Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նկատմամբ ցեղասպանությունը շարունակվում է, պիտի ունենանք հզոր պետություն ու հզոր բանակ, որ կանխարգելենք»․ Յուրի Սուվարյան

Ապրիլ 24,2025 11:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք պիտի անպայման արձագանքենք ցեղասպանություն երեւույթին, որովհետեւ դա մեզ հետ սկսել է պատահել 19-րդ դարի վերջից՝ Աբդուլ Համիդի ժամանակներից եւ շարունակվել է մինչեւ վերջերս, մինչեւ Արցախի էթնիկ զտումը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակագիտական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

Նա նշեց, որ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը եւս ցեղասպանության տարրեր են պարունակում։ Այդ ամենը եզրափակվեց Արցախի բռնազավթմամբ։ «Հիմա մենք մեզ պիտի հարց տանք՝ ինչո՞ւ է այդ երեւույթը տեղի ունենում մեր ժողովրդի հետ, ի՞նչն է պատճառը եւ ինչպե՞ս կանխենք նման երեւույթները։ Ես կարծում եմ, որ մեր հարեւան ժողովուրդը՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուղղակի իրենց պատմությունն են կերտում մեր հաշվին, մեր պատմությունը կեղծելու հաշվին, մեր տարածքներն են գրավում՝ իրենց պետությունն ուժեղացնելու համար, մեր ռեսուրսներն են իրացնում։ Եվ ինչպե՞ս կարող ենք կանխել դա, ցեղասպանության պատճառը հենց դա է»,- ասաց նա։

Յուրի Սուվարյանի խոսքով՝ մինչեւ 1914 թվականը Թուրքիայում գործող կրթական հաստատությունների 80 տոկոսը հայկական էին, արտադրական կազմակերպությունների 80 տոկոսը հայկական էր, այդ երկրի կապիտալը մեծ մասամբ հայկական էր։ Եվ հայ ժողովրդին կոտորելով ու վտարելով իրենց պատմական տարածքից, թուրքերը տիրացան ոչ միայն մեր տարածքին, այլ նաեւ մեր ունեցած հզոր արդյունաբերական ու կրթական ներուժին։ Եվ այդ նույն երեւույթը շարունակվում է առ այսօր։

«Մենք պիտի ունենանք հզոր պետություն՝ հզոր տնտեսությամբ, հզոր գիտությամբ եւ կարողանանք մեզ պաշտպանել արտաքին բոլոր ոտնձգություններից։ Իբրեւ օրինակ բերեմ Իսրայելը, որը գտնվում է ոչ բարեկամական երկրների շրջապատում, բայց իր հզոր տեխնոլոգիական զարգացմամբ, իր ստեղծած հզոր բանակով, մրցունակ տնտեսությամբ կարողանում է դիմակայել։ Իհարկե, կա ԱՄՆ հովանավորությունը, բայց հովանավորում են ուժեղին, որպես կանոն՝ թույլն անտեր է մնում։ Եվ այս պատճառով մենք ոչ միայն պիտի հարգենք մեր ցեղասպանված ազգակիցների հիշատակը, այլ նաեւ դաս քաղենք պատմությունից եւ կարողանանք ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի այդպիսի երեւույթներ մեր պատմության ընթացքում այլեւս տեղի չունենան։ Եվ ճանապարհն ասացի՝ հզոր պետություն ու հզոր բանակն ունենալն է»,- նշեց Սուվարյանը։

Ըստ նրա՝ պետք է կարողանանք մեր բանակը զինել գերազանցապես մեր միջոցներով։ Որոշ քայլեր արվում են այդ ուղղությամբ, բայց, նրա խոսքով, ավելի կտրուկ քայլեր պետք է արվեն։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930