Թեհրանում այսօր պարսկերենով հրատարակվեց Պերճ Զեյթունցյանի պիեսներից մի նոր հավաքածու։ Իրանաբնակ թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը «Մեծ լռություն» խորագրով գրքում ներկայացնում է հայ անվանի գրող և դրամատուրգ Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն», «Ոտքի դատարանն է գալիս» և «Մի` նայիր հայելուն» պիեսները։
Գիրքը դեռ իմ ձեռքի տակ չէ և կապվելով թարգմանչին տեղեկացել եմ, որ հատորը հրատարակել է իրանական «Այաս» հրատարակչականը, բաղկացած է 267 էջից, ունի նախաբան, որում ներկայացված է Պ. Զեյթունցյանի գրական հարուստ ժառանգությունը, ապա տեղադրված է երեք պիեսների թարգմանությունը։ Առաջին երկու պիեսները Հայկական ցեղասպանության մասին են` եղերաբախտ գրող Դանիել Վարուժանի և իր բախտակիցների ճակատագիրը և վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի բեռլինյան դատավարության հատվածներ։ Ա. Խեչումյանը նախապես առանձին գրքույկով ևս հրատարակել էր «Մի՛ նայիր հայելուն» պիեսը։
Զեյթունցյանի այս գործերը տարբեր տարիների ընթացքում հայերենով և պարսկերենով բեմադրվել են Իրանում։ «Ոտքի դատարանն է գալիս» պիեսը բեմադրել է Արամայիս Աղամալյանը Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպությունում, իսկ պարսկերեն տարբերակը բեմադրել են ոչ հայ բեմադրիչները։
Խեչումյանը իրանահայ լավագույն թարգմանիչներից է։ Նա Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանչական մրցանակի դափնեկիր է. շուրջ 45 թարգմանչական գործի հեղինակ է։ Անդրանիկ Խեչումյանը պարսկերենի է թարգմանել նաև Երվանդ Օտյանի «Անիծված օրերը» (Ցեղասպանության աքսորի հուշեր), «Թաղականին կնիկը» և «Ընկեր Փանջունին», Հակոբ Կարապենցի «Ադամի գիրքը», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճամփաների վրան», Շիրվանզադեի «Քաոսը», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Աբիկ Ավագանի իրանական պատումների հավաքածուն, Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին», Մկրտիչ Սարգսյանի «Զինվորներ և սիրահարները» և գործեր` Թումանյանից, Ղազարոս Աղայանից, Սուրեն Այվազյանից, Գուրգեն Խանջյանից, Զորայր Խալափյանից, Սամվել Խալաթյանից, Ռուբեն Մարուխյանից, Կարինե Խոդիկյանից, Խորեն Արամունուց, Գևորգ Դարֆուց, Սամվել Կոսյանից և ուրիշներից։
Կարդացեք նաև
Տիգրան Դավուդյան