Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության ոլորտում տղաների անբնական պասիվությունը քրեական ենթամշակույթի բերումով է. Փաշինյան

Ապրիլ 23,2025 16:55

Կառավարությունը հաստատել է ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը. պարտադիր պայման՝ շահառու ընկերությունը 1 նոր ուղղությամբ ուղևորափոխադրում պետք իրականացնի դեպի Գյումրի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը: Որոշման ընդունումը պայմանավորված է օդային ճանապարհով ժամանող ուղևորների թվի ավելացման, ինչպես նաև դեպի ՀՀ և ՀՀ-ից չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է խթանել նոր ուղղություններով ժամանող քաղաքացիների հոսքը ՀՀ՝ կիրառելով ֆինանսական աջակցության գործիքն այն ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կիրականացնեն մինչ օրս չսպասարկված, նոր ուղղություններից՝ յուրաքանչյուր օդային ուղևորի համար շահառու ավիաընկերություններին տրամադրելով 15 000 և 20 000 դրամ՝ համապատասխանաբար Գյումրու «Շիրակ» և Երևանի «Զվարթնոց» օդանավակայաններ չվերթեր իրականացնելիս։ Արդյունքում՝ ակնկալվում է նոր ուղղություններից ՀՀ միջազգային օդանավակայաններում ուղևորահոսքի ծավալների ավելացում (ծրագրի շրջանակներում կանխատեսվում է տարեկան շուրջ 5-6% աճ ուղևորահոսքի գոյություն ունեցող ծավալների նկատմամբ), որը կխթանի զբոսաշրջությունը, կընդլայնի ՀՀ-ից իրականացվող չվերթերի աշխարհագրությունը, կնպաստի միջազգային ավիաընկերությունների Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում բազավորմանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պարտադիր պայման է, որ շահառու ընկերությունը 1 նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան: Ըստ նրա՝ ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով: «Ինչ նկատի ունենք՝ ասելով «նոր ուղղություն»: Սրանք այն ուղղություններն են, այն քաղաքները՝ անկախ այնտեղ գտնվող օդանավակայանների քանակից, որտեղ առաջին չվերթը սկսելու պահից նախորդող 12 ամիսների ընթացքում ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթերի քանակն ամառային ժամանակահատվածում չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռային ժամանակահատվածում՝ 10-ը: Երկրորդը՝ «բազավորում» տերմինն է: Բազավորում ասելով՝ նկատի ունենք օտարերկրյա այն ավիաընկերություններին, որոնք Հայաստանում կունենան մասնաճյուղ, առնվազն երկու օդանավ կունենան Հայաստանում մշտական, բացառությամբ՝ թռիչքային ժամերի և սպասարկման համար մեր օդանավակայաններից բացակայելու»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը նաև դեպի Գյումրի զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից: Վարչապետն արձանագրել է՝ դեպի Գյումրիի զբոսաշրջային հետաքրքրության աճ է նկատվում, որը նաև ներդրումային ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման արդյունք է:

Ֆինանսական միջոցներ՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որոշման նպատակն է ապրիլ և մայիս ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովել: Առաջարկվում է 2-րդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ:

«Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են «անհուսալի» դասով, և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը: Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը»,– ասել է Տաթևիկ Ստեփանյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ դիմումների ընդունման ժամկետը՝ գործընթացի մեկնարկը սահմանված է եղել 2025 թվականի փետրվարի 1-ը, վերջնաժամկետ՝ 2026 թվականի հունվարի 31-ը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ այս պահի դրությամբ 9630 դիմումից բավարարվել է 3594-ը: Մարտին վճարվել է փետրվարին դիմած և հաստատված 1896 անձի համար աջակցությունը, որի դրամական չափը 70 մլն դրամ է: Մարտին դիմել և շահառու է դարձել ևս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջին: Արդյունքում՝ կլինի 2968 անձ՝ որպես ծրագրի շահառու, փետրվար-մարտ ամիսների համար վճար կստանա:

Ըստ փոխնախարարի՝ պոտենցիալ շահառուների թիվը 218 հազար է, մինչև 1 մլն դրամ ունեցող վարկային բեռի թիվը՝ 168 մլրդ դրամ. «218 հազար անձից մոտավորապես 40 600–ը ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեցել է զբաղվածություն: Մենք դիտարկում ենք, որ 2026 թ. հունվարի 31-ին, առնվազ 90 հազար անձի ևս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակում: Եվ մենք կունենանք 218 հազար նախանշված թիրախ խմբից՝ առնվազն 60 տոկոսի ներգրավում»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ իրազեկվածության պատշաճ ապահովումը։ Վարչապետը լավ նորություն է համարել փոխնախարարի ներկայացրած այն ցուցանիշը, որի համաձայն՝ միջոցառմանը դիմած շահառուներից 680-ն առաջին անգամ է մտել աշխատաշուկա: Այսինքն՝ նրանք նախորդող ամսին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, ինչը թվային ցուցանիշների մեջ կազմում է 22 տոկոս:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է՝ պետք է խնդրել բանկերին, որ ավելի ինտենսիվ կապ կազմակերպեն շահառուների հետ, քանի որ ծրագիրն ունի դուալ արդյունք՝ բանկերն էլ են դրանից եկամուտ ստանում: Ըստ փոխվարչապետի՝ բանկերը հիմա պետք է զանգեն իրենց այդ հաճախորդներին, ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն:

Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նոր ռազմավարությամբ առաջարկվում է 6 հիմնական գերակայություն: Առաջին գերակայության ջանքերն ուղղվելու են պետական քաղաքականության և կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովմանը, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն: Երկրորդ գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն հիմնականում ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսական զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը և այլն:

Երրորդ գերակայությամբ սահմանված նպատակներն ու գործունեությունը միտված են լինելու կրթության և գիտության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության, ներկայացվածության խթանմանն ու գենդերային խզվածքի նվազեցմանը: Չորրորդ գերակայությունը առողջապահության ոլորտում կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովելումն է:

Հինգերորդ գերակայության ներքո գործողություններն ուղղված են լինելու են ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունից զերծ, առավել ապահով ու անվտանգ միջավայր ներդնելուն՝ կանխելու կանանց ու աղջիկների գենդերային հիմքով բռնությունը:

 

Վեցերորդ՝ նոր գերակայությունն ուղղվելու է կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն ու գենդերաարձագանքող մոտեցումների ձևավորմանը:

Փոխնախարարի խոսքով՝ այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացմանը և գենդերաարձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեմային տարբեր ձևաչափերով բազմիցս անդրադարձ է կատարվել և ընդգծել՝ Կառավարության նպատակադրումը հստակ է. մեր հանրության ներուժը պետք է մաքսիմալ ներառվի երկրի զարգացման օրակարգերում՝ բոլոր ուղղություններով: Վարչապետը նշել է, որ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են և ընդգծել կանանց ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը:

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ աշխատանքի որոշ ոլորտներում հիմնականում կանանց ներգրավվածությունը վկայում է երկրում առկա խորը խնդիրների մասին, որոնք պետք չէ թերագնահատել: Վարչապետի խոսքով՝ այդ խնդիրների հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալմամբ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աղջիկների՝ կրթության ոլորտում նկատելի ակտիվությանը և մտավախություն հայտնել, որ այդ առավելությունը վերոնշյալ երևույթի պատճառով է, և որ տղաների անբնական պասիվությունը քրեական ենթամշակույթի բերումով է:

Վարչապետն ընդգծել է՝ այստեղ էլ քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է՝ ինչպես անել, որ տղաներին մոտեցնել գիտելիքին, կրթությանը:

Կառավարությունն 111,5 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզում անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար

Անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2025 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում և փոփոխություն նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ Տավուշի մարզպետի աշխատակազմին կհատկացվի 111,549 հազար դրամ՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար։

Կապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամ, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թ. փետրվարի 15-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այսպիսով՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թ. մայիսի 15-ը ներառյալ:

Կապահովվի ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը. կներդրվեն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ

Կառավարությունը լրացում է կատարել «Պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ: Առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ուղղակի ձևով պետական գույքի մասնավորեցման, օտարման կամ օգտագործման տրամադրման մասին համապատասխան իրավական ակտերով սահմանված ներդրումների չափը և կատարման ժամկետները բավարար իրավական և տնտեսական հիմնավորման առկայության դեպքում կարող են փոփոխվել՝ կոմիտեի համաձայնությամբ և ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Ընդ որում՝ փոփոխման են ենթակա միայն այն ներդրումները, որոնց չկատարման համար հաշվարկված տուգանքները արդեն իսկ վճարվել են։ Որոշման մշակման համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ վերջին տարիներին տնտեսական պայմանները՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, փոփոխվել են, և վերջիններս կարող են անմիջական ազդեցություն ունենալ ներդրողների ֆինանսական հնարավորությունների և ծրագրերի իրականացման վրա։ Արդյունքում՝ ներդրումների չափի ճկուն փոփոխությունը հնարավորություն կտա ներդրողներին հաղթահարել ժամանակավոր դժվարությունները և շարունակել ծրագրերը՝ ապահովելով դրանց ավարտը: Կվերացվեն ծրագրերի ձախողման կամ դադարեցման ռիսկերը, ինչը կնպաստի պետական գույքի արդյունավետ օգտագործմանը: Չկատարված ներդրումների տուգանքների պարտադիր վճարումը կպահպանի պետական եկամուտների մակարդակը, կնվազեն ռիսկերն, որ չկատարված ներդրումների պատճառով պետությունը ֆինանսական կորուստներ կունենա: Կառավարության կողմից ներդրումային պայմանների ճկուն վերանայման մեխանիզմի կիրառումը կխթանի վստահությունը պետական կառույցների հանդեպ և նոր ներդրողների համար կստեղծվի գրավիչ միջավայր, ինչը կնպաստի տնտեսական ակտիվության աճին: Ներդրումային պայմանագրերի վերանայումը կնպաստի պետական գույքի արդյունավետ և նպատակային օգտագործմանը: Արդյունքում, գույքը կօգտագործվի՝ համաձայն նրա սկզբնական ծրագրի կամ նպատակների՝ կանխելով դրա անգործությունը կամ վատնումը:

Այն թույլ կտա խուսափել ներդրումային ծրագրերի ձախողումից, խթանել տնտեսական աճը, նպաստել պետական և հասարակական շահերի պաշտպանությանը և ապահովել ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը։

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ազգային ժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 116 րդ հոդվածի 1-ին մասի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 25 րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2024 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ոլորտային որակավորումների շրջանակ ՄԿՈՒ հաստատություններում. կանցկացվի աշխատաժողով

Գործադիրն ընդունել է որոշում՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ օրենքը կարգավորում է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի գործունեությունը, կառավարումը և ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակիցների, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները՝ ապահովելով անհատի մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի իրացումը։ Նոր օրենքի համաձայն մասնագիտական կրթական ծրագրերը կազմվում են Որակավորումների ազգային շրջանակի և Ոլորտային որակավորումների շրջանակների պահանջներին համապատասխան: «Մասնագիտական կրթության Ոլորտային որակավորումների շրջանակ» հասկացությունը նորույթ է գործող ՄԿՈՒ համակարգում, սակայն դրա կիրարկումը կբերի փոփոխություններ ամբողջ համակարգում, հատկապես մասնագիտական կրթության և ուսուցման բովանդակության շրջանակում: Ոլորտային որակավորումների շրջանակների կիրարկումը կնպաստի ՄԿՈՒ մրցունակության բարձրացմանը, մասնագիտական հմտությունների համակարգված զարգացմանը: Որոշման ընդունման արդյունքում՝ կանցկացվի ոլորտային որակավորումների շրջանակների վերաբերյալ կազմակերպված աշխատաժողով, որին կմասնակցեն շուրջ 70 մասնակիցներ՝ ՏՀՏ, թեթև արդյունաբերության և շինարարության ոլորտների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ քաղաքականություն մշակողներ և կրթական ծառայություններ մատուցողներ, միջազգային և տեղական փորձագետներ, որտեղ կհստակեցվեն 3 ոլորտների որակավորումների շրջանակների հիմնական բնութագրիչները: Կմշակվի «Ոլորտային որակավորումների շրջանակի մշակում. մեթոդաբանություն և նկարագրիչներ» դասընթացավարների վերապատրաստման դասընթացի մոդուլ: Կվերապատրաստվի առնվազն 30 փորձագետ-դասընթացավար, որոնք իրենց հերթին հետագայում կվերապատրաստեն ՏՀՏ, թեթև արդյունաբերության և շինարարության ոլորտների որակավորումների շրջանակը մշակող-փորձագետներին:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2017 թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված և 2018 թ. փետրվարի 6-ին փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով փոփոխված 5,339,139.38 եվրո արժողությամբ «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ՝ առաջարկվում է համաձայնագրում կատարել փոփոխություն և սահմանված ապահովագրավճարների սուբսիդավորումը ֆինանսավորելու համար հատկացված ֆինանսական օժանդակության 4,824,139․38 եվրո գումարից 500 000 եվրո գումարի չափով տրամադրել՝ ապահովագրության գործընթացի խորհրդատվական և տեխնիկական աջակցություն նախատեսելու նպատակով։ Միաժամանակ, սահմանվում է, որ 500 000 եվրո գումարը ամբողջությամբ չօգտագործվելու դեպքում՝ պարզեցված ընթացակարգով հնարավոր կլինի չծախսված գումարը նախատեսել ապահովագրավճարների սուբսիդավորման համար։

Հավանություն է տրվել 2024 թ. սեպտեմբերի 27-ին քաղաք Նիժնի Նովգորոդում ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների կողմից տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կնիքները և դրոշմակնիքները դնելու կարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Փաստաթղթի նպատակն է ապահովել տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի նույնականացման նկատմամբ արդյունավետ մաքսային հսկողությունը՝ տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի հսկողության համար:

Գյումրիում գտնվող գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոց 30/6 վարչական շենք հասցեում գտնվող Վարչական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 121 900 000 դրամ։ Որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2025 թ. հոկտեմբերի 18-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

Վայոց ձորի մարզի Քարագլխի մարզամշակութային կենտրոնը կապահովվի գույքով

Գործադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 999,738 հազար դրամ գումարի չափով, որից՝ 991,949 հազար դրամը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի ապահովման նպատակով, իսկ 7,789 հազար դրամը՝ Վայոց ձորի մարզի Քարագլխի մարզամշակութային կենտրոնի գույքով ապահովման նպատակով: Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի մարզամշակութային կենտրոնում բարերարի կողմից իրականացվել են վերանորոգման աշխատանքներ և կենտրոնի լիարժեք շահագործման համար անհրաժեշտ է գույքի որոշ տեսակների ապահովում։ 36 անուն գույքի ձեռքբերման համար նախարարությունը հայտարարել է պայմանով մրցույթ, որի արդյունքում 27 անուն գույքի համար կնքվել են պայմանագրերը (կամ կնքման փուլում են), իսկ 9 անուն գույքի համար մրցույթը չի կայացել և վերահայտարարման փուլում է։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով «Թի Էմ Կոնստռակշն», «Սպայկա» և «Ագրոպրո» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Թի Էմ Կոնստռակշն» ընկերությունը իրականացնում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կայանների կառուցման շինարարական աշխատանքներ։ Ընկերության ներդրումային ծրագրի նպատակն է համագործակցելով էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ՝ կառուցել տեխնիկական սպասարկման կայաններ՝ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում։ Գործունեությունը իրականացվելու է Երևան քաղաքում և մարզերում՝ իրականացնելով շուրջ 90 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և 40-50 մլն դրամի ներդրում յուրաքանչյուր տեխսպասարկման կետի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 11 աշխատատեղ 130 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 26-ի՝ 165 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 86 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 10.2 մլն դրամ։

«Սպայկա» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթնամթերքի արտադրության, իսկ բեռնատար քարշակները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Արտադրությունը նախատեսվում է Երևանում՝ իրականացնելով 34.7 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 2002 աշխատատեղ 286 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 34.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.4 մլրդ դրամ։

«Ագրոպրո» ընկերությունը Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում 2024թթ.-ին 90 հա հողատարածքում հիմնել է 75 հա սուպերինտենսիվ պտղատու այգի՝ մեկ հեկտար հողակտորի վրա տնկելով շուրջ 2000 հատ ծառ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել սառնարանային տնտեսություն, մրգի տեսակավորման և փաթեթավորման արտադրամաս և ստվարաթղթե փաթեթավորման տարաների արտադրության արտադրամաս։ Նախատեսվում է իրականացնել 2․73 մլրդ դրամի ներդրում՝ սառնարանային տնտեսության շինության կառուցման, սարքավորումների և այլ հիմնական միջոցների ձեռքբերման, տեսակավորման և փաթեթավորման հոսքագծի ձեռքբերման և տեղադրման համար։ Ներկայումս առկա է 50 աշխատատեղ 440 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 90-ի՝ 440 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 491 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 46․6 մլն դրամ:

Կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու և համապատասխան գիտական արդյունք ապահովելու համար: Միջազգային համաժողովը կկազմակերպի ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը: Այն հնարավորություն կտա միջազգային հերթական կարևորագույն գիտաժողովի անցկացման, գիտության տվյալ ուղղությամբ բազմաթիվ զեկուցումների, քննարկումների, ինչպես նաև կնպաստի Հայաստանում և արտերկրում աստղագիտական ժառանգության ուսումնասիրմանը, մշակութային ժառանգության պահպանման գործում մասնագիտացված օտարերկրյա կազմակերպությունների և կառույցների հետ գիտական համագործակցության ամրապնդմանը:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում կստեղծվի իրավունքների իրացման համապատասխան իրավական հիմք, հնարավորություն և միջավայր այն անձանց համար, ովքեր ունեն կացության կարգավիճակի քարտ կամ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ նույնականացվել Հայաստանի Հանրապետության կողմից և ստանալ Mobile ID, որը հնարավորություն կտա օգտվել պետական առցանց ծառայություններից։

Գործադիրի որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից Շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի ընդհանուր 96,020.0 հազար դրամ, որից 79,340 հազար դրամի շրջանակում կիրականացվի Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով խորքային հորերից 40 հատի կոնսերվացման և 11 հատի լուծարման աշխատանքները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930