2025 թվականի ապրիլի 19-ին Երևանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի ու նույն ոճի մեջ երգող նրա ընկերների համերգը, որին ներկա էր մոտ 12000 հանդիսատես։ Սոցցանցերում բնակվող որոշ լայքասեր բլոգերներ ու մեկնաբաններ թերևս մտածեցին, որ եթե 12000 մարդ գնացել է համերգին, ուրեմն, եթե իրենք սկսեն գովել ու ռաբիսը ազգայինին հավասարեցնել, իսկ որոշ դեպքերում նաև ավելի վեր դասել, ապա կարող են 12000 լայք կորզել ու երջանկանալ։
Ի հակադրումն լայքասերների ասեմ, որ ռաբիսն ու քյառթույությունը քննադատող հասարակությունը դա մեր ազգային էլիտայի մի մասն է, որի խոսքը պետք է արժանանա առնվազն հարգանքի և ուշադրության։ Նրանց վրդովմունքը շատ տեղին ու բնական էր։ Այդուհանդերձ, պետք է փաստենք նաև, որ մեր իրականությունը այդպիսին է հենց նույն էլիտայի պասիվության պատճառով։
Ռաբիսն ու քյառթույությունը բացառելը հնարավոր չի լինի, սակայն հասարակության մեջ այս չափի տարածվածություն այն չպետք է ունենար։
Վստահ եմ, որ նույն երգիչների համերգը եթե տեղի ունենար «Հրազդան» մարզադաշտում, ապա կրկին լեփ լեցուն կլիներ մարզադաշտը։ Ասածներս ազգայնամոլությունից շատ հեռու են։
Կարդացեք նաև
Գուցե լիներ այնպիսի ժամանակներ, որ Հայաստանում նույնիսկ ադրբեջանցի կամ թուրք երգիչների համերգներին գնալը անքննադատելի դիտվեր, սակայն այսօր, երբ հայությունը վտանգված է թե՛ ֆիզիկապես ու հոգեպես և թե՛ մտավորապես, երբ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների մի զգալի մասը, ըստ իս, ամբողջովին կտրված է հայ ազգային ու հոգևոր արմատներից ու փաստացի և անթաքույց պայքար է մղում հայ ինքնության դեմ, կարծում եմ, նման համերգները բոյկոտելը ավելի նպատակահարմար կլիներ։ Բայց ամեն մարդ ինքն է որոշում թե ինչպես իր կյանքն ապրի, այդ իսկ տրամաբանությամբ էլ, չեմ կարծում, որ արդարացի է վիրավորական արտահայտություններ հնչեցնել համերգի մասնակից մեր հայրենակիցների կամ ռաբիս երգիչների հասցեին։
Ի վերջո նրանք, կարծում եմ, դիտավորություն չունեն վնասելու կամ ստորադասելու հայ մշակույթը, հակառակը, թերևս նրանց մոտ թյուր կարծիք կա, որ դա իրենց կողմից ծառայություն է հայ ազգային երաժշտությանն ու ազգային մշակույթին։ Շարունակելով միտքս ասեմ, որ այստեղ պարզապես անհրաժեշտ է, որպեսզի ճիշտ հետևություններ անեն այն մասնագետները, երաժիշտներն ու երգիչները, ովքեր հայ հասարակությունում երաժշտական ճաշակ ձևավորելու առաքելությունն ունեն։
Գենադի Մնացականյան