Սկիզբը՝ այստեղ:
Արաղչի-Ուիթքոֆ կարճ զրույցը` «դիվանագիտական քաղաքավարություն»
Ապրիլի 12-ին Օմանում ընթացան Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի անուղղակի բանակցությունները՝ Իրանի միջուկային ճգնաժամը կարգավորելու շուրջ։
Al Jazeera հեռուստաընկերության հետ զրույցում Աբբաս Արաղչին նույն օրը մինչեւ բանակցությունների մեկնարկը նշեց, որ դրանք նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին։ «Բանակցություններն անուղղակի են լինելու եւ վերաբերելու են բացառապես միջուկային փաթեթին։ Խնդիրների մեծ մասը կհստակեցվի խորհրդակցությունների ընթացքում»: Թեհրանից Օման ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված էին փորձագետներ, որոնք «միջուկային ծրագրի խնդրով բանակցություններ վարելու փորձ ունեն»։
Կարդացեք նաև
Պաշտոնական Թեհրանը, Mehr-ի փոխանցմամբ, հայտնել է, որ իրանցի եւ ամերիկացի բանագնացները, Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ, «կառուցողական մթնոլորտում փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումներն Իրանի միջուկային ծրագրի եւ Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների վերացման հարցերի շուրջ»։
Արաղչին ու Ուիթքոֆը գտնվել են տարբեր սրահներում, կողմերի դիրքորոշումները փոխանցվել են Սայիդ Բադր ալ-Բուսաիդի միջնորդությամբ։ Mehr-ը նշել էր, որ ավելի քան երկուսուկես ժամ տեւած անուղղակի բանակցություններից հետո իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների ղեկավարները մի քանի րոպե դեմ առ դեմ զրուցել են՝ Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։ Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել ապրիլի 19-ին։
Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունների հաջորդ փուլն էլ տեղի կունենա Օմանի միջնորդությամբ, եւ որ կողմերը կկենտրոնանան բացառապես միջուկային խնդրի եւ պատժամիջոցների վերացման վրա։
Սպիտակ տունը դրական եւ կառուցողական որակեց Իրանի եւ ԱՄՆ-ի բարձր մակարդակի բանակցությունները: ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ընդգծել էր, որ նախագահ Թրամփից «հանձնարարություն է ստացել լուծել երկու երկրների միջեւ տարաձայնությունները երկխոսության եւ դիվանագիտության միջոցով, եթե դա հնարավոր է»: «Այս հարցերը շատ բարդ են, եւ հատուկ բանագնաց Ուիթքոֆի ուղիղ շփումը մեկ քայլ առաջ էր փոխշահավետ արդյունքի հասնելու համար», -նշվել էր հայտարարության մեջ: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը, պատասխանելով բանակցությունների վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել էր. «Կարծում եմ, որ դրանք նորմալ են ընթանում»:
Ապրիլի 14-ին Նիդեռլանդների արտգործնախարարը եւ այլ դիվանագիտական աղբյուր France-Presse գործակալությունը հայտնեցին, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում։
Այսպիսով, Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանում կայացած բանակցություններով ազդարարվեց Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ վերջին տարիների առաջին պաշտոնական շփումը: Թեեւ մեծ առաջընթաց չէր գրանցվել, այն բավական էր ցույց տալու համար կողմերի պատրաստակամությունը՝ նվազեցնելու լարվածությունը դիվանագիտության, ոչ թե ռազմական գործողությունների միջոցով:
Օմանում տեղի ունեցած հանդիպումից առաջ Վաշինգտոնից նշում էին, թե բանակցությունները կլինեն ուղիղ, մինչդեռ Թեհրանը հակառակն էր պնդում։ Արդյունքում, այն իր մեջ պարունակում էր ե՛ւ ուղիղ, ե՛ւ անուղղակի հանդիպման տարրեր։ Բանակցությունները հիմնականում ընթացել են անուղղակի կերպով. օմանցի դիվանագետները սենյակից սենյակ հաղորդագրություններ են փոխանցել: Սակայն բանակցությունների ավարտին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ-ի Մերձավոր Արեւելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն, այնուամենայնիվ, կարճատեւ հանդիպում ունեցել են: Ի դեպ, Արաղչին Ուիթքոֆի հետ իր կարճ զրույցն անվանել է` «դիվանագիտական քաղաքավարություն»։
«Այսպիսով, բանակցությունների անցկացման համար երկու կողմի առաջ քաշած հիմնական պայմաններն էլ բավարարվեցին», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Նյու Յորքում տեղակայված Eurasia Group-ի՝ Իրանի գծով ավագ վերլուծաբան Գրեգորի Բրյուն: Փորձագետը միաժամանակ հորդորել է չգերագնահատել արդյունքները. «Դեռեւս լիովին պարզ չէ, թե ինչ է ձեռք բերվել՝ հետագա քննարկումների համար հիմք ստեղծելուց բացի»։
Իրանի տարածաշրջանային մրցակից Սաուդյան Արաբիան, որը թերահավատորեն էր վերաբերվում 2015թ. միջուկային համաձայնագրին եւ ողջունել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2018 թվականին դրանից դուրս գալու որոշումը, ողջունեց Օմանում կայացած բանակցությունները: Բահրեյնը եւ Կատարը եւս ողջունեցին այդ բանակցությունները՝ քաջալերող հայտարարություններով։
Վերլուծաբանները կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը հնարավոր է, եթե Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պատրաստ լինի դժվար որոշումներ կայացնել: «Տպավորություն է, որ Խամենեին դեռեւս չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել։ Դա երեւում է նրա վերջին հրապարակային հայտարարություններից, որտեղ նա ասում է, որ դեմ է բանակցություններին, եւ որ բանակցություններ կարող են անցկացվել, բայց ինքը պատասխանատվություն չի կրի դրանց արդյունքների համար», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է միջազգային հարաբերությունների վերլուծաբան Ֆերեշթե Փեզեշքը Վաշինգտոնից։ «Իրանի ներսում իրավիճակը նույնպես փոքր-ինչ մեծացնում է համաձայնության հասնելու հավանականությունը», – նկատել է Փեզեշքը։
Միսուրիի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մեհրզադ Բորուջերդին Օմանում կայացած հանդիպումը բնութագրում է որպես սառույցը տեղից շարժելու բանակցություններ, որոնք չեն անդրադարձել կարեւորագույն հարցերին: «Նրանք, հավանաբար, պայմանավորվել են ժամանակացույցի եւ քննարկման ընդհանուր թեմաների շուրջ, սակայն կարեւոր հարցերը կբարձրացվեն հետագա հանդիպումներում», – ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։ Բորուջերդին հավելել է, որ ե՛ւ Թեհրանը, ե՛ւ Վաշինգտոնը կարծես «հետ են կանգնել իրենց առավելապաշտական պահանջներից»՝ ճանապարհ հարթելով իրագործելի համաձայնագրի համար:
Չլուծված, բարդ հարցերից մեկն այն է՝ արդյոք Թրամփը ձգտում է սահմանափակե՞լ Իրանի միջուկային ծրագիրը, թե՞ ամբողջությամբ ապամոնտաժել այն: Թեհրանը վճռականորեն դեմ է իր միջուկային ծրագրի փակմանը, սակայն բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել եւ պատրաստ է համապատասխան երաշխիքներ տրամադրել:
Ուրանի հարստացումը որպես իր միջուկային ծրագրի մաս «քննարկման ենթակա չէ», պնդում է Թեհրանը
Պաշտոնական Թեհրանն անցյալ շաբաթ պնդեց, որ Իրանի ուրանի հարստացումը, որպես իր միջուկային ծրագրի մաս, «քննարկման ենթակա չէ»: Այս մասին հայտարարել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ ուրանի հարստացումը դադարեցնելու Թեհրանին ուղղված կոչին։ «Մենք պատրաստ ենք վստահություն կառուցել հնարավոր մտահոգություններին ի պատասխան, բայց հարստացման հարցը քննարկման ենթակա չէ», նշել էր նա։
Օմանում կայացած առաջին քննարկումներից հետո ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարեց՝ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակներում «պետք է դադարեցնի եւ հրաժարվի» ուրանի հարստացումից։ Նախկինում Վաշինգտոնը Իրանից պահանջում էր վերադառնալ 3.67 տոկոս հարստացման մակարդակին: Արտգործնախարար Արաղչին դատապարտել է Թրամփի վարչակազմի նոր պահանջները՝ դրանք որակելով «հակասական դիրքորոշումներ»։
Օմանի բանակցություններից օրեր անց` Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախատեսված բանակցությունների երկրորդ փուլի նախաշեմին, հայտնի դարձավ, որ Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան եւ Վլադիմիր Պուտինին կփոխանցի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը։
Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին: Հանդիպումից հետո Արաղչին հայտնել էր, որ Պուտինին ներկայացրել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ անուղղակի բանակցություններում առկա իրավիճակը: Քննարկվել են նաեւ ռուս-ամերիկյան բանակցությունները Ուկրաինայի եւ այլ հարցերի շուրջ, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ ասել է դիվանագետը: Նա նաեւ հույս էր հայտնել, որ Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը կշարունակվի:
Ապրիլի 18-ին կայացավ Աբբաս Արաղչիի հանդիպումը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Քննարկման թեմաների թվում էին երկկողմ հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում:
Իրանը կարծում է, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն հնարավոր է, եւ հույս ունի, որ Ռուսաստանը դեր կխաղա այդ գործընթացում, Մոսկվայում հայտարարել է Իրանի արտգործնախարարը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո։ Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ. «Մենք պատրաստ ենք օգնել, միջնորդել, ցանկացած դեր խաղալ, որն Իրանի տեսանկյունից կլինի օգտակար եւ որը ընդունելի կլինի Միացյալ Նահանգների կողմից»։
ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ Հռոմում, նոր բանակցությունների նախանշմամբ
Ապրիլի 19-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանեց Հռոմ, որտեղ ամերիկյան կողմի հետ երկրորդ բանակցություններն էին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու շուրջ։ Վաշինգտոնից Հռոմ էր ժամանել նախագահ Թրամփի Մերձավոր Արեւելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: Նշվել էր, որ բանակցություններն այս անգամ նույնպես տեղի են ունենալու անուղղակի՝ Օմանի միջնորդությամբ։
Արաղչի-Ուիթքոֆ Հռոմի բանակցությունները եւս հուսադրող էին. Իրանի ու Միացյալ Նահանգների բանագնացները պայմանավորվեցին եւս մեկ հանդիպում ունենալ արդեն այս շաբաթ Օմանում՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու համար։
Իրանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են սկսել աշխատանքը միջուկային համաձայնագրի ուրվագծերի շուրջ, հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ Հռոմում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Արաղչին պնդել է, թե չորս ժամ շարունակված, Օմանի միջնորդությամբ անցած «անուղղակի բանակցությունները եղել են օգտակար ու անցել կառուցողական մթնոլորտում»։
Վաշինգտոնի ներկայացուցիչը՝ նախագահ Թրամփի մերձավորարեւելյան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւս դրական է գնահատել հանդիպումը, պնդելով, թե կողմերը «շատ լավ առաջընթաց» են գրանցել: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ չորեքշաբթի Օմանում կսկսվեն փորձագիտական մակարդակով հանդիպումները: Փորձագետները հնարավորություն կունենան սկսել համաձայնագրի շրջանակի ձեւավորումը»,-ասել է Արաղչին։ Այդ հանդիպումից մի քանի օր անց՝ առաջիկա շաբաթ օրը, գլխավոր բանակցողները կրկին կհանդիպեն Օմանում՝ արդյունքները գնահատելու։ «Չենք կարող միանշանակ ասել, որ լավատես ենք: Չափից դուրս հոռետես լինելու պատճառ նույնպես չկա»,- իր հերթին նկատել էր Իրանի արտգործնախարարը՝ կրկնելով Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը:
Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր` հավասար պայմաններով. «Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված որոշակի սահմաններում եւ ազգային շահերից ելնելով՝ մենք պատրաստ ենք համաձայնության, բայց, եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»։
Այսպիսով, ԱՄՆ-Իրան հարաբերություններում որոշակիորեն «սառույցը հալչում» է: Թե ինչ արդյունքներ կարձանագրվեն, եւ որքան կտեւեն մեկնարկած բանակցությունները` դժվար է կանխատեսել: Սակայն ակնհայտ է, որ կողմերը փորձում են համաձայնության գալ եւ ջանքեր գործադրում են:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.04.2025