Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունը. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

Ապրիլ 24,2025 10:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը:

Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը:

Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ: Այդուհանդերձ, Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունն, այլև ատելության, ռասայական և էթնիկ անհանդուրժողականության հիմքով նոր զանգվածային հանցագործությունների շարունակում ենք ականատես լինել նաև 21-րդ դարում:

Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այն նախաձեռնություններում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն և այդ հանցագործությունները բացառելուն: 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ի շարունակություն նախորդ տարիներին ընդունված բանաձևերի՝ 2024 թ. ապրիլին ևս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության:

Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930