Երեւանում կազմակերպված «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին. կարիքը եւ ակնկալիքները» խորագրով միջազգային համաժողովում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գիտավերլուծական կենտրոնի համակարգող, ի.գ. թեկնածու Առնոլդ Վարդանյանը հանդես եկավ «Կոնվենցիան որպես փաստաբանի մասնագիտության պաշտպանության ներպետական գործիք» թեմայով զեկույցով: Նրա խոսքը նվիրված էր կոնվենցիայի երեք հիմնական ուղղվածությունների. փաստաբանի մասնագիտության նկատմամբ հարգանքի մշակույթի զարգացում, փաստաբանի մասնագիտական գործունեության երաշխիքների ամրապնդում եւ սուբսիդացման սկզբունքին համապատասխան ներպետական մակարդակով փաստաբանի գործունեության երաշխիքների արդյունավետության բարձրացում:
«Այս համաժողովը նվիրված է փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիայի ընդունմանը: Այն առաջին միջազգային գործիքն է, որն ուղղված է լինելու փաստաբանի մասնագիտության երաշխիքների ամրապնդմանը, դրանց կատարելագործմանը: Սա նոր փաստաթուղթ է, ընդունվել է եւ մայիսի 13-ից բաց է լինելու ստորագրման համար Լյուքսեմբուրգում, որտեղ տեղի կունենա ԵԽ արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Փաստաթուղթը պահանջում է առնվազն ութ անդամ պետությունների վավերացում, որոնցից վեցը պետք է լինեն ԵԽ անդամ պետություններ»,-ասաց Առնոլդ Վարդանյանը Aravot.am-ին եւ շարունակեց. «Այսօրվա իմ ելույթը հիմնականում վերաբերում էր, թե այս կոնվենցիան ներպետական, կոնկրետ, հայաստանյան մակարդակում ինչ ազդեցություն, ինչ նշանակություն կունենա: Փորձեցի զուգահեռներ անցկացնել կոնվենցիայով նախատեսված կարգավորումների ու այն առանցքային, հիմնական խնդիրների միջեւ, որոնց մենք հանդիպում ենք Հայաստանում: Իհարկե, կարճ զեկուցման շրջանակներում հնարավոր չէ դրանց ամբողջությամբ անդրադառնալ: Բայց հնարավորինս անդրադարձա հիմնական թիրախներին, որ փաստաբանական ինստիտուտի ձայնը պիտի մշտապես լսելի լինի բոլոր այն դեպքերում, երբ որ օրենսդրական նախաձեռնություններ են քննարկվում, հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերվում են փաստաբաններին:
Խոսեցի նաեւ փաստաբանների գործունեության երաշխիքների մասին, թե ինչ երաշխիքներ է նախատեսում կոնվենցիան, ինչ ձեւով է փորձում դրանք ամրապնդել: Եվ ամենակարեւորը: Ի՞նչ հնարավորություն է տալիս կոնվենցիան՝ զարգացնելու համար փաստաբանի մասնագիտության նկատմամբ հարգանքի մշակույթը:
Ես խոսել եմ խնդիրների մասին, որ գործնականում հանդիպում են: Դա կարող է լինել փաստաբանի արգելանքը՝ անազատության մեջ գտնվող իր վստահորդի մոտ մուտք գործելը, հասանելիություն ունենալը, իրավաբանական առաջին օգնություն տրամադրելը: Այս երաշխիքների մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Կոնվենցիան բաց է լինելու ինչպես ԵԽ անդամ պետությունների, այնպես էլ անդամ չհանդիսացող պետությունների դեպքում, որը բավականին բարձրացնում է միջազգային փաստաթղթի ազդեցությունը, կարեւորությունը, որովհետեւ միջազգային կառույցները, միջազգային ինստիտուտները գիտակցում են, որ փաստաթուղթն ունի շատ-շատ մեծ կարեւորություն եւ դրա համար տրվել է հենց այս հնարավորությունը»:
Առնոլդ Վարդանյանը զեկույցում ընդգծեց նաեւ. «Երբ խոսում ենք հարգանքի մշակույթի զարգացման մասին, կարեւոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ կոնվենցիան որպես գործիք չի դիտարկում միայն փաստաբանին: Այն երաշխիքները, որոնք նախատեսված են միջազգային այս փաստաթղթով, վերաբերում են նաեւ փաստաբանի աշխատակազմին, այսինքն այն անձանց, որոնք աշխատում են անմիջապես փաստաբանի հետ: Ամենակարեւոր կետը, որ կուզեի առանձնացնել, փաստաբանի ձայնը լսելի դարձնելու կարեւորությունն է: Կոնվենցիան ունի շատ կարեւոր դրույթ այն մասին, որ բոլոր այն դեպքերում, երբ քննարկման առարկա են դարձվում կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք անմիջականորեն առնչվում են փաստաբաններին, ապա կողմերը պետք է ժամանակին եւ արդյունավետորեն խորհրդակցություններ վարեն փաստաբանների հետ: Սա առանցքային հանգամանք է եւ կոնվենցիան այս մեսիջը փորձում է հասցնել անդամ պետություններին, որ իրավունքի գերակայության ապահովումը ոչ թե պետական իշխանության մարմինների մենաշնորհն է, այլ այն պիտի լինի մասնակցային, եւ փաստաբանները նույնպես պիտի հնարավորություն ունենան դրան մասնակից դառնալու, այդ հանգամանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:
Դրա վառ օրինակը, թերեւս, փաստաբանների հարկային բեռի էական ավելացումն է: Այդ մասին բազմիցս խոսվել է, ասվել, որ փաստաբանների ներկայացրած դիրքորոշումը լսելի չի դարձվել եւ այն ՀՀ-ում քննարկման թեմա չի դարձվել պետական մարմինների կողմից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ