Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային աղմուկին առնչվող տարաբնույթ բողոքներ ենք ստանում». Ռուստամ Բաքոյան

Ապրիլ 23,2025 19:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանրային աղմուկին առնչվող տարաբնույթ բողոքներ ենք ստանում: ՀՀ տարբեր բնակավայրերում հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտություն, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերում աղմուկի տարաբնույթ դրսեւորումներ, տրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող աղմուկ, ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսեւորումներ: Այդ ամենի հետեւանքով մեր քաղաքացիների առողջության պահպանման, հանգստի ապահովման եւ այլ հիմնարար իրավունքներ են խախտվում»,- վերոնշյալ խնդրի բարձրաձայնման նպատակով ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ նման մտահոգություն է հայտնել հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Խնդիրը բազմակողմանիորեն ուսումնասիրելու, գործող իրավակարգավորումները եւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ նաեւ խորհրդարանական լսումներ են հրավիրվել:

Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով խնդիրն արդիական է, բողոքները բազմաթիվ են` ուղղված եւ հանձնաժողովին, եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Նշվել է, որ տարբեր իրավական ակտերի շրջանակում գործում են աղմուկի սահմանված մակարդակը գերազանցելու դեպքերի առնչությամբ մի շարք իրավակարգավորումներ. դրանցից են` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, Առողջապահության նախարարի` ««Աղմուկն աշխատատեղերում, բնակելի եւ հասարակական շենքերում ու բնակելի կառուցապատման տարածքներում» սանիտարական նորմերը հաստատելու մասին» հրամանը:

«Ակնհայտ է, որ աղմուկի կարգավորման մասին համապարփակ օրենքի առկայությունն անհրաժեշտություն է, որի ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում»,- նման կարծիք է հայտնել Ռուստամ Բաքոյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը եւս խոսել է ոլորտում առկա խնդիրներից, նշել, որ դրանց մի մասը պատշաճ վերահսկողական մեխանիզմների, պատասխանատվության միջոցների բացակայության կամ ոչ պատշաճ գործադրման հետ են կապված: Կան նաեւ բնագավառներ, որոնք համապատասխան օրենսդրական կանոնակարգման ենթարկված չեն, օրինակ՝ հանգստյան օրերին շինարարական աղմուկը կամ հանրային սննդի օբյեկտներում աղմուկն ու մի շարք այլ հարցեր:

ՄԻ պաշտպանն արձանագրել է, որ մոդելները կարող են տարբեր լինել. տարատեսակ օրենսդրական ակտերում հարցի հետ կապված կանոնակարգումներ կամ համապարփակ օրենսդրության առկայություն:

Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ աշխատանքի արդյունքում օրենքի նախագծային տարբերակ է ներկայացվել, որն էլ եղել է հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման առանցքում:

Ապրիլի 23-ին կայացած քննարկմանը մասնակցել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, Երեւանի պետական համալսարանի դասախոսներ:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930