Հայ-ադրբեջանական հարաբերություններում բավականին տարօրինակ իրավիճակ է։ Ադրբեջանը հայտարարում է, որ խաղաղություն չի լինելու, քանի դեռ․․․ (և թվարկում է մեկը մյուսից անընդունելի նախապայմանները), իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պատերազմ չի լինելու, «մոռացե՛ք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին», որովհետև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, պարտավորվել են հրաժարվել ուժի կիրառումից, չմիջամտել միմյանց ներքին գործերին, և այլն։
Ճիշտ է, գործնականում Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի բազմաթիվ հատվածներում ներխուժել է ՀՀ տարածք՝ երևի որպեսզի «մոտիկից ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը», իսկ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջն ուղիղ միջամտություն է մեր ներքին գործերին, բայց փաստը մնում է փաստ՝ Ադրբեջանն ասում է «խաղաղություն չի լինելու», Հայաստանն ասում է՝ «պատերա՛զմ չի լինելու»։ Բա ի՞նչ է լինելու։
Ուշադրություն դարձրեք՝ ոչ խաղաղությունն է միակողմանի լինում, ոչ պատերազմը, երկու դեպքում էլ անհրաժեշտ է առնվազն երկու կողմ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող միակողմանիորեն ստորագրել «խաղաղության համաձայնագիրը» և ասել՝ վերջ, համաձայնագիրը ստորագրված է, խաղաղությունը՝ հաստատված։ Նույնն էլ պատերազմի դեպքում է։ Եթե, օրինակ, Ադրբեջանը ներխուժում է ՀՀ տարածք, իսկ մեր բանակը հրաման է ստանում չդիմադրել («դե ամայի-անբնակ սարեր են, որտեղ տարվա կեսը ձյուն է»), այդ դեպքում պատերազմ չի լինում։ Ուրիշ բան, եթե բանակը դիմադրեր, այ դա կլիներ պատերազմ։
Համաձայնվեք՝ այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի «մոռացե՛ք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին» խոսքերը բավականին չարագուշակ են հնչում։ Չէ, ի՞նչ պատերազմ, Ջերմուկի, Վերին Շորժայի, Ներքին Հանդի կամ Սև լճի ուղղությամբ ադրբեջանցիներն ընդամենը «դիրքային բարելավումներ» են արել, վաղն էլ կարող են «Ադրբեջանից Ադրբեջան հաղորդակցության ուղիների անվտանգության բարելավման միջոցառումներ» իրականացնել, դա հո չի՞ նշանակում, թե պատերազմ է լինելու։ Նիկոլն ասել է «պատերազմ չի լինելու», ուրեմն՝ չի լինելու, վե՛րջ։
Կարդացեք նաև
Իսկ սեփական երկրի տարածքը ցանկացած «արտաքին բարելավումից» պաշտպանելու ցանկացած պահանջ պետք է ընկալել որպես քրեորեն հետապնդելի արարք՝ «խաղաղության հաստատման միտումնավոր սաբոտաժ» և «հարևան երկրների քաղաքացիների նկատմամբ բռնության կոչ» հոդվածներով։ Հո չի՞ կարելի սպասել, որ Ադրբեջանը հատ-հատ ձևակերպի իր բոլոր պահանջները, մեկ-մեկ էլ կարող ենք ինքներս նախաձեռնողականություն ցուցաբերել։ Որպեսզի այնպես չստացվի, որ «իրական Հայաստանի գաղափարախոսությունն» ամբողջությամբ Բաքվից է թելադրվում։ Թող աշխարհը տեսնի, որ մի երկու բան էլ մենք ենք մեր կողմից ավելացնում։
Մարկ Նշանյան