Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվությունից խուսափելու պաթոլոգիկ ձեւերը

Ապրիլ 24,2025 10:00

Նորից հիշեցի Արա Թադեւոսյանի վերջերս հրատարակած գրքից մի դրվագ:

«Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով: Եվ ո՞վ վերջում ասաց՝ դե, գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է», – 2024 թվականի օգոստոսի 31-ին նման հռետորական հարցերով էր հանդես եկել Նիկոլ Փաշինյանը:

Ռուբեն Վարդանյանի պատասխանը Բաքվի բանտից, ի դեպ, շատ դիպուկ էր. «Յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից եւ սկզբունքներից»:

Բայց ինչո՞ւ հիշեցի այս դրվագը հենց ապրիլի 24-ին: Ո՞րն էր մեջբերված «հարցերի» իմաստը: Կարծում եմ, պատասխանը պարզ է. քանի որ Պուտինն է հանձնարարել, գործուղել, իսկ հետո «քցել» (ռուսերեն ասած՝ «слил»), ապա մենք՝ Հայաստանի իշխանություններս, ՀՀ այս քաղաքացու, նրա կյանքի եւ անվտանգության համար պատասխանատու չենք:

Այդ սխեման գործում է բոլոր պարագաներում: Քանի որ արցախցիները մեծ մասամբ «մեծահարուստ են» եւ/կամ «փախել են կռվելու փոխարեն» եւ/կամ Արցախի վերջին օրերին «սխալ իշխանություն» են ընտրել եւ/կամ չափից դուրս վստահում էին ռուս խաղաղապահներին, հետեւաբար, թող ինչպես ուզում են ապրեն Հայաստանում կամ, ավելի լավ է՝ թող գնան իրենց Ռուսաստանը:

Նույն «տրամաբանությունը» (որը տվյալ դեպքում համընկնում է թուրքական նարատիվի հետ) ընկած է նաեւ Փաշինյանի իշխանության՝ ցեղասպանության հետ կապված «հայեցակարգի» հիմքում: Քանի որ Օսմանյան կայսրության հայ քաղաքացիները ռուսների դրդմամբ դավաճանել էին այդ կայսրությանը եւ միացել էին դրա թշնամիներին, Թալեաթին եւ Էնվերին էլ ոչինչ չէր մնում, քան հայերին ցեղասպանության ենթարկել:

Քիչ է ասել, որ այդ «հայեցակարգը» հակապատմական է, հակաազգային եւ հակամարդկային: Դա պաթոլոգիա է, որը ցավոք սրտի, հնարավոր չէ բուժել: Դա նաեւ վարակ է, որը խորացնում է մեր ազգային ինքնության ճգնաժամը ու ներազգային պառակտումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930