«Հայաստանի կառավարությունը չի ցանկանում պաշտպանել բոլոր հայերի իրավունքները: Կարծում եմ՝ եթե այս միտումը շարունակվի, մենք կբախվենք մի իրականության, որտեղ Սփյուռքը կունենա իր առանձին օրակարգը՝ պաշտպանել ազգային շահերն ու պատմական արդարությունը, ճիշտ ինչպես խորհրդային ժամանակներում, երբ կոմունիստները դեմ էին Հայաստանի եռագույն դրոշի կիրառմանը եւ թիրախավորում էին Սփյուռքի ազգային ձգտումները: Ի պատասխան՝ Սփյուռքն ուներ իր սեփական օրակարգը եւ խորհրդանիշերը»։ Այս մասին Aravot.am-ին տված իր հարցազրույցում ասաց Հայ դատի Միացյալ Թագավորության հանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանը ՝ ավելացնելով, որ oտարների մոտ տպավորություն է ստեղծվում, որ հայերը միասնական չեն գործում։
«Հայոց ցեղասպանության ճանաչումը մնում է Հայ դատի առաջնահերթություններից մեկը, հատկապես Միացյալ Թագավորությունում: Ինչո՞ւ է սա կարեւոր: Որովհետեւ չճանաչված հանցագործությունը կարող է կրկնվել, ինչպես եղավ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտման դեպքում»։
Ցեղասպանությունն ու ԼՂ էթնիկ զտումը փոխկապակցվա՞ծ են
Կարդացեք նաև
Անէթ Մոսկոֆեանին հարցրինք՝ 1915 թվականի եղեռնագործությունը եւ 2023 թվականին արցախցիների հայրենազրկումը փոխկապակցվա՞ծ ոճրագործություններ են։
Հայ դատի ներկայացուցչի համոզմամբ՝ քանի դեռ Թուրքիան եւ Ադրբեջանը պարուրված են անպատժելիությամբ, չկա երաշխիք, որ 1915-ի կամ 2023-ի հանցագործությունները չեն կրկնվի, այս անգամ՝ ՀՀ բնակչության դեմ։
«Հենց դրա համար է ճանաչումը կարեւոր, եւ Հայ դատի հանձնախումբը համաշխարհային մասշտաբով լոբբինգ է իրականացնում՝ կանխելու հայերի ապագա ցեղասպանությունը եւ ապահովելու Հայաստանի անվտանգությունը», – ընդգծում է զրուցակիցս։
«[Թագավորության] արտաքին քաղաքականության մեջ մենք որեւէ փոփոխություն չենք նկատել»
Նախորդ տարվա հուլիսի արտահերթ ընտրություններից ի վեր Միացյալ Թագավորությունում իշխում են աշխատավորականները (լեյբորիստները – խմբ․)։ Հետաքրքրվեցինք՝ Հայ դատի հանձնախումբն ի՞նչ կապեր է հաստատել նոր կառավարության հետ՝ ՄԹ-ի կողմից Հայաստանին աջակցելու համատեքստում։
«Արտաքին քաղաքականության մեջ մենք որեւէ փոփոխություն չենք նկատել: Սակայն, մենք շարունակում ենք կանոնավոր նամակներ ուղարկել եւ օգնություն ստանալ Հայաստանի հետ միջկուսակցական խորհրդարանական խմբից (խորհրդարանական բարեկամության խումբ – խմբ․), որի քարտուղարական աշխատանքը Հայ դատի ՄԹ հանձնախումբն է կատարում», – նշում է Անէթ Մոսկոֆեանը։
Նա հավելում է՝ աշխատավորականների հետ աշխատանքներ են տարվել նաեւ, երբ նրանք ընդդիմություն էին։
«Աշխատավորականները շատ լավ գիտեն իրավիճակը եւ ընկալում են տարածաշրջանն ու Հայաստանին սպառնացող վտանգները: Սա՝ շնորհիվ Հայ դատի Միացյալ Թագավորության հանձնախմբի, որը հանդիպումներ է ունեցել նրանց հետ, երբ նրանք ընդդիմություն էին, եւ նրանց կանոնավոր կերպով ուղարկել են տեղեկագրեր, իսկ որոշ կուսակցականներ նույնիսկ մասնակցել են խորհրդարանական քննարկումներին, որոնք մենք կազմակերպել էինք Արցախյան պատերազմի եւ շրջափակման ժամանակ»:
«Հաճոյանալը միայն կթուլացնի Հայաստանի ինքնիշխանությունը»
Ըստ Մոսկոֆեանի՝ Ցեղասպանության ճանաչման հետապնդումը կարեւոր է նաեւ հայկական պետության ապագա անվտանգության համար։
«Հայաստանի գոյությունը ձեռնտու չէ ադրբեջանական եւ թուրքական շահերին, եւ նրանք ամեն ինչ կանեն Հայաստանը աշխարհի քարտեզից ջնջելու համար», – մտահոգություն է հայտնում Մոսկոֆեանը՝ շեշտելով նաեւ, որ այս գործին օժանդակում է նաեւ վարչապետ Փաշինյանի իշխանությունը։
«Փաշինյանի վարչակազմը կարծում է, որ թշնամուն հաճոյանալով նրանք ապահովում են Հայաստանի պետականությունը: Մենք գործ ունենք մարդասպան, ցեղասպան պետությունների հետ։ Նրանց հաճոյանալը միայն կթուլացնի Հայաստանի ինքնիշխանությունը եւ նրա պետականությունը: Մենք պետք է դասեր քաղենք պատմությունից», – ընդգծում է Հայ դատի ՄԹ հանձնախմբի նախագահը՝ հղում կատարելով Նեւիլ Չեմբեռլենի «խաղաղություն մեր ժամանակի համար» հայտարարությանը, որին հաջորդեց Ադոլֆ Հիտլերի ախորժակի ընդարձակումը։
Անէթ Մոսկոֆեանի մեկնաբանմամբ՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն «իրենց հետեւողական հայտարարություններով կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության եղելությունը»՝ հստակ արտահայտելով, որ Ցեղասպանության ճանաչումը «Կառավարության համար առաջնահերթություն չէ»։
Ձեւավորվում է վտանգավոր նոր Հայաստան
«Մենք տեսել ենք այսպես կոչված «Իրական Հայաստանի» հռետորաբանությունը, Հայաստանի զինանշանում Արարատ լեռը փոխարինելու առաջարկները։ Մենք տեսել ենք Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչող Փաշինյանի հայտարարությունը», – թվարկում է մեր զրուցակիցն ու եզրահանգում՝ «Այս բոլորը վկայում են այն մասին, որ մենք գործ ունենք վտանգավոր նոր Հայաստանի ձեւավորման հետ, որը ամեն ինչ կանի թշնամուն գոհացնելու համար»:
Մոսկոֆեանի խոսքով՝ Հայաստանի զիջողականությունը կթուլացնի Հայաստանը եւ ի վերջո կբերի նրա անկմանը որպես պետություն:
Նա անդրադարձավ նաեւ իշխանությունների՝ Հայաստանի աննախադեպ ինքնիշխանության մասին պնդումների եւ Բաքվի՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու պահանջի հակասությանը։
«Այս ամենն արվում է այն քողի տակ, որ կառավարությունը փորձում է Հայաստանն ավելի ինքնիշխան դարձնել։ Ինչպե՞ս կարող է մի երկիր, որը անում է այն, ինչ թելադրում է թշնամին, ինքնիշխան լինել այն աստիճան, որ հարկադրված է փոխել իր Սահմանադրությունը»:
Ադրբեջանը ջանասիրաբար աշխատում է, Հայաստանը՝ ոչ
Անէթ Մոսկոֆեանի դիտարկմամբ՝ դժվար է որեւէ երկրից աջակցություն ակնկալել, երբ Հայաստանն՝ ի դեմս կառավարության, պասիվ քաղաքականություն է վարում։ Ըստ մեր զրուցակցի՝ «Հայաստանի դիվանագիտությունը մեկուսացման մեջ է»։
«Ադրբեջանը շատ ջանասիրաբար աշխատում է՝ հաստատելու իր ազդեցությունը նոր աշխարհակարգում, բայց մենք Հայաստանից ոչինչ չենք տեսել, բացի զիջումներից», – Անէթ Մոսկոֆեանի կարծիքն է։
«Բոլոր երկրները գործում են իրենց ազգային շահերին համապատասխան, եւ եթե նրանք ընդհանուր շահեր ունեն այլ երկրների հետ, նրանք օգնում են միմյանց եւ դառնում դաշնակիցներ: Ցավոք, Հայաստանը չի կարողացել ձեռք բերել դաշնակիցներ, քանի որ չի եղել նախաձեռնող իր դիվանագիտության մեջ։ Հետեւաբար, այս ձախողման պատճառով մենք մեկուսացման մեջ ենք»։
Անէթ Մոսկոֆեանը համոզված է՝ սա մեծ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը:
Եզրափակելով՝ Հայ դատի Միացյալ Թագավորության հանձնախմբի նախագահը տարակուսում է՝ իրականությունը շատ տխուր է։
Անէթ Մոսկոֆեանը կոչ արեց պատրաստ լինել դիմակայել այս իրականությանը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է զրուցակիցը․ Ծիծեռնակաբերդ, 2022թ․, Անէթ Մոսկոֆեանը բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ