Լրահոս
Օրվա լրահոսը

Տիեզերական Վարդապետ Նարեկացու մասին ֆիլմ է նկարահանվում

Ապրիլ 24,2025 12:30

Ֆիլմի հեղինակ եւ պրոդյուսեր Ռուզաննա Ղազարյանը «փակագծեր» է բացում

«Տարիներ շարունակ իմ սեղանի գիրքը «Նարեկն» էր, եւ շատերի նման ինձ մոտ էլ էին հարցեր առաջացել։  Հետաքրքիր զուգադիպությամբ մի օր համագործակցության առաջարկ ստացա հայտնի մարդկանց մասնակցությամբ նկարահանել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» Գ գլխի ընթերցումը։ Այդ ժամանակ էր, որ որոշեցի՝ Նարեկացու մասին պետք է ֆիլմ նկարահանեմ: «Նարեկացի» ֆիլմը նվիրված է Տիեզերական Եկեղեցու Վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքին, գործունեությանը, ստեղծագործություններին եւ համամարդկային գլուխգործոցին՝ «Մատյան ողբերգության» հանրահռչակմանը, ինչպես նաեւ այն բացահայտելու է Նարեկացու փիլիսոփայությունը եւ աստվածաբանական միտքը»,-«Առավոտի» հետ զրույցում նշում է  ֆիլմի հեղինակ եւ պրոդյուսեր Ռուզաննա Ղազարյանը:


«Ո՞րն է «Նարեկի» խորհուրդը, ի՞նչ աստվածաբանական, փիլիսոփայական, գրական հետք է թողել մարդկության պատմության մեջ Գրիգոր Նարեկացին, որտե՞ղ են սկսվում ու ավարտվում հավատի ու ազատության սահմանները։ Ֆիլմի նախագծի զարգացման ընթացքում փորձել եմ գտնել հենց այս հարցերի պատասխանները։ Արդեն գիտեի՝ որտեղից սկսել, որպեսզի ֆիլմը լինի պրոֆեսիոնալ՝ հենված գիտական մտքի վրա։ Այդ ժամանակ ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանի հետ գրեցինք ֆիլմի սցենարը, որոշվեցին փորձագետները, նկարահանման ձեւաչափը։ Կազմվեց ֆիլմի արտադրական փուլերի պլանը, հետագա անելիքները»,-հավելում է ֆիլմի հեղինակը։

Նաեւ հավելում է. «Հայագետների եւ աստվածաբանների ներգրավումը ֆիլմում, ուներ մի կարեւոր նպատակ՝ հակադարձել բոլոր այն հակագիտական պնդումները, որոնք անուղղակիորեն վերագրվում են Գրիգոր Նարեկացուն եւ նրա գործերին։ Թվում է, թե Հայաստանում բոլորը գիտեն Գրիգոր Նարեկացու մասին, սակայն իրականում Նարեկացու եւ  նրա գործերի մասին պատկերացումները շատ մակերեսային են, ինչից օգտվում են հակագիտական թեզեր տարածողները։ Ուստի, ֆիլմը նպատակ ունի բացահայտելու Նարեկացու իրական շերտերը, փիլիսոփայությունը, աստվածաբանական միտքը այն մարդկանց միջոցով, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են Նարեկացու ուսումնասիրությանը։ Հենց դա էր պատճառը, որ ֆիլմում ներգրավվեցին լավագույն հայագետներ եւ աստվածաբաններ, ինչպես օրինակ՝ Լեւոն Զեքիյանը, Աբրահամ Տերյանը, Հայր Շահե վարդապետ Անանյանը, սարկավագ Հայկ Իութիջյանը, կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին եւ այլք»։

Հետաքրքրվեցինք՝ թե հետաքրքիր դրվագներ կպատմի, որ պատահել են ֆիլմի ստեղծման աշխատանքների ընթացքում: «Քանի որ ֆիլմի աշխարհագրությունը շատ լայն էր` Միացյալ Նահանգներ, Չեխիա, Իտալիա եւ այլն, բարդ էր փորձագետների հետ կապ հաստատելը, նրանց ապացուցելը, որ սա արժանի ֆիլմ է, որին իրենք պետք է մասնակցեն եւ իրենց ներդրումն ունենան։ Պետք է հաշվի առնենք, որ այս մարդիկ շատ բծախնդրորեն են վերաբերվում Նարեկացու հետ կապված ցանկացած հարցի։

Ուզում եմ նշել, որ դժվար էր Վատիկանում նկարահանումներ իրականացնելը, բայց թիմի համառ ջանքերի եւ ամիսներ տեւած նամակագրությունների եւ իհարկե՝ Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի աջակցության շնորհիվ, հնարավոր դարձավ կարդինալ Գուջերոտտիի հետ հանդիպումը։ Շատ հետաքրքիր էր, թե որքան խորությամբ օտարը գիտեր Նարեկացու գործերի մասին։ Ֆիլմում առաջին անգամ բացահայտվում է, թե ինչպես Նարեկացին հռչակվեց Տիեզերական Եկեղեցու Վարդապետ, ինչի մասին պատմում է նաեւ կարդինալ Գուջերոտտին»,- ասաց Ռուզաննա Ղազարյանը։

Նրա ձեւակերպմամբ, ֆիլմում անդրադարձ կա Նարեկյան դպրոցի ֆենոմենին, ինչը ֆիլմի կարեւորագույն բացահայտումներից մեկն է լինելու, քանզի Նարեկյան դպրոցի մասին տեղյակ են մասնագիտական շրջանակները, ինչը լայն լսարանի համար եղել է անհասանելի. «Գաղափարը միտված է նաեւ համաշխարհային ցնցումների այս օրերին հանրահռչակել «Նարեկի» խաղաղեցնող կոչն առ մարդկություն՝ Աստծո հետ հաղորդակցությունը փնտրել ոչ թե հեռավոր անորոշության մշուշում, այլ մեր մեջ։

Նախագիծն իր բովանդակությամբ համամարդկային է։ Նախատեսված է 12 տարեկանից բարձր տարբեր սեռի, տարիքի եւ ազգության ներկայացուցիչների համար։ Ֆիլմը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են մշակույթով, կրոնով, աստվածաբանությամբ, փիլիսոփայությամբ, միստիկայով եւ գրականությամբ»։

Ֆիլմի հեղինակը նշեց, որ աշխատանքները կավարտվեն 2025 թվականին։ «Նարեկացի» վավերագրական ֆիլմի նախագիծը նախատեսված է ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում։ «Նպատակ ունենք ֆիլմը  ներկայացնել մի շարք հեղինակավոր համալսարաններում եւ գրադարաններում, կազմակերպել քննարկումներ գիտական հանրույթի հետ։ Բացի այդ՝ ֆիլմը կուղարկվի միջազգային հոգեւոր ֆիլմերի փառատոներ, կցուցադրվի Հայաստանում եւ սփյուռքի տարբեր համայնքներում»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930