«Որտե՞ղ է սահմանազատման-սահմանագծման գործընթացը, ե՞րբ ավարտվեց․ երբ որ իրենք տվեցին չորս հայկական գյուղերը ու այդտեղ ավարտվեց։ Ինչո՞ւ Տավուշում, որովհետեւ բարենպաստ դիրքեր ունեինք Տավուշում։ Գործընթացը պիտի գնա եւ այն պետք է շարունակվի։ Շարունակվո՞ւմ է արդյոք։ Ջերմուկից դո՞ւրս են եկել ադրբեջանական զորքերը, Հայաստանի սուվերեն տարածքից, այդ սահմանազատման արդյունքում»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ հպարտության պատ են դրել իշխանությունները, նա արձագանքեց․ «Ճաքած պատը, ճաքած պատի մոտ իրենց ամենաապահով տեղն է լինելու այսօր»։
Հիշեցնենք, իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սահմանազատված եւ սահմանագծված Հայաստանում մենք պետք է վերապրենք Հայոց եղեռնը։
«Մեկ բան է հարեւանների հետ ունենալ բարի դրացիական հարաբերություններ, այլ բան՝ փորձել բաները, որոնք որ տեղի են ունեցել, ցույց տալ, որ տեղի չեն ունեցել ու նրա համար, որ բարեհաճ լինես ագրեսորի հանդեպ։ Դա նորմալ վարքագիծ չէ, անարժանապատիվ է եւ հենց այդ պատճառով է ձախողվում խաղաղության համաձայնագիրը»,- կարծում է Մանե Թանդիլյանը։
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունները դադարել են ներկայացնել հայ ժողովրդին, պարզապես տառապում են ստոկհոլմյան սինդրոմով՝ հարցեր եւ հարցականներ ունեն Հայոց ցեղասպանությանն առնչվող։ Իր համար զարմանալի էլ չէ այդ վարքագիծն ունեցող ուժի եւ անձի համար՝ նման հայտարարությունները, իսկ դրոշներն այրելը համարում է քաղաքական ակցիա։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը «սադրիչ եւ հրահրող» էր որակել ՀՅԴ երիտասարդների կազմակերպած ավանդական ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ