Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի հետ հարաբերութունների շղարշի տակ փորձում են մեզ զինաթափել, որպեսզի ցեղասպանության հաջորդ փուլն իրականացնեն»․ Ավետիք Չալաբյան

Ապրիլ 24,2025 13:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր այստեղ գտնվելը վերահաստատում է եւ մեր կամքը, եւ վճռականությունը՝ հասնելու ոչ միայն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլեւ նրա համատարած, համապարփակ դատապարտմանը եւ արդարության վերականգնմանը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ այսօրվա իրողության պայմաններում Հայոց ցեղասպանությունը հավելյալ արդիականություն է ստացել, որովհետեւ երկու տարի առաջ տեսանք այդ ցեղասպանության իրական շարունակությունն Արցախում։ Նույն ցեղասպան պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ Արցախի բռնազավթում եւ բնիկ հայ բնակչության համատարած տեղահանություն։

«Բայց Արցախի հարցը փակված չէ, ինչպես փակված չէ Ցեղասպանության հարցը, եւ մենք այստեղ ենք՝ վերահաստատելու մեր վճռականությունը, որ պայքարը շարունակվում է՝ արդարության հաստատման եւ մեր իրավունքների վերականգնման համար։ Այս իրավունքների համար պայքարը վերացական չէ, ամբողջ աշխարհում է տեղի ունենում, տասնամյակներով բազմաթիվ հայեր, հայկական կազմակերպություններ, մեզ համակրող օտարներ այդ պայքարի մեջ են։ Սա հսկայական գործընթաց է, որի մաս ենք կազմում մենք եւ որը շարունակելու ենք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք նախագիծ էինք դրել շրջանառության մեջ, որն ուներ երկու կետ։ Մեկը քրեականացում էր նախատեսում Արցախի անկախությունից հրաժարվելու համար, մյուսը՝ քրեականացում էր նախատեսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։ Այս երկու կետն էլ անում է գործող իշխանությունը, եւ ես ուզում եմ համոզմունքս հայտնել, որ վաղ թե ուշ այդ գործողությունները կքրեականացվեն, եւ բոլոր նրանք, ովքեր այդ գործողություններն իրականացրել ենք, քրեական պատժի կենթարկվեն»,- ասաց Չալաբյանը։

Նա հարցադրում արեց՝ ի՞նչ է տալու մեզ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը։ Կարո՞ղ է այդ հարաբերությունները նրա համար են, որ ցեղասպանություն տեղի ունենա։ Թե՞ մենք դաս պետք է քաղենք պատմությունից եւ հասկանանք, որ ցեղասպան ու ագրեսոր պետությանը սիրաշահելով՝ անվտանգություն ձեռք չես բերի։

«Մենք առաջնահերթ պետք է մտածենք մեր անվտանգության մասին, իսկ անվտանգությունը պահանջում է շարունակել պայքարը ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման համար։ Թուրքիան շարունակում է մնալ նույն ցեղասպան պետությունը, եւ նրան սիրաշահելու ցանկացած փորձ բերելու է մեր բանակցային դիրքերի թուլացմանը, մեր դիմակայունության թուլացմանը։ Եվ որպես հետեւանք՝ մենք թույլ ենք տալու Թուրքիային կամ պարտադրել մեզ այնպիսի պայմաններ, որի արդյունքում ստիպված ենք հեռանալ մեր հայրենիքից, կամ Թուրքիայի կողմից ենթարկվել նոր ցեղասպանության։ Թուրքիայի այսօրվա վարքագիծը եւս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիայի հետ չի կարելի փորձել միակողմանի հարաբերություններ բարելավել։ Իշխանությունն ընդհանրապես ասո՞ւմ է՝ Թուրքիայի հետ վարվող իր քաղաքականությունն ինչ նպատակ է հետապնդում։ Մենք կարող ենք պնդել, որ այս իշխանությունն ամենայն լրջությամբ նպատակ է հետապնդում Հայաստանը հանձնել Թուրքիայի գերիշխանության տակ։ Եթե նպատակը դա է, եկեք հասկանանք, մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, արդյոք կիսո՞ւմ ենք այդ նպատակը։ Մենք այս իշխանություններին երբեւէ մանդատ տվե՞լ ենք՝ այդպիսի նպատակ հետապնդելու։ Եթե ոչ, այդ դեպքում ինչո՞ւ է ինքն այդպիսի նպատակ հետապնդում»,- հավելեց Ավետիք Չալաբյանը։

Իրական հաշտեցումը, նրա խոսքով, հնարավոր է միայն փոխադարձության սկզբունքով։ Եթե Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, չի փորձում մեղմել հետեւանքները, նշանակում է՝ անկեղծ չէ։ Դա նշանակում է, որ Թուրքիան շարունակում է հայերին դիտարկել որպես ցեղասպանության օբյեկտ։ Հիմա հարաբերությունների շղարշի տակ փորձում են մեզ զինաթափել, որպեսզի ցեղասպանության հաջորդ փուլն իրականացնեն։ Եվ դա վերացական չէ, Արցախում մենք տեսանք այդ ցեղասպանության հաջորդ արարը։

«Երբ այս իշխանությունը փոխվի, իսկ դրան շատ չի մնացել, այս ամբողջ միակողմանի գործընթացը դադարեցվում է։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում ՝ հետեւյալը՝ իրական Հայաստանն այն Հայաստանն է, որը ենթարկվում է Թուրքիային։ Այսինքն՝ Փաշինյանի վերջնախաղը 5 տարի հետո հետեւյալն է, որ հայերը պետք է իսլամ ընդունեն եւ թուրքերեն խոսեն, որպեսզի կարողանան այս տարածաշրջանում ապրեն»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930