը նույնպես քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։
«Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում դեմոկրատական Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,-իր գրառման մեջ նշել է պատգամավորը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։
Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում են մամուլի համար հայտարարություններ։ Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա Եվրոպական երիտասարդ դեսպանների հետ։