ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին խորհրդարան էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ՝ քննարկելու իրենց մտահոգող մի շարք հարցեր ու խնդիրներ:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հռիփսիմե Հունանյանը, հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Անդրադառնալով հանդիպման դրդապատճառներին՝ Լիլիթ Ստեփանյանը հայտնել է, որ հաճախ լինում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների՝ Հրազդանում գործող խնամքի ցերեկային կենտրոնում, որպեսզի ծանոթանա խնդիրներին: «Հերթական այցից հետո, երբ ձեւաչափը մի փոքր փոխեցինք, ես հասկացա, որ կա քննարկման անհրաժեշտություն: Այդ իսկ պատճառով որոշեցինք կազմակերպել աշխատանքային հանդիպում, որպեսզի այն խումբը, որը գործնականում կիրառում է օրենսդիր եւ գործադիր մարմինների ընդունած որոշումները, նաեւ հենց ձեր ներկայությամբ ասի, թե ինչպիսի խնդիրների են բախվում կամ այդ ծառայությունները որքանով են օգնում կամ, առհասարակ, որեւէ ազդեցություն չեն ունենում»,- դիմելով գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ ասել է Լիլիթ Ստեփանյանը:
Երեխաների մայրերը հանդիպման մասնակիցներին են ներկայացրել տարբեր աստիճանների հաշմանդամություն ունեցող իրենց երեխաների տարաբնույթ խնդիրները, նրանց խնամքի հետ կապված դժվարությունները, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին եւ օրենսդրական բացերին, ներկայացրել առաջարկներ, որոնք, ըստ նրանց, ընդունվելու դեպքում կարող են փոքր-ինչ թեթեւացնել թե՛ ծնողների, թե՛ երեխաների կյանքը:
Կարդացեք նաև
Ներկայացված խնդիրները տարբեր էին. դրանք առնչվում էին ե՛ւ սոցիալական, ե՛ւ առողջապահական, ե՛ւ կրթական ոլորտներին: Այլեւայլ խնդիրներից բացի՝ ծնողներն անդրադարձել են անձնական օգնականի ծառայությանը եւ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամակալության հետ կապված հարցերին՝ առաջարկելով ունենալ օրենսդրական այնպիսի կարգավորում, որ երեխային խնամող ծնողը կարողանա դառնալ երեխայի խնամակալը՝ ստանալով նպաստ եւ աշխատանքային ստաժ: Նշվել է, որ նման կարգավորումներ գործում են մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում եւ Վրաստանում:
Ծնողների բարձրացրած հարցերը վերաբերել են հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիաների անբավարարությանը, տնային ուսուցման համակարգի վերանայման անհրաժեշտությանը, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ներառականությանն ուսումնական հաստատություններում, ցերեկային խնամք իրականացնող հաստատությունների ֆինանսավորման ծավալին, ինչպես նաեւ այլ հարցերի:
Գործադիր մարմնի ներկայացուցիչները եւ պատգամավորները պատասխանել են ծնողների հարցերին, տվել պարզաբանումներ:
Ամփոփելով քննարկումը՝ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ ներկայացված խնդիրներն արձանագրվել են, եւ եթե լինի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն, ապա դրանք կնախաձեռնվեն:
ԱԺ