Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդն ընդգծել է, որ քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը

Ապրիլ 23,2025 23:23

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ տիար Սիմոն Բաբայանի:

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը ներկայացրեց հյուրերին, որոնց նպատակներից էր ծանոթանալ ազգային և հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը:

Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությանը՝ Հայոց Ցեղասպանությանը, ինչպես և վերջին տարիներին Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը խոսեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման խնդիրների մասին՝ կարևոր նկատելով միջազգային իրավապաշտպան տարբեր կառույցների առաքելությունը ոճրագործությունների կանխարգելման ու դատապարտման գործում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ներկաներին` միջազգային հարթակներում ժողովուրդների իրավունքների պաշտպանության և հասարակությունների մեջ արդարության հաստատմանն ի խնդիր ներդրվող ջանքերի համար։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930