Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդիականացնել հետազոտությունների թեմատիկան». ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2024 թ. գործունեության արդյունքները

Ապրիլ 23,2025 16:27

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները․

  • «Ավետիք Իսահակյանի պոեզիան. մեթոդաբանությունը և արդիականությունը» (զեկ.՝ բ.գ.դ. Ա. Վ. Իսահակյան)
  • «Հայ ժողովրդի կազմավորման և առաջին հայկական պետականությունների ստեղծման հիմնախնդիրների լուսաբանումը «Հայոց պատմության» առաջին հատորում» (զեկ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Ա. Մելքոնյան, պ.գ.դ. Ա. Ա.Բոբոխյան)
  • «Հնագիտական հետազոտությունների վերջին գիտական արդյունքները» (զեկ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պ. Ս. Ավետիսյան)
  • «Հայ քաղաքագիտական միտքը. պատմություն և արդիականություն» (զեկ.՝ քաղ.գ.թ. Է. Հ. Օրդուխանյան):

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Պատմության, Արևելագիտության, Արվեստի, Հնագիտության և ազգագրության, Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը:

Բաժանմունքն ունի 5 ակադեմիկոս և 14 թղթակից անդամ:

Բաժանմունքի գիտական կազմակերպությունների աշխատակիցները հրատարակել են 134 գիրք, 16 դասագիրք և ձեռնարկ, 1076 հոդված, 223 թեզիս: Անցկացվել է 36 միջազգային և 21 հանրապետական գիտաժողով:

ՀՀ ԳԱԱ տերմինաբանական հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհուրդը հաստատել է գործունեության հայեցակարգը, գրական հայերենի կանոնարկման հիմնական սկզբունքները, տերմինաշինության ճյուղային հանձնախմբերը: ՀՀ ԳԱԱ պատմագիտության ու մշակութաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհուրդը ստեղծել է 6 աշխատանքային խումբ, հաստատել՝ գործունեության կարգն ու ուղղությունները:

2024 թվականի ընթացքում հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդես», «Բանբեր հայագիտության» և «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականները, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար: Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Լեզու և լեզվաբանություն» հանդեսը, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը` «Գրականագիտական հանդես», Արվեստի ինստիտուտը՝ «Արվեստագիտական հանդես» պարբերականները:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց․ «Հարկ է հիմնավոր և փաստարկված պայքար ծավալել հայկական գիտության՝ իբրև մեր երկրի զարգացման գլխավոր ռեսուրսի, կազմակերպման ավանդական և արդյունավետ ակադեմիական եղանակի պահպանման, դրա էական բարեփոխման ու երկրի տնտեսության, անվտանգության և գիտակրթական սիներգիկ համակարգի վերելքի ապահովման համար»։

Որոշման մեջ նշված է նաև, որ անհրաժեշտ է.

  • արդիականացնել հետազոտությունների թեմատիկան
  • կարևորել միջգիտակարգային հիմնախնդիրների ուսումնասիրությունը
  • ընդլայնել և ամրապնդել միջազգային գիտական կապերն ու համատեղ հրապարակումները
  • ակտիվացնել և էականորեն ավելացնել հրապարակումները միջազգային գիտական շտեմարաններում
  • լայնածավալ աշխատանք կատարել հայկական գիտության կազմակերպման ավանդական ակադեմիական եղանակի պահպանման, դրա լրջագույն բովանդակային բարեփոխման և երկրի տնտեսական, անվտանգային ու կրթական խնդիրների լուծմանը նպաստելու համար։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930