«Ճիշտն ասած՝ առիթ չեմ ունեցել լսել «Պատիվ ունեմ»-ի առաջարկը։ Խնդիր չկա։ Մենք ենք առաջինը հայտարարել իմպիչմենտի մասին 2022-ի օգոստոսին։ Եթե կա որևէ առաջարկ, բաց ենք, պատրաստ ենք քննարկել, ինչպես բոլոր շարժումների ընթացքում բաց և պատրաստ ենք եղել։ Դա իշխանափոխության փուլերից, գործիքներից մեկն է և մեր պատկերացմամբ՝ փողոցային շարժման փուլերից մեկն է։ Եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ՝ պատրաստ ենք քննարկել»,-փաստմանը՝ իմպիչմենտի մասին «Պատիվ ունեմ» խմբակցությունը կոնկրետ առաջարկով է հանդես գալիս և հարցին՝ արդյոք դա քննարկե՞լ եք խմբակցությունում, և ի՞նչ խնդիր կա, որ համաձայնության չեք գալիս, ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հարցին՝ երկու խմբակցություններով այդ հարցը քննարկե՞լ եք, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ ես «Պատիվ ունեմ»-ի առաջարկին տեղյակ չեմ»։
Լրագրողների փաստմանը՝ ջահերով երթի հետ կապված քննադատություններ են հնչում Դաշնակցության հասցեին, որ իբր Ջահերով երթի անվան տակ հավաքում են մարդկանց, ցանկանում օգտագործել անկարգությունների համար և հարցին՝ երեկվանից այս արշավն ինչպե՞ս կբացատրեք, Քրիստինե Վարդանյանն այսպես արձագանքեց․ «Ի՞նչ տեղեկությունների են տիրապետում, թող այդ տեղեկություններով գնան դատախազություն։ Մենք այսօր կազմակերպելու ենք Ջահերով երթ։ Քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ ուղերձ հղելու Թուրքիային և Ադրբեջանին և իրենց հետ պայմանավորվածության եկած ՀՀ իշխանություններին։
Հարց ունեմ՝ Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում։ Դա մաքուր հիշատակի, պահանջատիրության միջոցառում է։ Ո՞րն է իմաստը Ջահերով երթը թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզչություն անելու։ Կարո՞ղ է դա խոչընդոտում է այն պայմանավորվածություններին, որ ձեռք են բերվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Իսկ կարո՞ղ է դա խոչընդոտում է օրինակ՝ այն պայմանավորվածությանը՝ ըստ որի ՀՀ Սահմանադրության նախաբանից պիտի հեռացվի Անկախության հռչակագիրը։ Մոռանում ենք, որ Անկախության հռչակագրում կա նաև կետ, որտեղ ասում է՝ ՀՀ-ն պետք է սատար կանգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Դա միշտ խնդիր է եղել Թուրքիայի համար այսինքն՝ այս պահանջի կատարումը նաև Թուրքիայի պահանջն է։ Այս համատեքստում, բնականաբար, Ջահերով երթը պիտի թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ