Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեց «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» երկօրյա գիտաժողովը

Ապրիլ 24,2025 14:36

Ապրիլի 22-23-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի նախաձեռնությամբ կայացավ միջազգային և կարևոր գիտաժողով։ «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» խորագրով գիտաժողովի նպատակն էր համակողմանիորեն ուսումնասիրել և հանրահռչակել 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 50-րդ տարելիցի կապակցությամբ Խորհրդային Հայաստանում եւ Սփյուռքում սկիզբ առած ազգային զարթոնքը, ինչպես նաև դրա ազդեցությունը հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի վրա։

Առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ տեսակապով, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Պավել Ավետիսյանը։ Իր խոսքում Աշոտ Մելքոնյանը ցավ հայտնեց, որ մեզանում վերաբերմունքը Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ փոխվում է։ Ժամանակին նույնիսկ ամոթ էր Հայաստանում քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, քանի որ դժվար թե մեր երկրում լինեին մարդիկ, որ ժխտեին այդ իրողությունը։ Սակայն այսօր, ելնելով քաղաքական իրողություններից, 2020-2023թթ․ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից, կան մարդիկ, որ նույնիսկ հակված են մոռանալ ցեղասպանության մասին։ Եվ այս պայմաններից ելնելով է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի կապակցությամբ հրավիրել է միջազգային գիտաժողով։

Ակադեմիկոս Յուրի Սուվարյանն իր խոսքում նշեց՝ ցեղասպանությունը մեր ժողովրդի սև էջերից է, և չանդրադառնալ դրան՝ ուղղակի անթույլատրելի է։ Նշեց նաև՝ մեր ազգի հանդեպ ցեղասպանությունը սկիզբ է դրվել 19-րդ դարի վերջերին՝ Սուլթան Համիդի օրոք, այնուհետև 1915-ին, 1920-ին Շուշիում, 1988-ին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր։ Իսկ վերջերս Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում է և ցեղասպանություն։ Յուրի Սուվարյանն անդրադարձավ նաև 1920-ական թվականներին Արցախում կատարված ցեղասպան իրադարձություններին։ Հետագա նման իրողությունների չենթարկվելու նպատակով, ակադեմիկոսը կարևորում է ունենանք հզոր պետություն՝ հզոր բանակով ու տնտեսությամբ։ Ցավ հայտնեց, որ այսօր, չնայած ունենք գիտական մեծ ուժ՝ աշխարհով մեծ ցրված, և չենք օգտագործում դա։

2-օրյա գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրեցին տարբեր զեկույցներ՝ նվիրված ցեղասպանության իրողությանը,  շարժման բարոյահոգեբանական, քաղաքական և հասարակական նշանակությանն ու արդարության վերականգնման հնարավոր հեռանկարներին։ Առավել կարևորվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի մեկնարկը, նրա հիմնական փուլերի վերլուծությունն ու ներկայացումը։ Անդրադարձ եղավ Սփյուռքի համայնքների, կառույցների և կազմակերպությունների մասնակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործին։

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանի զեկույցում անդրադարձ եղավ  Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունմանը։ Իսկ  «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը Լիբանանի խորհրդարանի կողմից» ելույթով։

Գիտաժողովի վերջին նիստը, որը նախագահեց պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը, նվիրված էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերին ԽՍՀՄ-ում։ ՀՀ ԳԱԱ ՊԻ գիտաշխատող Վ․ Բալայանը ներկայացրեց «1960-ական թվականների համահայկական զարթոնքի ազդեցությունն Արցախում ազգային-ազատագրական պայքարի ծավալման գործում» զեկույցը՝ կարևորելով արցախցի շատ մտավորականների դերը։

Նույն ինստիտուտից պ.գ.թ., դոցենտ Իսկուհի Ավանեսյանի «Ազգային գաղափարների շուրջ պայքարի նոր վերելքն Արցախում 1980-ական թվականներին» զեկույցում անդրադարձ եղավ Արցախյան շարժմանը։

Կ.գ.թ., դոցենտ, ՃՇՀԱՀ դասախոս Մարիամ Ավագյանը, որը ծնունդով Արցախի Բանանց գյուղից է, ներկայացրեց «Ազգային զարթոնքը Բանանցում հարվածի տակ էր» զեկույցը՝ լուսանկարներով ներկայացնելով իր ծննդավայրն ու նրա մարդկանց։

Վերջում ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ ՊԻ գիտաշխատող Հովիկ Ավանեսովը, որը մշտապես հետևում է բռնազավթված Արցախում նաև պատմական հուշարձանների հանդեպ իրականացվող ցեղասպանությանը։  «Մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պայքարն Արցախում 1960-80-ական թվականներին» զեկույցում նշվեց՝ դեռևս խորհրդային տարիներին է Արցախում գոյություն ունեցող հայոց պատմամշակութային ժառանգությունն ադրբեջանցի վայ-գիտնականների կողմից համարվել աղվանական։

Վերջում հարց ու պատասխանից հետո կայացավ գիտաժողովի ամփոփում։ Պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ՊԻ գիտաշխատող Արմեն Մարությանը, որը նաև հանդես էր եկել «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի նշանակությունը այդ հանցագործության հետևանքների հաղթահարման համատեքստում» զեկույցով, նախագահել էր առաջին նիստը, իր ամփոփիչ խոսքում կարևորեց գիտաժողովի նշանակությունը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, ելույթ ունեցողներին։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930