Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության տալ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, կասկածի տակ դնել ինչպես ցեղասպանության, այնպես էլ՝ արցախյան հերոսամարտերում զոհերի թիվը, աշխարհը չի մոռանում ոչ Ցեղասպանությունը, ոչ Արցախը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինի Մաքսիմ Գորկու թատրոնը 100 + 10 – ARMENIAN ALLEGORIES խորագրով փառատոն է կազմակերպել, որը տեւելու է ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 31-ը: Փառատոնը նվիրված է ինչպես Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնպես էլ՝ Արցախի կորստին, վերջին տարիների իրադարձություններին:
Փառատոնը ներառում է արվեստի մի քանի ուղղություններ՝ երաժշտություն, գրականություն, թատրոն, կինո…
«Հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, որն ինքն իրեն աշխարհի քաղաքացի էր համարում, ասում էր, թե իր վրեժն աշխարհից լուծում է սիրով: Այդ սերը դրված է նաեւ արվեստագետների գործերի հիմքում՝ լուսանկարներում, ֆիլմերում, բեմադրություններում եւ երաժշտության մեջ, որոնք կներկայացվեն 100 + 10 – ARMENIAN ALLEGORIES փառատոնում»,- ասվում է Մաքսիմ Գորկու թատրոնի կայքէջում՝ փառատոնին նվիրված բաժնում :
Կարդացեք նաև
Փառատոնը մեկտեղել է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող եւ աշխատող հայազգի արտիստներին: Ինչպե՞ս են նրանք տեսնում ներկայիս ցնցումները՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմության լույսի ներքո: Ավելի քան 70 աշխատանքների ցուցադրություններ՝ գրականություն, թատերական ներկայացումներ, համերգներ, պերֆորմանսներ եւ հյուրախաղեր՝ Ամստերդամից, Գյոթեբորգից,Ստամբուլից եւ Երեւանից, տեղ կգտնեն Գորկու թատրոնի շենքում եւ շրջակայքում:
Փառատոնի ծրագրի հեղինակը Շերմին Լանգոֆն է՝ թատրոնի գեղարվեստական տնօրենը, համադրողները (կուրատորները)՝ Անահիտ Բագրատյանցը, Վիգեն Գալստյանը, համակուրատորներն են՝ Յոհաննես Կիրստենը, Էնդրե Մալքոլմ Հոլեզին, Էրդեն Կոսովան, ասիստենտ- կուրատորներն են Ասյա Յաղմուրյանը, Գարի Վանիսյանը, խորհրդատուները՝ Արսինե Խանջյանը, Ասենա Գյունալը, Տիգրան Պետրոսյանը, եւ այլն:
Թատրոն/ներկայացում/երաժշտություն բաժին
Փառատոնը բացվելու է ապրիլի 24-ին՝ Տիգրան Համասյանի «Հազարան բլբուլ» տրանսմեդիալ կենդանի երաժշտական բեմականացմամբ:
Ապրիլի 25-ին կկայանա Ատոմ Էգոյանի եւ Արսինե Խանջյանի «Նվիրատվություն» ինստալացիայի համաշխարհային պրեմիերան: Թեման շատ հետաքրքիր է՝ Արսինեն պատրաստվում է նվիրաբերել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արարատ» ֆիլմի պատմական հանդերձանքները, իսկ Գյունտերը, ով հարցազրույց է վերցնում Արսինեից, հիշեցնում է, որ Ցեղասպանությունից 110 տարի անց պատմությունը կրկնվեց եւ հարյուր հազար հայեր բնավեր եղան՝ բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից: Գյունտերը հետաքրքրվում է այդ զգեստները նվիրաբերելու մոտիվացիայի մասին, արդյո՞ք դրանով Արսինեն լուռ մեղադրում է միջազգային հանրությանը՝ լռության եւ անտարբերության համար: Արսինեն, որ լուրջ հասարակական ճնշման է ենթարկվել 2018 թվականի «թավշյա հեղափոխությանը» ակտիվորեն ներգրավված լինելու մեջ, շփոթվում է, եւ այս հարցազրույցը վերածվում է առճակատման… Այս բեմադրությունը բացի ապրիլի 25-ից, կներկայացվի նաեւ ապրիլի 27-ին, մայիսի 4-ին, 10-ին, 17-ին, 30-ին:
Ապրիլի 25-ին կկայանա նաեւ Ռոզա Սարգսյանի «Ղարաբաղյան հիշողություն» ներկայացման առաջնախաղը: Արցախյան արմատներով ռեժիսորը հիշում է 2020-ը, երբ Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածից մարդիկ հեռանում էին՝ այրելով իրենց տները, եւ հողից հանելով ու իրենց հետ տանելով իրենց մահացած հարազատների մասունքները: Դրան հետեւեց 2023-ը, երբ 120 հազար մարդ ստիպված եղավ տեղահանվել, լքել իր արմատները, իր հայրենիքը: Այդ թվում՝ Ռոզայի հայրը, որն իր հետ ապակյա տարայի մեջ հայրենի հող էր վերցրել… «Ղարաբաղյան հիշողությունները» «Գորկու» բեմում կլինեն եւս երեք անգամ՝ ապրիլի 27-ին, մայիսի 18-ին եւ 25-ին:
Ապրիլի 26-ին «Կոլեկտիվ մեծ բազար» խումբը եւ երգչուհի Էյլին Խաչատուրյանը համերգային ծրագրով հանդես կգան:
Ապրիլի 27-ին կկայանա Նաիրի Հադոդոյի «Կիմ» մոնոներկայացման բեռլինյան առաջնախաղը՝ Քիմ Քարդաշյանի մասին: Գերմանիայի Քյոլն քաղաքում ծնված եւ Դյուսելդորֆում մեծացած Նաիրի Հադոդոն իր ստեղծագործությամբ, որում նաեւ գլխավոր դերն է խաղում, անդրադառնում է Քարդաշյանի ֆենոմենին: Եվս երեք օր այս մոնոներկայացումը հասանելի կլինի հանդիսատեսին՝ մայիսի 4-ին, 11-ին, 29-ին:
«Ո՞րն է այն գինը, որ վճարում են հասարակությունները՝ կոլեկտիվ ամնեզիայի համար»՝ այս հարցին է անդրադառնում «Մուսա դաղ. Դիմադրության փաստաթղթեր» բեմադրությունը : 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հանս-Վերներ Քրեզինգերը և Ռեգինա Դուրան բեմադրել էին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 oրը» վեպը: Այժմ, Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայաթափման լույսի ներքո, հեղինակները վերադարձել են իրենց տաս տարի առաջվա աշխատանքին, եւ փորձել հասկանալ ցեղասպանությունների կառուցվածքային կազմակերպումը։ Վավերագրական նյութը հյուսվում է Ֆրանց Վերֆելի տեքստի հետ՝ բեմականացված ընթերցանություն ստեղծելու համար։ Այս ներկայացումը պլանավորվում է ցուցադրել ընդամենը երկու օր՝ մայիսի 3-ին եւ 23-ին:
Մայիսի 15-ին Միհրան Թովմասյանը եւ Սարո Ուստան՝ Ստամբուլից, կներկայացնեն «Սար» պարային ներկայացումը: Նրանք երկուսն էլ Ստամբուլի Կենտրոնական վարժարանի սաներ են եղել, Միհրանը պարում է, իսկ Սարո Ուստան նվագում: Սարո Ուստան սկսել է որպես ակորդեոնահար, բայց ներկայումս նվագում է էլեկտրոնային երաժշտական գործիքներ, համագործակցել է նաեւ Արտո Թունջ-Բոյաջյանի հետ:
Միայն մեկ օր՝ մայիսի 16-ին կկայանա ստենդ-ափ ոճում հանդես եկող ստամբուլահայ Հայկո Բաղդադի ներկայացումը՝ «Մի րոպե, մի՞թե իմ մայրն իսկապես ճիշտ էր»: Հայկո Բաղդադը սարկաստիկ մենախոսություններով հանդես է գալիս արդեն տասը տարի՝ սկսելով իր ուղին Ստամբուլից: Նա նաեւ լրագրող է, մի քանի քննադատական գրքերի հեղինակ: Սակայն Թուրքիայում նրա առջեւ փակվեցին բոլոր դռները, նրան այլեւս չէին հրապարակում, չէին թողնում ելույթ ունենալ, մահվան սպառնալիքներ էր ստանում, եւ այժմ նա բնակվում է Բեռլինում, որտեղ շարունակում է գրել եւ բեմադրել, սակայն շարունակվում են նաեւ մահվան սպառնալիքները:
Մայիսի 17-ին կներկայացվի «Ձերբակալված արդարադատությունը. Մտորումներ/Ձերբակալություն Գրանադայում» ներկայացումը՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին: Նկատենք, որ 2007 թվականին Դինքի սպանությունից ի վեր, ամեն տարի հունվարի 19-ին, Գորկու թատրոնը հիշատակում է Դինքի քաղաքական ներգրավվածությունը և հայ և թուրք ազգաբնակչությունների հաշտեցմանն ուղղված նրա ցմահ նվիրվածությունը: «Ձերբակալված արդարադատությունը» ի մի է բերում Հրանտ Դինքի, հեղինակ Դողան Ախանլիի և բանտարկված բարերար Օսման Քավալայի իրական պատմությունները երկու բեմադրության և պանելային քննարկման տեսքով՝ ընդգծելով, թե որքան սերտորեն կապված են նրանց կենսագրությունները խոսքի ազատության համար պայքարում:
Երեւանից Սամվել Թադեւոսյանի հեղինակած «Հայրենիք» խորեոգրաֆիկ բեմադրությունը կներկայացվի մայիսի 22-ին:
Նույն օրը կներկայացվի երեւանյան մեկ այլ հեղինակի՝ Անահիտ Ղազարյանի գործը՝ «Պլանային անջատում»-ը ՝ Հայաստանում հետխորհրդային իրականության բերած տրավմաների մասին՝ աղքատություն, փլված ենթակառուցվածքներ, հոգեբանական եւ ֆիզիկական դժվարություններ, որոնք իրենց անջնջելի հետքն են թողել այդ ժամանակաշրջանում ապրած սերունդների վրա:
Մայիսի 24-ին կներկայացվի Էլեֆտերիա Գերոֆոկայի «Փոքրիկ աղջիկը՝ Գործայի հետ» բեմադրությունը՝ Հունաստանում մեծացած մի աղջկա մասին, որի մայրը մազապուրծ էր եղել Հայոց Ցեղասպանությունից եւ հաստատվել Հունաստանում:
Ֆիլմերի բաժին
Ֆիլմերի բաժինը համակարգել է արվեստաբան Վիգեն Գալստյանը, եւ փառատոնին ներկայացվելու են հետեւյալ ֆիլմերը.
Իննա Սահակյանի «Ավրորայի արշալույսը»՝ ապրիլի 26-ին, ֆիլմից հետո զրույց Վիգեն Գալստյանի, Կարեն Ավետիսյանի եւ Իննա Սահակյանի հետ
Օզքան Ալպերի «Քամու հիշողությունները»՝ մայիսի 2-ին, ֆիլմից հետո զրույց ռեժիսորի՝ Օզքան Ալպերի հետ:
Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը կցուցադրվի մայիսի 3-ին:
Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմը՝ մայիսի 4-ին, զրույց Ջիվան Ավետիսյանի հետ:
Միքայել Վատինյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմը՝ մայիսի 8-ին:
Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» ֆիլմը՝ մայիսի 9-ին:
Մայիսի 10-ին կներկայացվեն երեք կարճամետրաժ ֆիլմեր՝ Գարեգին Պապոյանի «Սխտորաշենը», Վարդան Դանիելյանի «Իմպուլսը», Վահան Խաչատրյանի «Հեղափոխության մասինը»: Զրույց՝ Գարեգին Պապոյանի հետ:
Նույն օրը կներկայացվի Գարեգին Պապոյանի եւս մեկ վավերագրական ֆիլմ «Բարի թռիչք»՝ Ստեփանակերտի կառուցված եւ այդպես էլ չգործարկված օդանավակայանի մասին:
Մայիսի 11-ին կներկայացվեն Նորա Մարտիրոսյանի երեք կարճամետրաժ ֆիլմեր՝ «Courant D’Air»-ը, «Ճանապարհային ֆիլմը», «1937»-ը: Զրույց Նորա Մարտիրոսյանի հետ:
Նույն օրը կներկայացվի Նորա Մարտիրոսյանի լիամետրաժ խաղարկային «Երբ որ քամին խաղաղվի» ֆիլմը:
Մայիսի 15-ին կցուցադրվի Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» լիամետրաժ ֆիլմը:
Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինումը» կցուցադրվի մայիսի 17-ին:
Դանիել Կոտտերի «Լանդշաֆտ» ֆիլմը կներկայացվի մայիսի 18-ին:
Շողակաթ Վարդանյանի «1489» եւ Արթուր Սուքիասյանի «Lumen nature» ֆիլմերի ցուցադրությունը կկայանա մայիսի 23-ին: Վերջում՝ զրույց Շողակաթ Վարդանյանի եւ Արթուր Սուքիասյանի հետ:
Մայիսի 24-ին կներկայացվի Իննա Սահակյանի «Մել» ֆիլմը:
Նույն օրը կկայանա նաեւ երեք կարճամետրաժ ֆիլմերի՝ Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի», Նաիրա Սարգսյանի «Հիմնավոր մաքրություն», Քրիստինե Հարությունյանի «Աշխարհ» ցուցադրությունը: Ապա՝ հանդիպում երեք ռեժիսորների հետ:
Մայիսի 25-ին կցուցադրվի Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը»: Զրույց ռեժիսորի հետ:
Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «Հինգ երազողները եւ ձին» ֆիլմը կցուցադրվի մայիսի 30-ին, ապա՝ զրույց հեղինակների հետ:
Գրականություն բաժինը
Գրականություն բաժինը համակարգում է Անահիտ Բագրատյանցը:
Ապրիլի 27-ին կներկայացվի Զապել Եսայանի «Հոգիս աքսորեալ» գրքի ընթերցումը:
Նույն օրը կներկայացվի Ֆաթին Աքինի «Սպի» ֆիլմի սցենարի ընթերցումը:
Մայիսի 9-ին կներկայացվի բեռլինաբնակ գրող Կատերինա Փոլաջյանի «Ահա առյուծները» գրքի ընթերցումը: Գիրքը 2019 թվականին ներկայացվել է գերմանական գրքի մրցանակաբաշխությանը: Վիպակը սցենարի է վերածել Միլենա Աբոյանը, իսկ կկարդա Սեսիդ Թերզիյանը:
Մայիսի 10-ին կներկայացվի Սիմոն Կուչերի «Պատմության տարբերակ» պիեսը, որը պատմում է Լուսինե անունով երաժիշտի մասին, որը Հայոց Ցեղասպանության դրվագներն ուսումնասիրելիս պատահաբար գտնում է աուդիո ձայնագրություն, որում ճանաչում է իր պապիկի ձայնը… Պիեսը բեմադրել է Երեւանից բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը, որը Պրահայի 2011, 2015 եւ 2023 թվականների քվադրինեալներում եղել է Հայաստանի պատվիրակության համակարգողը, իսկ նրա «Ես տեսնում եմ, ես չեմ կարող տեսնել» ինստալացիան Հայաստանին մրցանակ բերեց Պրահայի քվադրինալեից, նա նաեւ համադրել է Թբիլիսիի բեմանկարչության բիենալեում Հայաստանի տաղավարը՝ 2016, 2018, 2020 եւ 2024 թվականներին: Պիեսի բեմադրության ռեժիսորը Մուրադ Դիքենչին է՝ Բեռլինից: Գիրքը բեմում կներկայացնեն Սարո Էմիրզեն (Գերմանիա), Նաիրի Հադոդոն (Գերմանիա) եւ Ալինա Մանուկյանը (Գերմանիա): Վերջում հանդիսատեսի հետ կզրուցեն Սիմոն Կուչերն ու Նելլի Բարսեղյանը:
Մայիսի 15-ին կներկայացվի Աննա Դավթյանի «Խաննա» նովելը:
Մայիսի 16-ին կներկայացվի Արամ Պաչյանի «P/F» վեպը, որը կկարդա Դարոն Յատեսը (Գերմանիա), ապա վեպի մասին կզրուցեն Նեչատի Օզիրին եւ Տիգրան Ամիրյանը:
Արմեն Օհանյանի «Դրոշը» կներկայացվի մայիսի 17-ին: Հեղինակից բացի կմասնակցի գերմանաբնակ գրաքննադատ Օզան Զաքարիա Կեսկինկիլիչը:
Կարեն Կարսլյանի «Ատերազմա» (It’s-Hate- War) գործը կներկայացվի մայիսի 30-ին՝ հեղինակի եւ Սաշա-Մարիանա Զալցմանի մասնակցությամբ:
Արցախցի լրագրող եւ գրող Լիկա Զաքարյանի «44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից» հուշապատումը կեզրափակի փառատոնի ծրագիրը մայիսի 31-ին: Լիկան վավերագրել է 2020 թվականի դաժանագույն օրերը՝ Ստեփանակերտից, ապաստարանից, որտեղ արցախցիները պաշտպանվում էին ադրբեջանական հարձակումներից: Հեղինակի հետ միասին գիրքը կներկայացնի գերմանաբնակ Ռոնյա Օտմանը:
Նույն օրը կընթերցվի նաեւ գերմանաբնակ գրող եւ թարգմանիչ Ագապի Մկրտչյանի կազմած «Կապույտը շոյում է մտքիս թեւերը» ժողովածուն, որում ընդգրկված են արցախցի 16 պոետների գործեր, որոնցում պատմվում է նրանց մանկության, երիտասարդության, Արցախում ապրած կյանքի մասին: Ընթերցանությունը կուղեկցվի բալետի բեռլինաբնակ պարող եւ պարուսույց Արշակ Ղալումյանի խորեոգրաֆիկ ներկայացմամբ: Բանաստեղծությունները կընթերցեն Սամվել Բագրատյանցը եւ Դոգա Գուրյերը:
Արվեստի բաժին
Վիգեն Գալստյանը համակարգել է նաեւ արվեստի բաժնի ցուցադրությունները: Ցուցադրվելու են Հայաստանցի արվեստագետներ Սոնա Աբգարյանի, Նազիկ Արմենակյանի, Նարեկ Առուշանյանի, Անուշ Բաբաջանյանի, Արեգ Բալայանի, Մաիդա Չավակի, Վահրամ Գալստյանի, Անուշ Ղուկասյանի, Նաիրի Խաչատուրյանի, Մարիամ Էներգետիկի, Անժելա Հովակիմյանի, Անի Գևորգյանի, Անաստասիա Կարկոտ*սկայի, Ալեքսանդր Կոսիխի, Փիրուզա Խալափյանի, Դավիթ Քոչունցի, Խորեն Մաթևոսյանի, Վալենտինա Մազլումյանի, Կարեն Միրզոյանի, Լիաննա Մկրտչյանի, Լարիսա Մուսայելյանի, Լուսինե Նավասարդյանի, Կարեն Օհանյանի, Գարեգին Պապոյանի, Հայկ Պարոնյանի, Մարիամ Շահինյանի, Նելլի Շիշմանյանի, Կամի Աբրահամյանի (Օնտարիո, Կանադա) Անի Բաի (Ֆրանկֆուրտ, Գերմանիա), Ցոլակ Թոփչյանի (Բեռլին, Գերմանիա), Դանիել Բըրդի (Մեծ Բրիտանիա), Արշակ Ֆեթվաջյանի (Օսմանյան կայսրություն / Բոստոն), Կիմա Գյարաքյանի (Էջմիածին), Անահիտ Հայրապետյանի (Ֆրանկֆուրտ), Կարեն Կարսլյան (ԱՄՆ), Աստղիկ Մելքոնյանի (Տորոնտո), Վեհանուշ Թոփչյանի (Գրենոբլ), Գարուշ Մելքոնյանի, Շագա Յուզբաշյանի, Թալին Զաբունյանի (Փարիզ) աշխատանքները: Ցուցահանդեսները տեղի կունենան ապրիլի 24-ից մայիսի 31-ը: Կկայանան նաեւ քննարկումներ եւ ներկայացումներ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ