Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 23,2025 19:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ:

Վարչապետն իր խոսքում նախ շնորհավորել է խորհրդի անդամներին այդ  կարգավիճակում նշանակվելու առիթով և նշել, որ սահմանադրական այն ձևակերպումը, ըստ որի՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, ի վերջո պետք է ամբողջապես իրացվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը նման հարթակ, ձևաչափ, խորհրդակցելու տեղ ունենալու սուր կարիք, անհրաժեշտություն ունի և միշտ է ունեցել: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նորակազմ Հանրային խորհուրդն այդ դերակատարումը կստանձնի:

«Իմ ընկալումն այն է, որ Հանրային խորհուրդն առաջին հերթին պետք է լինի  մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների, իհարկե նաև մարտավարական և կոնկրետ հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, որ սա Կառավարության համար լավ հնարավորություն է՝ մեր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն ձևակերպումը, ըստ որի՝ հայրենասիրությունն առանց պրոֆեսիոնալության նույնիսկ վտանգավոր է, ճշգրիտ ձևակերպում է այն իրադրությունը և ճանապարհը, որը մենք անցել ենք, որովհետև մեր ֆունդամենտալ խնդիրը մեր Հանրապետության ձևավորման առաջին օրերից հայրենասիրությունն է՝ առանց պրոֆեսիոնալիզմի։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ, դա չի նշանակում, որ Հայաստանում չեն եղել պրոֆեսիոնալներ և չկան: «Խոսքն ուրիշ բանի մասին է: Լինել պրոֆեսիոնալ՝ որպես արվեստագետ, լինել պրոֆեսիոնալ՝ որպես գիտնական, լինել պրոֆեսիոնալ՝ որպես առողջապահության ոլորտի աշխատող, լինել պրոֆեսիոնալ արդյունաբերության ոլորտում, դա մի շատ կարևոր բան է, բայց լինել պրոֆեսիոնալ պետության հետ հարաբերություններում և պետության ձևավորման հարցում՝ շատ ավելի լուրջ մարտահրավեր է, առավել ևս մի իրավիճակում, մի հանրության պայմաններում, որտեղ պետականության ավանդույթները հատվածական են, ընդհատված և խորը ձևավորված ինստիտուտներ և ավանդույթներ չկան: Չնայած Հայաստանում այսօր հիմնականում իշխող տրամադրությունը, հանրային հարթակներին հետևելով, հոռետեսությունն է, պիտի ընդգծեմ, որ ինձ համար իշխող տրամադրությունը լավատեսությունն է և սա ուղղակի էմոցիոնալ դրսևորում չէ: Սովորաբար ասում են, որ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է, իսկ ո՞վ է լավատեսության պայմաններում լավ տեղեկացվելուց հետո հոռետեսության դաշտում հայտնվելով՝ կրկին լավատեսության դաշտում հայտնվողը, թերևս նա է, ով ավելի ամբողջական է տիրապետում կամ պատկերացնում իրադրությունն իր բոլոր նրբություններով տվյալ ժամանակաշրջանում և պատմական ավելի երկար կտրվածքով»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ինքն այսօր շատ ավելի լավատես է, քան եղել է 2018 կամ 2019,  առավել ևս 2020 կամ 2021 թվականներին։ Իսկ ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ Վարչապետի ընկալմամբ և դիտանկյունից փոխվել է հետևյալը, որ Կառավարությունն ունի նախագիծ, որը շատ կոնկրետ է։ «Եվ ես կուզենայի, որ մենք այս նախագծի առկայությունը չթերագնահատենք նաև այն տրամաբանությամբ, որ դա նախագիծ է, որի շեշտը դրված է մեր, այլ ոչ թե ուրիշների անելիքների դաշտում, մեր և ոչ թե ուրիշների կողմից կայացվող կամ չկայացվող որոշումների դաշտում: Իմ գնահատմամբ, լավագույն կամ առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել Կառավարության և պետական համակարգի աշխարհընկալման մեջ, հենց սա է: Ես փորձեցի այս մասին խոսել Ազգային ժողովում վերջին երկու ելույթների ժամանակ և հիմա հատկապես Հանրային խորհրդում ուզում եմ ընդգծել սա: Լավատեսությունը բխում է նրանից, որ սեղանի վրա կա նախագիծ և այդ նախագծի իրագործումը 90 և ավելի տոկոսով կախված է մեզնից, բացարձակապես մեզնից և այն որոշումներից, որոնք կկայացնենք մենք՝ որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ: Կարծում եմ, որ սա ամենակարևոր նորությունն է իմ դիտանկյունից, որը ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ լավատեսությունը չի նշանակում երաշխիք:

Վարչապետի խոսքով՝ այդ նախագծի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն երաշխավորված չէ. այդ նախագիծը ենթադրում է աշխատանք, քննարկումներ ամենատարբեր ֆորմատներով, որոշումներ, այդ թվում՝ հանրության հետ շատ ակտիվ աշխատանք: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Հանրային խորհուրդը կդառնա այդ քննարկումների հարթակը։

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ներկաներին Հանրային խորհրդի աշխատանքներում և երաշխավորել, որ Կառավարությունը կունենա ակտիվ և բարձր մակարդակի մասնակցություն՝ իհարկե այն ըմբռնմամբ, որ նոր ձևավորված Հանրային խորհուրդը կլինի հենց այնպիսի հարթակ, որտեղ կլինի գաղափարների բախում, քննարկում, բանավեճ և ոչ վիճաբանություն:

Հաջորդիվ քննարկվել են Հանրային խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930