«Այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում որպես մեկ ազգ, մեկ ձայն, մեկ անկոտրում կամք՝ մեր ջահերի վառ կրակներով, մեր անկոտրում կամքով։ Սա հիշողության մոմավառություն չէ, այլ պահանջի կրակաերթ է»,- Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի կազմակերպած ջահերով երթից առաջ, իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այս ջահերը, որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն, դրանք կրակներ են՝ մեր նախնիների հիշողությունը հավերժող։ Դրանք 1,5 միլիոն սպանված հայերի ոգու կրակն են՝ Մեծ Եղեռնի դժոխքից։ Մենք այստեղ ենք՝ որպես նրանց ժառանգորդ, որը չի մոռանում, չի լռում։ Մենք եկել ենք վկայելու, բարձաձայնելու, որ հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարը՝ անավարտ, նրա կամքը՝ անսասան հանուն արդարության, հանուն կանխման, ի դեմս ուրացման»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է։
Կարդացեք նաև
«Երբ Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից, երբ Ադրբեջանը կտրում է Արցախի հայության արմատները, երբ մեր իշխանությունները լռում են՝ ազգային հիշողությունը դիվանագիտության սեղանին ծախելու համար, եւ քանի դեռ աշխարհը լուռ է՝ մենք բարձրաձայնելու ենք: Որովհետև առանց ճշմարտության՝ չկա խաղաղություն։ Առանց պատասխանատվության՝ չկա ապագա»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով․«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն, որպես նախադեպ, որը չի կրկնվի։ Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, դու մեղսակից ես դրան։ Միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի հետ, հստակ ճանաչի դրանով իսկ կանխելով հետագա Ցեղասպանությունները։ Այսօր, երբ մեր պետությունը պետք է ամենաողջամիտ ձայնը լինի Ցեղասպանության ճանաչման հարցում, մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ, ուրացում։ Այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա՝ ազգային հիշողությունը իշխանության սեփականությունը չէ։ Այս իշխանություն այսօր մոռացության քաղաքականություն է վարում»
«Պահանջի՛ր։ Պայքարի՛ր։ Վառ պահի՛ր՝ մինչև հաղթանակ»,-սա էլ ուղերձն է, որը ՀՅԴ-ն փոխանցում է սերունդներին։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՅԴ երիտթեւի ղեկավարն էլ իր ելույթում ասաց, որ այսօր հրապարակում հավաքվածները ոչ թե որպես զոհ են, այլ որպես սերունդ եւ դա ապացույցն է նրա, որ Թուրքիան ձախողվել է։
Մանրամասները՝ տեսանյութում
Հանրապետության հրապարակում այրվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, ինչից հետո մեկնարկեց ջահերով երթը՝ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ