Լրահոս
Օրվա լրահոսը

Ալյոնա Գրիգորյանի ընտանիքը մեկն է 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած ընտանիքներից, որ այսօր ոչ մի կարգավիճակ չունի. «Ապառաժ»

Ապրիլ 23,2025 16:07

«Ապառաժ». Ալյոնան Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ Երեք երեխաների ու ամուսնու մոր հետ բնակություն է հաստատել Երևանում։ Ամուսինը՝ Դավիթը, զոհ է դարձել 2023-ի սեպտեմբերի 25-ի չարաբաստիկ պայթյունին։ Նա երկար տարիներ ծառայում էր Արցախի ՊԲ-ի շարքերում։ Զինվորական թոշակի անցնելուց հետո՝ 2023 թվականից ԱՀ աշխարհազորի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետն էր։

Ալյոնան վերապրում է Արցախում ապրած վերջին օրերը, հուզվում ամեն մի բառից․․․

-Սեպտեմբերի 25-ին լուր էր պտտվում, որ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող վառելիքի պահեստում բենզին են տրամադրում։ Դավիթը ևս շտապեց այնտեղ, որ կարողանա վառելիք ձեռք բերել։ Հազարավոր մարդիկ էին հավաքվել այնտեղ։ Ցավոք, այդ օրը ճակատագրական եղավ հարյուրավոր արցախցիների համար։

Երբ լսեցի պայթյունի մասին, անմիջապես վազեցի Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, որովհետև ասում էին, որ այնտեղ վիրավորներ են բերում։ Հիվանդանոցում խառնաշփոթ ու դժոխային վիճակ էր։ Երբևէ մտքովս չի անցել, որ նման տեսարանների ականատես կլինեի․ այդպիսի տեսարաններ միայն սարսափելի ֆիլմերում կարելի էր տեսնել։ Այն, ինչ տեսա, բառերով հնարավոր չէ նկարագրել։ Կրակի միջից փրկված մարդիկ փրկություն էին աղերսում։ Ցավն ու շոկային վիճակն այնքան ուժգին էր, որ չէին զգում, որ իրենց մարմնի մասերը հալվում են։ Այդ տեսարանը երբեք չեմ կարող մոռանալ․․․

Տեսա, որ այդտեղ չեմ կարող ամուսնուս գտնել, վազեցի մանկական հիվանդանոց, որտեղ համեմատաբար թեթև վիրավորներին են տեղափոխել։ Ամուսինս այնտեղ չէր։ Հոգուս խորքում հույս էի փայփայում․ մտածում էի՝ գուցե որևէ տեղ անգիտակից վիճակում է, կամ էլ այլ հիվանդանոցում։ Անընդհատ նայում էի թարմացվող ցուցակները․ ոչ մի տեղ չկար։ Միևնույն է՝ հույսս չէի կորցնում, որ կենդանի է։

Սեպտեմբերի 30-ին եկանք Երևան։ Դեռևս տուն չէինք վարձակալել։ Հավաքվեցինք ամուսնուս քրոջ տանը և սկսեցինք շարունակել փնտրտուքները՝ մտածելով, որ գուցե անգիտակից վիճակում էր և ուշքի է եկել։ Ցավոք, հրաշք տեղի չունեցավ։ Մեզ զանգեցին դատաբժշկական կենտրոնից ու ասացին, որ պետք է ԴՆԹ նույնականացման համար թեստ հանձնվի։ Հոկտեմբերի 4-ին տղաս և ամուսնուս մայրը գնացին թեսթ հանձնելու։ Ծանր ապրումներով սպասում էինք պատասխանին, միաժամանակ շարունակում հուսալ։ Նոյեմբերի 6-ին զանգեցին ու մեզ տեղեկացրին, որ պատասխանը դրական է․․․

Շրջափակում, պատերազմ, մահաբեր պայթյուն, գաղթի ճանապարհ տեսած ու ամուսնուն կորցրած Ալյոնայի համար սկսվեց կյանքի նոր շրջան՝ ծանր ու անտանելի

-Սկսեցի տուն փնտրել։ Բնակարանների վարձավճարներն աստղաբաշխական թվերի էին հասել։

Ճիշտ է, իմ երեխաները չափահաս են, բայց նրանք չեն կարող այնպիսի աշխատանք գտնել, որ եկամուտները հերիքեն տան վարձավճար տալու և լիարժեք ապրելու համար։ 19 տարեկան երիտասարդը ինչպե՞ս կարող է տան տղամարդու հոգսերը լիարժեք հոգալ։ Ինքս աշխատանք եմ գտել, սակայն աշխատավարձն այնքան է ցածր, որ դրանով հնարավոր չէ ապրել։ Երեխաներիս հետ, եթե բոլորս անգամ աշխատենք, ապա կկարողանանք տալ ընդամենը տան վարձավճարը, գուցե նաև կոմունալ ծախսերն ու մնալ դատարկաձեռն։ Ինչպես արցախցիներից շատերը, մենք նույնպես ստիպված ենք լինելու փնտրել ավելի ցածր վարձավճարով բնակարան, որը, համոզված եմ, դժվար կգտնենք։

Կառավարության կողմից տրամադրվող բնակապահովման ծրագրից դեռևս չեմ կարող օգտվել, որովհետև իմ ընտանիքն ընդգրկվում է 3-րդ խմբի մեջ։

Արցախցին իր փրկությունը Մայր Հայաստանում է տեսել ու այստեղ հանգրվանել։ Արցախցին հավատացել է, որ Հայաստանի կառավարությունը սատար կկանգի իրեն։

Ալյոնա Գրիգորյանի ընտանիքը մեկն է 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած ընտանիքներից, որ այսօր ոչ մի կարգավիճակ չունի։ Այդ խնդրով նրանք բազմիցս նամակներ են ուղղել պատկան մարմիններին, սակայն մինչև այսօր հարցը մնացել է անլուծելի։ Ինչպե՞ս ապրեն այդ ընտանիքները․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930