ՔՊ-ական իշխանությունը լրագրողների դեմ դատական հայցեր ներկայացնելու առումով ռեկորդակիր է: 2025 թվականի առաջին եռամսյակում միայն 15 նոր հայց են ներկայացրել լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ։ Հայցվորների թվում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավոր Հայկ Սարգսյանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անգամ բուհերի ռեկտորներ եւ համայնքապետեր կան։
Իշխանություններն ամենաշատ դատական հայցեր ներկայացնում են ազատ, իրենց քննադատող, ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ:
«168 ժամ» կայքի խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով աննախադեպ քանակով ԶԼՄ-ների դեմ դատական հայցերին, նկատեց. «Խնդիրը նրանում է, որ իշխանությունն այսպիսով փորձում է զբաղեցնել, ծանրաբեռնել, ֆինանսական խնդիրների առջեւ կանգնեցնել: Երբ լրատվամիջոցի դեմ դատական հայց են ներկայացնում, լրատվամիջոցը փաստաբանական ծառայություններից է օգտվում, դատարաններ է գնում-գալիս: Գաղտնիք չէ, թե Հայաստանում արդարադատությունն ինչպես է իրականացվում` Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով` SMS-ներով: Եթե ԲԴԽ նախագահն է այդ ճանապարհով հեռացվում իր պաշտոնից, պարզ է, թե մյուս դեպքերում ոնց է արվում: Բազմաթիվ լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են ներկայացվում, առանձին լրագրողների դեմ` նույնպես: Մենք` լրատվամիջոցների ղեկավարներս, պետք է դրան պատրաստ լինենք: Պետք է զգոն լինենք, ուշադիր լինենք, պահենք լրագրողական էթիկան, փաստերը ստուգենք: Լրագրողների համար այժմ շատ դժվար է աշխատելը: Տասնյակ հարցումներ են ուղարկվում պետական գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի մի հրապարակման մեջ երկու տեսակետ զետեղելու, սակայն պատասխաններ պետական գերատեսչությունների կողմից չեն հնչում»:
Հայցվորները պնդում են, որ լրատվամիջոցները ճիշտ չեն աշխատում, էթիկայի նորմերը չեն պահպանում, իշխանություններին առիթ են տալիս դատարան դիմելու։ «Դա էլ կա, իհարկե: Խմբագրությունները պետք է պատասխանատվություն կրեն իրենց խոսքի համար եւ շատ հաճախ հենց այդպես էլ անում են, սակայն կան նաեւ մեդիաներ կամ էլ մեդիա ներկայացող սունկ կայքեր, որոնք կեղծիք են տարածում եւ հեղինակազրկում լրագրողներին ու լրատվամիջոցներին: Մենք այժմ ստիպված ենք նաեւ նրանցից էլ պաշտպանվել: Իշխանության ուզածը մեզ վարկաբեկելն է, ուզում են ամեն ինչում լրագրողներին մեղադրել: Մենք` լրագրողներս, պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի իշխանական թակարդում չհայտնվենք: Վերջին շրջանում լրագրողները ենթարկվում են իշխանական հարձակումների, դա անպատժելիության արդյունք է»,- ասում է Սեյրանյանը:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: