Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով մի շարք միջոցառումներ են նախատեսված: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը:
«Ապրիլի 24-ի առավոտյան կլինենք Փարիզի քաղաքապետարանում: Ամեն տարի Փարիզի քաղաքապետը մեզ ընդունում է, լինում են ելույթներ Փարիզի քաղաքապետարանի եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից: Կեսօրից հետո Կոմիտասի արձանի մոտ հավաքվելու ենք, որպեսզի այդտեղից սկսվի պաշտոնական միջոցառումը: Ի թիվս այլոց, ներկա է լինելու նաեւ Ֆրանսիայի վարչապետը, որը նույնպես խոսք է ասելու, ինչպես նաեւ Փարիզի քաղաքապետը»,-ասաց Անահիտ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ 2009 թվականի մարտին Կոմիտասի արձանին հարող փոքր պուրակը վերանվանվել է «Երևան», պուրակի բացման արարողությանը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրն, իսկ Դավիթ Երեւանցու հեղինակած Կոմիտասի արձանը բացվել էր 2003 թվականին:
Անահիտ Հակոբյանը հավելեց, որ Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո երթը կշարունակվի դեպի Փարիզի կենտրոնական Շանս Էլիզե պողոտա, որտեղ գտնվում է թուրքական ներկայացուցչական բիզնես կենտրոններից մեկը, բացի դրանից՝ Շանս Էլիզեն մարդաշատ է, դրա համար է երթը հենց այդ փողոցում շարունակվելու:
Կարդացեք նաև
«Փոքր քաղաքներում եւս միջոցառումներ են նախատեսված: Օրինակ, այսօր Արֆորվիլում 19:40 եկեղեցում մարդիկ հավաքվելու են ու այնուհետեւ ջահերով երթ է լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ընդգծեց, որ 2019 թվականից նախագահ Մակրոնի որոշմամբ Հայոց ցեղասպանության օրը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է: նրանից ճշտեցինք, որ այդ օրը հայ երեխաները կարող են դպրոց չհաճախել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային