«Այդ հարցն ինձ վերաբերելի չէ, ինձ որպես անձ չեք մոտեցել, որպես պետական պաշտոնյա եք մոտեցել»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե կիսո՞ւմ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Նա միայն ասաց․ «Հայաստանի պատմության համար սա շատ ողբերգական դեպք է»։
Ծովինար Թադեւոսյանն անդրադարձավ նաեւ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակին։
Օրերս հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ ավելի վաղ նույն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները դաժան ծեծի էին ենթարկվել։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այս դեպքերին՝ Ծովինար Թադեւոսյանն ասաց․ «Ցանկացած գործի վերաբերյալ իրականացվում է քննություն, քննության արդյունքներով կպարզվի իրականությունը»։
Ինքնասպանության դեպքերի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում կանխել դրանք, Թադեւոսյանն ասաց․ «Միանշանակ, դա մեզ համար եւս խնդրային իրավիճակ է ՔԿՀ-ներում։ Շատ գործոններ կան, որոնք նպաստում են այս տեսակի դեպքերին։ Նախ, ի սկզբանե քրեակատարողական հիմնարկներում մեծ է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց քանակը։ Մենք արդեն ունենք վիճակագրական տվյալներ։ Բացի այդ, ՔԿՀ-ն ինքնին սթրեսային իրավիճակ է առաջացնում անձանց համար։ Այդ հոգեկան առողջության խնդիրները եւ լրացված հոգեկան խնդիրներն ավելի սրվում են ՔԿՀ-ներում։ Մենք մեծ աշխատանք ենք իրականացնում թե հոգեբանական աշխատանքը, թե անվտանգային գործոններն ակտիվացնելու ուղղությամբ։ Փորձում ենք մեր խնդիրները լուծելով՝ այս դեպքերը կանխել»։
Հարցին, թե ինչո՞ւ են դատապարտյալները պարբերաբար հացադուլներ եւ այլ բողոքի գործողություններ իրականացնում, նա պատասխանեց, որ պատճառները տարբեր են։ Պատճառներից մեկը առողջական հարցերն են, մյուսը՝ հիմնականում կալանավորված անձանց շրջանում են այս դեպքերը լինում, քրեական գործերի հետ են նաեւ անհամաձայնություն ունենում։
Անդրադառնալով «զոն նայողների» դեմ պայքարին, նա ասաց․ «Դա քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարբերակներից մեկն է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ