Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները». Նոր ժամանակավոր ցուցադրություն է կայացել ՀՑԹԻ-ում

Ապրիլ 23,2025 21:55

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Բացմանը ներկա էին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան  Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարչին Ռուժիցկին, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը, հոգևոր և պաշտոնական այլ այրեր:

Հանդիսավոր բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը, ով ներկայացրեց ցուցադրության թեմայի կարևորությունը, բովանդակությունը, նշանակությունը և առանձնահատկությունները: Նա իր խոսքում նշեց. «Այս մարդկանց քաջությունն այսօր էլ շարունակում է մեզ մարտահրավեր նետել։ Մերժման, ժխտման և ներկայումս մեր շուրջ տեղի ունեցող հանցագործությունների այս ժամանակաշրջանում նրանց թողած վկայությունները հիշեցնում են, որ փաստագրումը թե՛ մարդասիրական, թե՛ պատմական պարտավորություն է։ Այս ցուցադրությունը բացելով՝ մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ հետազոտությանը, կրթությանը և ճշմարտության պահպանմանը»: Էդիտա Գզոյանը նաև ներկայացրեց Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողների հուշերից տպավորիչ և հուզական դրվագներ:

Ապա ելույթ ունեցավ ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը, ով մանրամասնորեն ներկայացրեց ցուցադրության բովանդակությունը, ցուցադրությունում ներառված վավերագրերը, փաստաթղթերը, նմուշները, առարկաները, իրերը. «Ցուցադրության շրջանակում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր և այլն: Ականատես վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա և այլն: Այս մարդիկ ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում էին գտնվում՝ ականատեսը դառնալով Հայոց ցեղասպանության ու վավերագրելով այն»:

Այնուհետև ելույթ ունեցավ այս ցուցադրության կազմակերպման գործում մեծ ներդրում ունեցած Futuris Architects ընկերության հիմնադիր տնօրեն Հովնան Շահբազյանը, ով շեշտեց՝ ինքը ևս Հայոց ցեղասպանության վերապրողի շառավիղ է, և այս նոր ձևաչափով ցուցադրության անհատույց կազմակերպումն ու իրականացումը իր հարգանքի տուրքն է Հայոց ցեղասպանության զոհերին:

Ելույթներից հետո Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ ներկաները շրջեցին ցուցասրահներով:

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930